HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ

«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձեւաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձեւակերպել եմ. մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։

«Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, … որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝  Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Այս հայտարարություններին հայ քաղաքագետները հիմնականում դրական արձագանքեցին. պաշտպանողական ռազմավարությանը կփոխարինվի հարձակողական, մարտերը հակառակորդի տարածք տեղափոխելու գործողություններով:  Պաշտպանության նախարարի՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց հայտարարությունն առավել ծանրակշիռ կլինի, եթե հիմքում լինեն քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, ռազմական, դեմոգրաֆիկ ոլորտի հաջողություններ: Եվ այս ամենին գումարած՝  առաջնագծում կանգնած զինվորների քաջությունը:

Ապրիլյան պատերազմից առաջ պետական քարոզչամեքենան հավաստիացնում էր, թե ֆինանսական ողջ ռեսուրսները, անգամ կոռուպցիոն մեխանիզմներից ստացված գումարներն, իբրև թե, հոսում են բանակ, որ բանակն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով: Պատերազմը ցույց տվեց, որ բանակում միակ վստահելի ու անխափան աշխատող ռեսուրսը զինվորների անձնազոհությունն է:

Ի՞նչ կա պաշտպանության նախարարի կարևոր այս հայտարարության թիկունքում, և որքանո՞վ է հնարավոր իրականացնել այս մարտավարությունը՝ դեռևս չունենալով հստակ քաղաքական գնահատական՝ ինչու՞ տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմը: Դա երրորդ կողմի (քաղաքագետները Ռուսաստանի անունն էին հնչեցնում) ու Ադրբեջանի միջև նախապես համաձայնեցված ծրագի՞ր էր, որը տապալեցին հայկական բանակի զինվորները՝ իրենց կյանքի գնով: Այո՞: Ո՞չ:  

Հայաստանի ղեկավարությունը նախապես տեղյակ եղե՞լ է հարձակման մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ի դեկտեմբերի 19-ին ասաց, թե 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ գաղտնի նյութեր է կարդացել և դրանցում չի գտել հետախուզական տվյալների պակաս: Այսինքն՝ Գերագույն գլխավոր հրամանատարին հետախուզությունը զեկուցել է հնարավոր լայնամասշտաբ դիվերսիայի մասին, որին, փաստորեն, համարժեք արձագանք չի եղել: Այո՞: Ո՞չ:

Պատերազմից որոշ ժամանակ անց համացանցում տարածվեց տեսանյութ՝ կադրերով, թե ինչպես են ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, Թալիշ գյուղի հարևանությամբ ադրբեջանցիները հայկական պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարժվում: Զինվորները փորձում են կապվել ղեկավարության հետ, տեղյակ պահել, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն են խնդրում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք: Դիրքապահ զինվորները հայհոյում են կրակել արգելողներին, իսկ հակառակորդը առաջ է շարժվում:

Այդպես էլ անպատասխան մնաց տեղեկությունը, թե հայկական կողմը ապրիլի 5-ին հարձակման էր անցել և պատրաստ էր վերադարձնել կորցրած դիրքը, սակայն հարձակումը, անհասկանալի պատճառով, կասեցվեց: Այդ մասին որոշակի տեղեկատվություն է հաղորդում ապրիլի 28-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանի հարցազրույցը՝  «Ազատություն» ռ/կ-ին: Նա պատմեց նախագահ Սերժ Սարգսյանի և  ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման մասին՝ ասելով, թե, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի,  քառօրյա պատերազմում Հայաստանը կարող էր նոր հաջողություններ արձանագրել, սակայն «Ռուսաստանի հեղինակավոր դերն ու նշանակությունը հաշվի առնելով»՝ ընդառաջ է գնացել Ռուսաստանի խնդրանքին ու համաձայնել է Ադրբեջանի հետ զինադադարին:

Քառօրյա պատերազմի օրերին ուղղակի տեղեկատվական քաղց էր. առաջնագծի հետ կապող երկու բարակ թել կար՝ ՀՀ ՊՆ խոսնակը և ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Չկար համակարգող կենտրոն, շտաբ, որը հստակ ծրագիր ներկայացներ՝  նման իրավիճակներում ի՞նչ է ակնկալվում թիկունքից: Զինվորական հմտություններ ունեցող տղամարդիկ շտապում էին առաջնագիծ, բայց հստակեցված չէր՝ նրանց կարիքը կա՞, և եթե այո, հատկապես որտե՞ղ:  Տարերայնորեն ձեւավորվեցին առաջնագիծ մեկնող կամավորականների ջոկատներ: Սիսիանի ջոկատի ազատամարտիկների ավտոբուսը, տեղ չհասած, ռմբակոծվեց հակառակորդի անօդաչու սարքից, հինգ հոգի զոհվեց:

Այսօր էլ, երբ, ինչպես ռազմական փորձագետներն են պնդում,  լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը բացառված չէ, կա՞ գործողությունների մշակված ծրագիր ՝ որքանո՞վ է պաշտպանված առաջնագծի զինվորը չհիմնավորված մահից, ի՞նչ է ակնկալվում թիկունքից՝  մասնագիտական, նյութական, կազմակերպչական առումով:

Արցախում պարբերաբար «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշաններով քաղաքացիական պաշտպանության մարզումներ են անցկացվում: 

Մարտի 30-ին՝ նման մարզումից հետո, ահա թե ինչ է գրել արձակագիր, հրապարակախոս Վարդգես Օվյանը՝ իր ֆեյսբուքյան էջում (գրառումը հրապարակում ենք հեղինակի համաձայնությամբ). «Վերջին մեկ տարում սա երրորդ թե չորրորդ օդային տագնապն էր Ստեփանակերտում։ Ոստիկանական ավտոմեքենան շրջում էր մեր թաղամասում և անընդհատ հայտարարում օդային տագնապի մասին՝ խնդրելով «կանգնեցնել երթևեկությունը, անցնել թաքստոցներին։

Արդեն շարքային քաղաքացու համար պարզից պարզ է, որ սա ակնհայտ ձևականություն է։ Վերևում ինչ-որ տեղ այս հույժ կարևոր պաշտպանական միջոցառման կապակցությամբ մի «գալոչկա» կդնեն և վերջ։

Մեր շենքի 4 շքամուտքերի նկուղների բանալիները գտնվում են հարևան շենքերից մեկում բնակվող թաղկոմի մոտ։ Եթե հանկարծ մի բան պատահի, պետք է բոլորս վազենք, գտնենք նրան ու խնդրենք մեզ տալ մեր նկուղի բանալին։ Ի դեպ, հիշեցնեմ, որ թշնամու ինքնաթիռը մի քանի րոպեում սահմանից կարող է հասնել Ստեփանակերտ...

Մի հավելում էլ. երբ կես ժամ շարունակ փողոցում հայտարարում էին «թաքստոցներ անցնելու» մասին, այդ պահին մեր փոքրիկն իջել և լուսանկարել է մեր շքամուտքի «թաքստոց»-նկուղի դուռը՝ կողպեքը փառահեղ բազմած վրան...

Երևի հավես է, և գերագույն հաճույք ենք ստանում ամեն քայլափոխի ինքներս մեզ խաբելուց։ Այդ թվում՝ պաշտպանության հարցում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter