HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ դատի լուծումը հնարավոր է

Հակոբ Ավետիքյանը՝ Հայ դատի պաշտպան, ՌԱԿ գործիչ, հրապարակախոս, ժամանակակցիների գնահատմամբ` հայ խոշորագույն խմբագիրներից մեկի` լիբանանահայ «Զարթօնք» պարբերականի խմբագիր Գերսամ Ահարոնյանի մասին: Ընդհանուր...

-Գերսամ Ահարոնյանի հետ աշխատել եմ 1977 թ.-ից: Օգնականն եմ եղել: Ինքը իմ վարպետն է լրագրության մեջ և միաժամանակ` իմ ուսուցիչը դպրոցում. անգլերեն համաշխարհային պատմություն, աշխարհագրություն էր տալիս:

Իբրև մտավորական…

- Մեծ փորձվածության տեր մարդ էր` խելացի, վճռական, ընդհանրացնող մտավոր ուժ ուներ, որ կարող էր ընդհանրացնել ամեն ինչ: Ջիղ ուներ. իր դավանած գաղափարները կարող էր մինչև վերջ պաշտպանել և պաշտպանել տրամաբանված:

Իբրև խբմագիր …

- Տարբերվում էր մեր շատ -շատ խմբագիրներից. համաշխարհային պատմությանը և պրոցեսներին մոտիկից հետևող անձնավորություն էր: Այսինքն` նա միաժամանակ համաշխարհային մամուլ էր կարդում: Էդ թվականին շատ քչերն էին էդպես. կարողություն չունեին, իսկ ինքը ֆրանսերենին, անգլերենին չափազանց լավ էր տիրապետում և հետևաբար ամբողջ էդ պրոցեսներին հետևում էր:

Ազգային նկարագրով և մտածողությամբ…

- Եղել է ճիշտ այն, ինչ-որ ռամկավարներն են, այսինքն` աջ մտածողության տեր, ազատ շուկայական հարաբերությունների ջատագով:

Քաղաքական կողմնորոշումը...

- Ընդհանուր քաղաքականության մեջ նա ռուսական օրիենտացիայի հավատացող էր:

Հայ ժողովուրդն ապահով է Խորհրդային Հայաստանում…

- Ուներ վեհ գաղափարական մոտեցում. հավատացած էր, որ Խորհրդային միության մեջ հայ ժողովուրդը կարող է ապրել ապահով (խոսքը ֆիզիկական ապահովվածության մասին է): Միայն Խորհրդային Հայաստանում կարելի էր ունենալ մշակույթի, տնտեսության աճ: Նա ասում էր, որ այս երկիրը, ճիշտ է, գաղափարապես այլ ռեժիմով է, էստեղի վարչակարգը այլ է, մեզ համար` անընդունելի, բայց էստեղ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն է պաշտպանվում, մշակույթի հետագա գոյությունն ու տնտեսության աճն է պաշտպանվում:

Միաժամանակ ուներ քննադատական մոտեցում. այն է՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարները միշտ չէ, որ օգտագործում են բոլոր հնարավորությունները` երկիրը ավելի զարգացնելու: Ինքը գտնում էր, որ այնքան ժամանակ, որքան Ռուսաստանը խորհրդային է, Հայաստանը չի կարող այլ կողմնորոշում ունենալ: Այն ժամանակ շատ դժվար էր տեսնելը Խորհրդային կազմից դուրս Հայաստան, ինքը հավատացած էր, որ պիտի դա երկար շարունակվի:

Իբրև Հայ դատի պաշտպան…

- Իր ջանքերով ստեղծեց Միջկուսակցական համակարգող խորհուրդ, այսինքն` երեք հայկական կուսակցությունները` Դաշնակցությունը, Հնչակյանները և Ռամկավարները կազմեցին միացյալ մարմին, որը եղեռնի 50-ամյակին կազմակերպեց բոլոր նշումները. իր մոտ ստացվում էր այդ ամբողջը… Ըստ նրա` «Թուրքիան մեր հողերը գրավել է թշնամաբար, Ադրբեջանը գրավել է եղբայրաբար, իսկ Վրաստանը` բարեկամաբար»,- սրանք «Խոհեր...» գրքի վերջին բառերն են...

Հայ դատի լուծումը հնարավոր է…

- Հայ դատը կարելի է լուծել, իր ավարտին հասցնել բարեհաջող կերպով, եթե Հայաստանը հզորանա, զարգանա տնտեսապես, գիտականորեն և ընդհանրապես դառնա զարգացած: Հրեաները 2000 տարի ասում էին` հաջորդ տարի Երուսաղեմում, ինքն էլ նույնի կրկնությունը հայկական իրականությանը դարձրեց` «Գալ տարի Վանի մեջ»…. մենք էդպես պետք է իրար ողջունենք:

Նա հավատում էր, որ Հայ դատը անպայման լուծում կգտնի, Ցեղասպանությունը կճանաչվի, Թուրքիան կդատապարտվի, և մի օր լավ առիթ կներկայանա, ու մեզ կհաջողվի Վանում հավաքվել: Նա կրկնում էր, որ սա կարող է վաղը չպատահի, պատահի հեռավոր ապագայում, բայց սա էսպես պետք է լինի…

Կյանքի վերջում գրելու էր Ժողովրդական պատմություն

- Ես կարող եմ դա ասել, դա ոչ մի տեղ գրված չէ… նա մտածում էր, որ ինքը պետք է գրի հայ ժողովրդի Ժողովրդական պատմություն: Նպատակն էր ոչ թե էնտեղ խիստ գիտականորեն, տողատակերով, մեջբերումներով և այլն ներկայացնել, այլ վերջին շրջանի բուն պատմությունը տալ, այսինքն` 100 տարվա պատմությունը` սկսելով Բեռլինի վեհաժողովից և շարունակելով մինչև իր ժամանակը:

Ինձ ասում էր, որ ինքն այնտեղ տալու է նաև Հայաստանի առաջին հանրապետության 2,5 տարվա պատմությունը, ու տալու է, այնպես, ինչպես որ ինքն է տեսել: Սովորություն կար` ոչ դաշնակցական պատմաբանները դրա վրայով ցատկ էին կատարում, անտեսում էին, իսկ ինքն ասում էր, որ պիտի գրեմ էդ մասին, որովհետև դա հետաքրքրական երևույթ է, դա մեր պատմության մասն է կազմում. այդ ժամանակ մենք  ունեցել ենք հաջողություններ և չենք կարող անտեսել այդ ամենը:

Տաթև Խաչատրյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Լուսանկարում Գերսամ Ահարոնյանը՝ աջից երկրորդը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter