
Դասընկերոջը դանակահարելու դեպքի պատճառով Աքորու միջնակարգ դպրոցի տնօրենը նկատողություն է ստացել, ուսուցիչը՝ ազատվել աշխատանքից
Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահե Քամալյանը փետրվարի 19-ին «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասաժամին դանակով հարվածել է համադասարանցի Ալիկ Թամազյանի ազդրին: Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Սիմոնյանի խոսքով, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Թումանյանի քննչական բաժին:
Դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Նելլի Թամազյանի խոսքով՝ Ալիկ Թամազյանը, արյունահոսող ոտքը կապած, 1,5 ժամ պառկած է եղել աշակերտական նստարանների վրա: Այդ մասին մարտի 4-ի իր բացատրագրում փոխտնօրենը տեղեկացրել է նաև տնօրեն Կիմիկ Պետրոսյանին:
Ն. Թամազյանի ասելով՝ ժամը 11:00-ին դանակահարված աշակերտը ընկերների ուղեկցությամբ տուն է գնացել: Աքորիի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Աղունիկ Հակոբյանը «Հետք»-ին հայտնեց, որ Ալիկ Թամազյանը բժշկական ամբուլատորիա է գնացել փետրվարի 19-ին՝ ժամը 12-ի սահմաններում:
«Մենք վիրակապ ենք դրել նրա ոտքին և ուղեգրել Ալավերդու բժշկական կենտրոն»,- ասաց Աղունիկ Հակոբյանը:
Տնօրեն Կիմիկ Պետրոսյանն ասում է՝ թեև փետրվարի 19-ին դանակահարության պահին դպրոցում է եղել, սակայն ուսուցիչ Արարատ Դալլաքյանը դեպքի մասին իրեն տեղեկացրել է հաջորդ օրը առավոտյան։
«Ա. Դալլաքյանն ինձ հայտնել է, որ դանակահարությունը կատարվել է դասամիջոցին՝ դպրոցի միջանցքում: Դանակահարության մասին փետրվարի 19-ին՝ ժամը 13:30-ին, ինձ հայտնել են Ալավերդու բժշկական կենտրոնից»,- պատմեց տնօրենը:
Ժամը 15-ի սահմաններում դեպքի մասին տնօրենին տեղյակ են պահել նաև ոստիկանությունից: «Պետք է իմանայի, որ տեղեկացնեի, երբ իմացել եմ, այդ ժամանակ եմ տնօրենին հայտնել: Ես իմ դասին կատարված դանակահարության մասին տեղեկացել եմ նույն օրը՝ ժամը 17-18-ի սահմաններում»,- ասում է Ա. Դալլաքյանը:
11-րդ դասարանում սովորում է 18 աշակերտ՝ 6 տղա, 12 աղջիկ:
Աշակերտուհիներից մեկը դեպքի մասին մեզ պատմելիս խնդրեց չհրապարակել իր անունը: «Հայ ժողովրդի պատմության դասին դասարանի 4 տղաներ, այդ թվում՝ Վահե Քամալյանը և Ալիկ Թամազյանը, վերջին նստարաններին նստած զրուցում էին: Ընկեր Դալլաքյանը գրատախտականին ժամանակագրական թվեր գրելուց հետո նստեց ուսուցչի աթոռին և դեմքով նայում էր դասարանին: Հանկարծ՝ առանց ուսուցչին ասելու, ոտքից բռնած դասարանից դուրս եկավ Ալիկ Թամազյանը, նրա հետևից դուրս եկան նաև դասարանի բոլոր տղաները, այդ թվում նաև Վահե Քամալյանը: Ընկեր Դալլաքյանը դասարանի դուռը բացեց և նայեց նրանց հետևից: Քիչ անց, զանգը խփեց, դասամիջոցին բոլորս իմացանք, որ Վահե Քամալյանը դասի ժամանակ դանակով խփել է Ալիկ Թամազյանի ոտքին»,- պատմեց աշակերտուհին:
Վերջինիս խոսքով՝ դասամիջոցին ուսուցիչ Ա. Դալլաքյանը դասարանից դուրս է եկել, իր ավտոմեքենայից ինչ-որ բաներ բերել և սկսել է «Հասարակագիտություն» առարկայի դասը: «Երկրորդ ժամին բոլոր տղաները բացակայում էին հասարակագիտության դասից: Ընկեր Դալլաքյանը ոչինչ չհարցրեց տղաների բացակայելու պատճառների մասին»,- ավելացրեց աշակերտուհին:
Փոխտնօրեն Նելլի Թամազյանն ասում է, որ փետրվարի 19-ին ամբողջ օրը զբաղված է եղել դպրոցի թումանյանական միջոցառումներով: Դանակահարության մասին փոխտնօրենին երեկոյան գյուղի մշակույթի տանը տեղյակ է պահել դասընկերոջը դանակահարած Վահե Քամալյանի 80-ամյա տատը՝ Էմմա Գրիգորյանը:
«Վահե Քամալյանը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին է եկել մեր դպրոց: Դանակահարողը և դանակահարվողը ակտիվ աշակերտներից են: Վահեի ծնողներն ամուսնալուծված են։ Վահեն ապրում է տատի մոտ: Նրանց վիճակը բարդ է, ընտանիքն անապահով է: Վահեն շատ խելացի աշակերտ է: Երկու եղբայր են, եղբայրը զինվորական ծառայության մեջ է: Վահեի դաստիարակությամբ զբաղվում է տատը»,- պատմեց փոխտնօրենը:
Դանակահության օրը՝ երեկոյան, ոստիկանությունում Կիմիկ Պետրոսյանը, իր ասելով, տեղեկացել է դեպքի մանրամասներին: Այդ օրը ոստիկանությունում բացատրություն են տվել տուժողը և դանակահարողը:
«Տուժող Ալիկ Թամազյանը գրել է, որ դեպքը կատարվել է տանը՝ շինաշխատանք կատարելիս»,- ասաց Կ. Պետրոսյանը:
«Հաջորդ օրը՝ 8:55-ին, տնօրեն Կիմիկ Պետրոսյանը մտավ ուսուցչանոց և ինձ ու դասղեկ Անահիտ Նիազյանին հանձնարարեց բացատրություն գրել: Ասաց՝ ձեր վատ աշխատանքի պատճառով դպրոցում դասամիջոցին դանակահարություն է եղել: Դեպքի օրը Կիմիկ Պետրոսյանը՝ որպես փոխտնօրեն, դեպքի մասին ինձ չի հայտնել: Իր դասին կատարված դանակահարության համար Արարատ Դալլաքյանին առ այսօր տնօրենը որևէ պատասխանատվության չի ենթարկել»,- պատմեց Ն. Թամազյանը:
Վերջինս փետրվարի 20-ին՝ 1-ին դասը սկսվելուց հետո, ուսուցչանոցում լսում է ուսմասվարի աշխատասենյակում գտնվող տնօրենի հանձնարարությունը փետրվարի 19-ի հերթապահ, հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանին․«Գրի, որ դասամիջոցին է դանակահարությունը եղել: Հիմա Նելլի Թամազյանը կտեսնի, պետք է իրեն աշխատանքից հեռացնեմ, պետք է իրեն նկատողություն տամ»:
Արմենուհին էլ պատասխանեց. «Ընկեր Պետրոսյան, ինձ անեծքի տակ մի գցեք: Ես չեմ տեսել և ոչ մի բան չգիտեմ: Ում ժամին եղել է, թող նա բացատրություն գրի: Ով մեղավոր չէ, ինչու դրա համար պատասխան տա»:
Տնօրենի այս հանձնարարությունը լսելուց հետո Ն. Թամազյանը սկսում է դանկահարության իր ուսումնասիրությունը: Զրուցում է 11-րդ դասարանի աշակերտների հետ: Աշակերտուհիներից մեկը նրան հայտնում է, որ դանակահարությունը կատարվել է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասին: Տեղեկանում է, որ ոստիկանությունում աշակերտների մի մասն ուղղորդվել և ցուցմունք է տվել, որ դանակահարությունը կատարվել է դասամիջոցին՝ ուսուցիչ Արարատ Դալլաքյանին աշխատանքից չազատելու համար:
Այսուհանդերձ, 11-րդ դասարանի աղջիկները ոստիկանությանը հաջորդ օրը ցուցմունք են տվել, որ փետրվարի 19-ի դանակահարությունը կատարվել է 1-ին դասին:
«Ես ոստիկաններին տեղեկացրի, որ աշակերտներն ուղղորդվում են տնօրենի կողմից: Ոստիկանների հմուտ աշխատանքի արդյունքում խնդիրը լուծվեց»,- պատմեց փոխտնօրենը:
Դասղեկ Անահիտ Նիազյանն ասաց, որ 9-րդ դասարանից այս դասարանի դասղեկն է: «Վահեն բնավորությամբ լավ երեխա է: Բոլոր դեպքում դասի տերը ուսուցիչն է»,- ասաց նա:
Դասղեկը դժգոհեց, թե արդեն մեկ ամիս 10 օր է՝ դպրոցում ծանր դեպք է կատարվել, տնօրենը ոչ մի միջոցառում չի ձեռնարկել նման դեպքեր չկրկնվելու համար: «Ես պարզ կարող եմ ասել, որ դպրոցը ղեկավարվում է տնօրենի քմահաճույքներով, բայց ոչ օրենքի պահանջներով»,- ասաց Ա. Նիազյանը:
Դանակահարված Ալիկ Թամազյանի հայրը՝ Վրույր Թամազյանը, ասաց, որ որդու դանակահարության մասին չի ուզում ինձ հետ խոսել. «Մենք ոստիկանության հետ լեզու կգտնենք»,- ասաց նա:
Տնօրեն Կիմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում համաձայնեց, որ դասի պատասխանատուն ուսուցիչն է. «Դասի տերը այդպես ներկայացնեմ՝ դաս պարապող ուսուցիչն է: Արարատ Դալլաքյանն իր անտարբեր աշխատանքով դպրոցի վարկանիշը գցել է: Եվ դրա համար կարգին համապատասխան նա կպատժվի»,- ասաց Կիմիկ Պետրոսյանը:
Կառավարության որոշումով՝ հանրակրթական դպրոցի աշակերտների վարքի և մանկավարժական կոլեկտիվի բաոյահոգեբանական վիճակի պատասխանատուն դպրոցի տնօրենն է: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Հետք»-ին հայտնեց. «Փաստն այն է, որ Աքորի գյուղի դպրոցի 11-րդ դասարանում փետրվարի 19-ին հայ ժողովրդի պատմության դասին անչափահաս աշակերտի կողմից դանակահարություն է կատարվել դասընկերոջ նկատմամբ: Դրա համար մեր կողմից նկատողություն է տրվել դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանին: Սա նրա 2-րդ նկատողությունն է: Ուսուցիչ Արարատ Դալլաքյանը պետք է ազատվի աշխատանքից»,- հայտնեց Անդրեյ Ղուկասյանը:
Խմբ. կողմից - Նյութում, հղում անելով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, նշել ենք, որ դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանին դպրոցում տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո 2-րդ նկատողությունն է տրվել: Քանի որ մարզպետի հետ հարցազրույցն արվել է հեռախոսով, որոշ թյուրընկալում է տեղի ունեցել: Իրականում մարզպետն ասել է, որ տնօրենին տալու է նկատողություն, որը կլինի նրա երկրորդ նկատողությունը: «Հետքը» եւս մեկ անգամ այս հարցի առնչությամբ պարզաբանում է խնդրել մարզպետից, որը ներկայացնում ենք ստորեւ: Իսկ դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանից ներողություն ենք հայցում այս անճշտության համար:
Մեկնաբանել