
«Կծխե՛ս էլ, պլա՛ն էլ կքաշես, կծակվե՛ս էլ». սիբիրյան գաղութներով անցածի կանխատեսումները
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Մահապատժի դատավճռից 7 տարի անց միայն Գորիսի բանտում առաջին անգամ կարողացա մոտենալ ընտանիքիս անդամներին, կարողացա նստել հարազատներիս ու ինձ անակնկալ տեսակցության եկած բժշկական համալսարանի ուսանող ընկերներիս կողքին: Զգացի, որ զարմացած ձեռքերիս են նայում, հասկացա՝ դաջվածք են փնտրում. չկային ու հիմա էլ չկան:
40 ու բարձր տարիքի դատապարտյալներին սկզբում «Դուք»-ով էի դիմում, բայց ինձ ասում էին` մոռացի՛, բանտում տարիք չկա… իսկ մահապատժի խցում սիբիրյան գաղութներով անցածն ասաց` ոչի՛նչ, մի քանի ամիս հետո քո ամեն երկրորդ բառն էլ քֆուր կլինի՛, կծխե՛ս էլ, պլա՛ն էլ կքաշես, կծակվե՛ս էլ: Անցել է 23 տարի, բայց կանխատեսումներից ոչ մեկը իրականություն չի դարձել: Բանտը ինձ չդարձրեց ո՛չ թմրամոլ, ո՛չ հայհոյախոս, ո՛չ դաջվածքներով պատված, ո՛չ էլ հանցավոր ուղին բռնած անձ: Ընտրության հարց է՝ կամ ընտրում ես այդ ճանապարհը, կամ գնում այլ ուղով: Ընտրեցի այն, ինչ սկսել էի ֆիզիկական ազատության մեջ՝ գիտություն, ուսում, ինքնաճանաչում:
Երբ իրավաբանի մասնագիտությունն էի ընտրել, բուհ ընդունվել, ոմանք ասում էին` փաստորեն մե՞նթ ես դառնում: Դե՛, չէին գիտակցում ո՛չ մենթի ու ոստիկանի, ո՛չ էլ ոստիկանի ու իրավաբանի տարբերությունը: Բայց հիմա բազմաթիվ դատապարտյալներ դիմում են իրավաբանական խորհրդատվության համար:
Երբ տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ եվրոպական, բանտ են այցելում և հանդիպումներ են լինում, ասում եմ` մոտեցե՛ք խցերի դռներին, դիտանցքից նայեք կամ ներս մտեք-տեսեք՝ ինչով են հիմնականում զբաղվում ազատազրկվածները: Ցավալի է՝ հազարավոր հասուն տղամարդիկ բանտերում ու գաղութներում մատնված են անգործության: Նման պայմաններում նույնիսկ ինչ-որ մասնագիտություն ունեցողները տարիների ընթացքում կորցնում են հմտությունները: Պատժի բուն նպատակի`դատապարտյալի ուղղման, վերականգնման և հասարակություն վերադարձնելու ամենակարևոր պայմանը աշխատանքն է: Առանցքային է հարգալից վերաբերմունքը մարդու նկատմամբ, անկախ նրանից, որ դատապարտյալ է: Հարգելով դիմացինի արժանապատվությունը` բանտի աշխատակիցները ստանում են փոխադարձ հարգանք: Այս մեթոդը փաստացի բերել է կրկնահանցագործության գրեթե զրոյական տոկոսի իրավական պետություններում:
Նոր Հայաստանում նոր մոտեցումներ են պետք` ուսման, աշխատանքի, դրական վարքագծի հաճախակի խրախուսում: Իմացա, որ ցմահ բանտարկյալ Արսեն Արծրունին դիմել էր դատարան, և դատարանը պարտավորեցրել է մեկուսարանի վարչակազմին հետին թվով խրախուսել Արսենին ուսման համար: Ներկայումս օրենքը թույլ է տալիս տարվա կտրվածքով 2 անգամ խրախուսել. կարծում եմ՝ հարկավոր է այս ինստիտուտը հատկապես ցմահների նկատմամբ, առավել գործուն դարձնել նաև այն առումով, որ հենց օրենքի համաձայն` խրախուսելով կարելի է փոխել պահման խիստ ռեժիմն ավելի մեղմով, ինչը երբեք չի կիրառվել:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի վերջին հարցազրույցներն եմ լսում: Նա մատնանշելով եվրոպական երկրների և ՄԻԵԴ-ի մոտեցումը՝ արդարացիորեն ընդգծում է, որ ցմահ բանտարկություն չի նշանակում, թե դատապարտյալը մինչև կյանքի վերջ պետք է մնա բանտում: Քաղաքակիրթ երկրները վաղուց կիրառում են ճկուն մեխանիզմներ`ցմահ ազատազրկվածները վերադառնում են հասարակություն, և փորձը ցույց է տալիս` հենց այս խմբի պարագայում կրկնահանցագործությունները զրոյական են:
Հուսով եմ, որ Նոր Հայաստանում վերջապես կսկսի հատկապես կասկածելի մահապատժի դատավճիռների վերանայման գործընթացը: Անմեղ դատապարտված, կամ չափազանցված խիստ, անհամաչափ ցմահ ազատազրկում պատիժը կրողների մի շարք գործերին անպայման պետք է անդրադառնալ: Սակայն առավել շտապ անհրաժեշտ է այս հարցը լուծել հենց մահապատժի դատավճիռների հետ կապված՝ այն պարզ պատճառով, որ մեր այս խումբը արդեն իսկ 20 և ավելի տարի պատիժ ենք կրում, այն էլ մեկ տասնամյակից ավելի եղել ենք ամենածայրահեղ անմարդկային պայմաններում: Հեղափոխական իշխանությունները պետք է հեղափոխական մոտեցումներ ցուցաբերեն նաև այս բազմաչաչար խնդրում: Սիրո, ոչ բռնի հեղափոխությունը քրիստոնեկան սկզբունքների վրա հիմնված մարդասիրական ներման ինստիտուտը առայժմ չկիրառեց: Ե՞րբ կլինի իրապես արդար դատաքննության իրականացումը և դատական սխալների ճանաչումը հին ժառանգության գործերով:
Հ.Գ. Ասեմ, որ գրավոր դիմել էի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին` ծառայողական քննություն անցկացնելու համար, որպեսզի բացահայտվի Ներման հանձնաժողովի արտահոսքի աղբյուրը, պատճառը: Ինչպես գիտեք՝ գաղտնի գործընթացի վերաբերյալ արտահոսք էր եղել`տուժող կողմին հայտնել էին ոչ միայն գործընթացի, նիստի, այլ նաև միայն իմ հարցի վերաբերյալ արդյունքի մասին և դրանով խոչընդոտել սահմանադրական իմ իրավունքի իրացմանը: Նախարարի տեղակալից ստացել եմ գրություն: Նշված է, որ հանձնաժողովը ձևավորվել է վարչապետի որոշմամբ, միևնույն ժամանակ ինձ հայտնել են, որ Արդարադատության նախարարը, լինելով Հանձնաժողովի նախագահ, յուրաքանչյուր նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է, որ նիստի ընթացքում ուսումնասիրվող նյութերը գաղտնի են և ենթակա չեն հրապարակման: Այսինքն, մի կողմից ինձ հայտնում են գաղտնիության մասին, ինչը ես մատնացույց եմ արել, մյուս կողմից՝ փաստացի չեն կատարում ծառայողական քննություն պարզելու՝ ով կամ ովքեր են հանձնաժողովի այն անդամը(ները), որ Արադարադատության նախարար, հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանի խոսքը, վարչապետի հաստատած աշխատակարգը խախտել է(են) միգուցե շահադիտական կամ անձնական բնույթի այլ դրդապատճառով` միայն իմ հարցի քննարկման մասին տեղեկացնելով այս գործընթացի կողմ չհանդիսացող անձանց: Անկասկած, այս հարցով գրավոր դիմել ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անհրաժեշտ է ծառայողական քննություն անցկացնել, քանի որ հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Վարչապետը, որը պնդում է, որ կառավարությունում և իր շրջապատում կոռուպցիան բացառվում է, սակայն ինձ ներում շնորհելու գործընթացին ապօրինի միջամտելը`գաղտնիության ռեժիմը խախտելը պարունակում է այս կամ այն տեսքով կոռուպցիոն ռիսկ: Այս հարցի` ծառայողական քննություն անցկացնել-չանկացնելու, արտահոսքի աղբյուրը բացահայտել-չբացահայտելու մասին ես անպայման իմ նամակ-հոդվածներում կտեղեկացնեմ:
Մեկնաբանել