HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակի մարզում

Փետրվարի 12-ին Շիրակի մարզի 8 համայնքներում' Բասեն, Վահրամաբերդ, Գառնառիճ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետավան, Պեմզաշեն եւ Տուֆաշեն, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս համայնքներում ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 23 թեկնածու: Ինչպես հայտնի է, Ընտրական նոր օրենսգիրքը համայնքապետի պաշտոնի համար պարտադրում է մեկից ավելի թեկնածու. մրցակից չլինելու դեպքում՝ թեկնածուին պարզապես չեն գրանցում:

Մարզի 8 համայնքներում օրենքի տառը պահպանելու նպատակով գործող գյուղապետերի դեմ իրենց թեկնածությունն էին դրել հիմնականում վերջիններիս աշխատակիցները կամ ավագանու անդամներ:

Երկու թեկնածուներ պայքարելու են Վահրամաբերդ համայնքի ղեկավարի պաշտոնի համար. ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Աղվան Մարտիրոսյանը և անկուսակցական, Վահրամաբերդի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ Սեդրակ Գևորգյանը:

Բասենի գյուղի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ՀՀԿ անդամ, համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը և անկուսակցական, գյուղապետի տեղակալ Արշակ Խաչատրյանը:

Պեմզաշենի գյուղապետի պաշտոնին հավակնում են ՀՀԿ անդամ, ճարտարագետ, չափագետ Երվանդ Միքայելյանը, անկուսակցական, համայնքի գործող ղեկավար Անանիկ Ոսկանյանը և ՀՀԿ անդամ Ալբերտ Պետրոսյանը:
Գառնառիճի գյուղապետի պաշտոնի համար պայքարելու են ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Մանվել Ղազարյանը և ՀՀԿ անդամ, Գառնառիճի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վանիկ Մանուկյանը:

Առաջադրման առումով գրեթե նույն պատկերն է Շիրակ գյուղում: Այստեղ համայնքի ղեկավարի թեկնածուներն են անկուսակցական, Շիրակի գյուղապետարանի առաջատար մասնագետ Կարապետ Հակոբյանը և ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Խորեն Հարությունյանը:

Գեղանիստում պատկերը մի փոքր փոխվում է: Այստեղ գյուղապետ են ցանկանում դառնալ ՕԵԿ անդամ, նույն համայնքի միջնակարգ դպրոցի զինղեկ Արտյոմ Ալեքսանյանը, անկուսակցական, համայնքի գործող ղեկավար Աղասի Ղազարյանը և ՀՅԴ անդամ Մանվել Ղազարյանը:

Նահապետավանում համայնքի ղեկավարի թեկնածուներն են անկուսակցական Գոռ Պետրոսյանը և ՕԵԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Սաշա Վարդանյանը:

Մարզի Արթիկի տարածաշրջանի Տուֆաշեն համայնքում եւս սպասվում են ընտրություններ' պայմանավորված նախկին ղեկավար Համազասպ Մխիթարյանի հրաժարականի դիմումի հետ: Այստեղ համայնքապետի պաշտոնում առաջադրվել էին ավագանու անդամ, ՀՀԿ-ական Արտակ Եգորյանը, աշխատակազմի քարտուղար, ՕԵԿ կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Հարությունյանը եւ ավագանու անդամ, անկուսակցական Յուրա Կիրակոսյանը: Ընտրություններից 10 օր առաջ վերջին երկու թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել եւ փետրվարի 12-ին տուֆաշենցիները կընտրեն իրենց միակ թեկնածուին' իշխող կուսակցության ներկայացուցիչ Արտակ Եգորյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter