HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Եթե երաշխավորված չէ դատական իշխանության անկախությունը գործադիր եւ օրենսդիր մարմիններից, ապա այդ համակարգը չի կարող աշխատել»

«Հետքի» հարցերին պատասխանում է Գերմանիայի Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը, ով մասնագիտացված է անբարեխիղճ տնտեսական մրցակցությանը վերաբերող գործերում:

Մենաշնորհն ի՞նչ վտանգ է ներկայացնում Հայաստանի նման փոքր երկրների համար եւ պայքարի առաջնահերթ ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվի:

Ես ինքս մենաշնորհային ոլորտի մասնագետ չեմ: Գերմանիայում կա մեկ այլ՝ հակամենաշնորհային կառույց, եւ սովորաբար նրանք են պայքարում նման երեւույթի դեմ եւ իրականացնում կանխարգելման միջոցառումներ: Բայց կարող եմ ասել, որ մենաշնորհը երկիրը կկանգնեցնի թե տնտեսական, թե մշակութային խնդիրների առջեւ: Մենաշնորհը խնդրահարույց է ժողովրդավարության տեսանկյունից` և մարդկային, և քաղաքական առումներով: Ամբողջ հարցը կախված է նրանից, թե ձեր երկրի հակամենաշնորհային մարմինն ինչպիսի կարողություններ ունի եւ որքանով կարող է կանխել մենաշնորհների ձեւավորումը: Գերմանիայի հակամենաշնորհային մարմինը շատ խիստ է այսպիսի հարցերում:

Արդյոք ձեւական չե՞ն մենաշնորհի, անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարի միջոցառումները, երբ գործարարությամբ զբաղվում են կառավարության անդամները, պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները:

Գերմանիայում այսպիսի հարցերը որոշվում է դատարանով, եւ դատարանն ունի բացարձակ անկախություն, եւ դատարանի նկատմամբ նախարարը կամ որեւէ մեկը ճնշում գործադրել չեն կարող: Հակամենաշնորհային մարմինն էլ ունի որոշակի անկախություն իր գործունեության մեջ, բայց շատ է կարեւորվում այն հարցը, թե արդյոք օրենսդրորեն ամբողջ դաշտը կարգավորվո՞ւմ է, եւ մյուս կողմից էլ, թե որքանով են այդ օրենքները կյանքի կոչվում: Եթե կան օրենքները, բայց չեն գործում դա, իհարկե, աղետ է: Բրազիլիայում նույնիսկ այսպիսի ասացվածք կա՝ «օրենքը կամ բռնում է, կամ չի բռնում», այսինքն` եթե օրենքն աշխատում է, ուրեմն բռնում է, եթե ոչ՝ ուրեմն չի բռնում: Բրազիլիայում տարածված ասացվածքը որպես երեւույթ Գերմանիայում բացառված է, որովհետեւ Գերմանիայի իրավական մշակույթում օրենքը պետք է կիրառվի եւ վերջ, այլ բան չի էլ կարող լինել:

Ներկայումս ամբողջ աշխարհում ընթանում է օլիգոպոլիզացիա, նաեւ Եվրոպայում է մեծ թափով այդ գործընթացն առաջ գնում, եւ իհարկե՝ համապատասխան հակամենաշնորհային կառույցների դերակատարումն է այստեղ բարձրանում: Եթե իրականում նույն կառավարության անդամներն ու պատգամավորներն են այն տնտեսվարողները, որոնք նաեւ որոշում են կայացնում մենաշնորհների եւ այլնի վերաբերյալ, ապա այստեղ խորը խնդիր կա:

Չնայած պետք է խոստովանեմ, որ ձեր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համագործակցության ընթացքում ես այն տպավորությունն եմ ստացել, որ իրենք ձեւականորեն չեն աշխատում: Օրինակ` թթվասերի վերջին դեպքով բացարձակ ճիշտ որոշում է կայացվել (Խոսքը «Աշտարակ-կաթի» թթվասերում հայտնաբերված կոկոսի յուղի մասին է,-հեղ.): Այդ հանձնաժողովից, ում հետ որ ծանոթացել եմ, ինձ վրա շատ բանիմաց եւ պատասխանատու մարդու տպավորություն են թողել, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ իմ դիտարկածը ձեր ունեցած ամբողջ պատկերի մի փոքրիկ մասն է միայն:

Բայց նկատենք, որ նշված թթվասեր արտադրող ընկերության սեփականատերը պատգամավոր է, իսկ մեկ այլ պատգամավորի ընկերություն տարիներ շարունակ կեղծում է օղիներ, եւ հանձնաժողովի ու դատարանի որոշումները նրա վրա բացարձակ չեն ազդում:

Սա, իհարկե, իրավական մշակույթի հարց է: Իրավական ռեալ մշակույթի պարագայում պարզապես տնտեսվարողը չպետք է շարունակի իր գործունեությունը, երբ տուգանվում է կամ դադարեցման որոշում է կայացվում: Ենթադրենք, որ նման որոշումից հետո գործունեությունը շարունակվում է, ապա հաջորդ քայլով այնպիսի տուգանային վարույթ է սահմանվում եւ տուգանք նշանակվում, ինչից նրա հավեսը փախչում է հետագայում նման բանով զբաղվել: Եթե ընկերությունը տուգանք կրելուց հետո նույն ձեւով շարունակում է իր գործունեությունը, եւ հանձնաժողովն այլեւս ոչինչ չի անում, պարզապես չգիտեմ, թե դա ինչպես բնութագրեմ: Նման դեպքերում պետք է տուգանքի այնպիսի չափ սահմանել, որից հետո հաջորդ քայլը բացառվի: Բայց եթե սահմանվի տուգանքի մի չափ, որն իրենց գրպանի ընթացիկ ծախսն է, բնականաբար, արդյունավետ չի լինի:

Հայաստանում դատական համակարգը դեռեւս կայացած չէ, եւ հասարակությունը չի վստահում դատարաններին, այս դեպքում քաղաքացին, կամ անբարեխիղճ մրցակցության «զոհը» ինչպե՞ս կարող է արդյունավետ պայքարել իր իրավունքների համար:

Հայաստանի պարագայում դժվարանում եմ որեւէ բան ասել, կարող եմ բերել Գերմանիայի օրինակը, թե մեզ մոտ ինչպես է դա կարգավորվում, թեեւ գիտակցում եմ, որ դա Հայաստանի պարագայում օգուտ չի տա: Մեզ մոտ ամենահիմնական նախադրյալն այն է, որ դատական համակարգը բացարձակ անկախ է: Որքան ես հասկացել եմ հայաստանցիների հետ զրույցներից, Հայաստանում պարզապես իշխանությունների տարբաժանումը չի եղել, դա է պատճառը, որ գործադիրը կարող է ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա: Սա քաղաքական համակարգի խնդիր է և հանգեցնում է փոխադարձ կախվածությունների եւ այլ երեւույթների:

Որեւէ երկրում, եթե երաշխավորված չէ դատական իշխանության անկախությունը գործադիր եւ օրենսդիր մարմիններից, ապա այդ համակարգը չի կարող աշխատել: Այս պարագայում դժվարանում եմ ասել, թե ինչ կարող է անել անբարեխիղճ մրցակցության «զոհ» հանդիսացող քաղաքացին, թերեւս ճանապարհն այն է, որ նա դիմի տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին, կամ էլ ուրիշ սպառողների հետ ստեղծի սպառողների շահերի պաշտպանության միավորում եւ համատեղ բողոքեն եւ իրենց շահերը պաշտպանեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter