
Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը Վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Վերաքննիչ դատարանից:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, փետրվարի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, բայց գտել, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:
Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի գործով» մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Մեկնաբանել