HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանի պնդմամբ` կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի մոտ ոչ թե 2500, այլ 2400 ԱՄՆ դոլար գումար է եղել

Մարտի 27-ին ձերբակալված դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ  կետերով` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը: «Հետք»-ը զրուցել է դատավորի պաշտպան Կրոմվել Գրիգոյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, Գագիկ Հեբոյանին բերման ենթարկելիս ԱԱԾ աշխատակիցների վերաբերմունքը նրա նկատմամբ նորմա՞լ է եղել, դժգոհություն չի՞ հայտնել:

-Նորմալ է եղել վերաբերմունքը, մեքենան կանգնեցրել են ու անձնական խուզարկությամբ` հայտնաբերել գումար:

-Մեղադրյալի կարգավիճակում Հեբոյանը ցուցմունք տվե՞լ է: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերված գումարի չափը եղել է 2500 ԱՄՆ դոլար: Այս հանգամանքը ճի՞շտ է:

- Նրա մոտ 2400 ԱՄՆ դոլար գումար է եղել: Այո՛, մեղադրյալի կարգավիճակով ցուցմունք տվել է: Ըստ Գագիկ Հեբոյանի ասածի՝ դա փաստաբան Վահագն Դանիելյանի կողմից իրեն տրված պարտքի մի մասն է եղել:

-Ըստ դատավորի` որքա՞ն գումար է իրեն պարտք եղել փաստաբան Վահագն Դանիելյանը: Ի՞նչ հանգամանքներում է գումար տվել փաստաբանին:

-2018 թվականի դեկտեմբեր ամսին փաստաբանն անձնական կարիքների համար 3000 ԱՄՆ դոլար գումար է խնդրել Գագիկ Հեբոյանից, ինքն էլ տվել է:

-Պարո՛ն Գրիգորյան, ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել է, որ մինչև ձերբակալելը տվյալներ է ունեցել դատավորի կողմից կաշառք պահանջելու մասին, և հանցակից փաստաբանի միջոցով կաշառքի գումարը փոխանցվել է դատավորին ԱԱԾ-ի վերահսկողության ներքո:

-Ես չգիտեմ, թե ԱԱԾ-ն ինչ է արել, փաստաբանը որքանով է խառնված նրանց միջև, բայց որ Գագիկ Հեբոյանը գնացել է պարտքը վերցնելու, դա միանշանակ այդպես է:

-Դատավորն ի՞նչ հարաբերություններ է ունեցել փաստաբան Վահագն Դանիելյանի հետ:

-Նորմալ հարաբերություններ է ունեցել, եթե  նորմալ չլիներ, 3000 ԱՄՆ դոլար պարտքով գումար կտա՞ր:

-Տեղեկություններ էին շրջանառվում, որ Վահագն Դանիելյանը չէր հայտնաբերվում: Դուք ունե՞ք հստակ տեղեկություն` ի վերջո նա հայտնաբերվել, բերման ենթարկվել կամ ներկայացե՞լ է վարույթն իրականացնող մարմնին:

-Մենք չգիտենք` հայտնաբերվել է, թե՞  նա ի սկզբանե նրանց մոտ է գտնվում և մշակման ենթարկվում: Չի բացառվում, որ պատրաստում են, որպեսզի դատավորի դեմ ցուցմունք տա:

-Եթե ասում եք, որ Հեբոյանն ու Դանիելյանը նորմալ հարաբերություններ ունեն, ինչո՞ւ պիտի վերջինս դատավորի դեմ ցուցմունք տա:

-Դե այդ պայմաններում կարող է նորմալ հարաբերությունը մոռանալ ու նրա դեմ ցուցմունք տալ:

-Ըստ քննություն իրականացնող մարմնի` Գագիկ Հեբոյանն ումի՞ց է կաշառք պահանջել:

-Դա այն քաղաքացին է, ում դեմ Հեբոյանը վճիռ է կայացրել` Բենիկ Հարությունյան:

-Ըստ քննություն իրականացնող մարմնի` Գագիկ Հեբոյանը քաղաքացուց ստացե՞լ է այնքան գումար, որքան պահանջել է:

- Ըստ մեղադրանքի`պահանջել է 3500 ԱՄՆ դոլար, ապա սակարկել են 2500-ի:

-Քաղաքացին ԱԱԾ-ում հաղորդումը ե՞րբ է ներկայացրել:

- Մարտի 18-ին դատավորը նրա մասնակցությամբ գործով վճիռ է հրապարակել և մերժել հայցը, մարտի 25-ին քաղաքացին գնացել, հաղորդում է տվել: Երբ Հեբոյանը գնացել է պարտքի գումարը վերցնելու, փաստաբանի մոտ մշակված գումար է եղել. չի բացառվում, որ նաև փաստաբանն է ԱԱԾ-ի հետ համագործակցել:

-Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` Հեբոյանը կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո է ձերբակալվել: Ստացվում է, որ գումարը նրան տրվել է մարտի 27-ին` ձերբակալման օրը: Եթե Հեբոյանը մարտի 18-ին արդեն իսկ վճիռ էր կայացրել Բենիկ Հարությունյանի դեմ, ապա, ըստ քննություն  իրականացնող մարմնի` ինչո՞ւ էր քաղաքացին նրան մարտի 27-ին կաշառք տալիս:

-Տրամաբանություն չկա. մարդու պահանջը մերժել է, ինչո՞ւ պիտի կաշառք տա:

-Հատուկ քննչական ծառայությունը Հեբոյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրե՞լ է դատարան:

-Այո՛, միջնորդությունն այսօր է քննվում:

-Դուք նրա ձերբակալման դեմ բողոք ներկայացրե՞լ էիք:

-Ո՛չ

 

Լուսանկարում ձախից` Կրոմվել  Գրիգորյանը, աջից` Գագիկ Հեբոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter