HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Լիլիթ Գալստյանի բաց նամակը` քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հարգելի պրն Մարգարյան,

Օրեր առաջ, երբ Աբովյան փողոցից ապամոնտաժվեցին մայրաքաղաքի կենտրոնին անհարիր տաղավարներն ու կրպակները, շտապեցի ողջունել Ձեր որոշումը՝ համոզված լինելով, որ այդուհետ ևս սրտացավ ու հետևողական մոտեցում կցուցաբերեք մայրաքաղաքի կառուցապատմանն ու քաղաքաշինական լուծումներին։ Ուզում էի հավատալ, որ վերջապես կհարգվեն Երևանցիների և մեր սիրելի մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական ու մշակութային խնդիրները։

Ավաղ, համոզումս շատ կարճ տևեց, որովհետև ընդամենը մի քանի օր հետո այդ նույն, մայրաքաղաքի կենտրոնին անհարիր, տոնավաճառային տաղավարները քաղաքապետարանի (կամ քաղաքապետի) որոշումով հայտնվեցին Երևանի մայր պողոտայի հարևանությամբ՝ Մաշտոցի պուրակում։ Ցավալին նաև այն է որ շրջանառվում է քաղաքապետարանի մեկնաբանությունը, թե պուրակը կանաչ գոտի չէ և ոչ էլ՝ հանրային օգտագործման տարածք։

Ի՞նչ ենք անում։ Չեմ կարող այս հռետորական հարցը չհնչեցնել բոլոր երևանցիների անունից։ Այսօր, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն են ու գլոբալ տաքացման դեմ պայքարը, ինչո՞ւ ենք շարունակում առանց այն էլ կառուցապատման բարձր խտություն ունեցող Երևանի կենտրոնի գերծանրաբեռնումը։ Չէ՞ որ առանց այդ էլ չհամակարգված կառուցապատման արդյունքում մայրաքաղաքը էկոլոգիական աղետի գոտու վերածման ճանապարհին է։

Արդյո՞ք չենք կարևորում հանգամանքը, որ արդեն իսկ տրանսպորտային գերծանրաբեռնվածություն ունեցող կենտրոնում լրացուցիչ խցանումների օջախ ենք առաջացնում։

Ինչու՞ չենք հարգում մեր հայրենակիցների, մեր հասարակության կարծիքն ու իրավունքները։

Ինչու՞ ենք խախտում ՀՀ օրենքներ ու միջազգային բնապահպանական համաձայնագրեր։

Ինչու՞ չենք առաջնորդվում հանրային շահով ու ամեն անգամ մեկ- երկուսի բիզնես շահը գերադասում քաղաքակիրթ քաղաք ունենալու ձգտումին։

Ո՞ւր մնացին մեր քաղաքային արժանապատվությունն ու մշակույթը։

Միթե՞ այդ թիթեղյա, անշուք տաղավարներն ու հին շոր- հին կոշիկ վաճառող խանութներն են զարդարելու մեր մայր պողոտայի պուրակը, երբ հայ գրատպության 500 ամյակի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված գրքի մայրաքաղաքի տարում, Երևանում երկու-երեք գրախանութ էլ չունենք։

Միթե՞ Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության հայեցակարգում որպես հիմնարար արժեք ամրագրված ներկա և գալիք սերունդների համար բարենպաստ միջավայրի ձևավորման հանձնառությունը սոսկ թղթին մնացած ճշմարտություն է։

Արդյո՞ք նույնքան էլ թղթային ճշմարտություն է Սահմանադրության 3-րդ հոդվածը՝ համաձայն որի պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներւվ և ազատություններով՝ որպես անմիջական գործող իրավունք։

Սիրելի և հարգելի քաղաքապետ, Դուք, որ ապացուցեցիք, որ կարելի է պահպանել Ավան համայնքի կանաչ ու քաղաքակիրթ նկարագիրը, միթե՞ կաշկանդված եք առանց այն էլ համատարած բետոնապատման արդյունքում չորացող մայրաքաղաքի կենտրոնում բարեկարգել ու մայրաքաղաքին նվիրել հանգստի ու քաղաքային մշակույթի մի փոքրիկ, կանաչ տարածք։ Չէ որ ի սկզբանէ՝ Խորհրդային շրջանում, հենց այս նպատակով էլ հղացվել էր պուրակը։

Կարծում եմ՝ հանուն Երևանի և երևանցիների շահի խնդիրը կարժանանա Ձեր և քաղաքային իշխանությունների համակողմանի քննարկմանը՝ բավարարելով իմ և այս նամակի ետևում կանգնած հազարավոր երևանցիների դիմումը։

ԱԺ Կանոնակարգ ՀՀ օրենքի համաձայն ակնկալում եմ նամակիս գրավոր պատասխան։

Հարգանքով՝
ՀՀ ԱԺ պատգամավոր
Լիլիթ Գալստյան

Մեկնաբանություններ (3)

Գոհար Արշակյան
Կիսում եմ Ձեր մտահոգությունը...
Մովսես
Սիրելի Լիլիթ. մտահոգություններդ խիստ կարևոր ու հրատապ խնդրի է վերաբերվում; Ինչու լավագույն նախաձեռնությներն անգամ մեզանում չի հաջողվում ՄԱՐԴԱՎԱՐԻ,մինջև վերջ իրագործել; Կարծում եմ համակարգային խնդիր է;ì
Սալբի
Յարգելի տիար մարգարեան Կը կարծեմ թէ յաճախ , թեկուզ բարձրաստիճան այրեր, կը գործեն յաճախ անբարեխիղճ շրջապատի ազդեցութեամբ: Կը կարծեմ թէ այս ալ այդպիսի մի դէպք է: Երևանը համայն հայութեան մայրաքաղաքն է ու դէմքը մեր երկրի: Կը խնդրենք ականջ դնէք ձեր խղճին, ժողովրդին ու պատգամաւոր Լիլիթին: Շնորհակալութիւն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter