
Կենդանաբանական այգու վագրը լեյկոզով է ախտորոշվել
Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ կային: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր:
Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրը դրսևորեց կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն նկատեցին:
Հրավիրվեց օնլայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվեց թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար:
Սոնոգրաֆիան ի հայտ բերեց, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց լեյկոզ:
Ախտորոշումից հետո կրկին հրավիրվեց օնլայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն մեր գործընկերները` իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Մեկնաբանել