
Ձեռագործ գրքույկ-վզնոցները՝ սեփական բիզնեսի տարբերակ
Մասնագիտությամբ հոգեբան Արուսիկ Շահնազարյանը ձեռագործ իրեր պատրաստում էր դեռևս դպրոցական տարիներին, սակայն այդ ամենը սիրողական մակարդակում էր մինչ այն օրը, երբ որոշեց իր պատրաստած գրքույկ-վզնոցները «Sole» անվանումով ներկայացնել նաև օնլայն հարթակում։
«Առաջին գնորդս մի բժիշկ էր, որը կնոջ և երեխաների նկարներով վզնոցներ էր պատվիրել: Որոշ ժամանակ անց ձեռքի վնասվածքով հայտնվեցի հիվանդանոցում, և պարզվեց, որ հաճախորդս արդեն իմ բժիշկն է. տեղերով փոխվել էինք (ժպտում է, -հեղ.)»,- պատմում է Sole-ի հեղինակը:
Սկզբնական շրջանում մեծ դժվարությամբ է գտել անհրաժեշտ նյութերը, քանի որ Իջևանում է բնակվել, իսկ այնտեղ անհրաժեշտ նյութեր գրեթե չեն եղել, եղածներն էլ՝ թանկ:
«Առաջին ամսում եկամուտը կազմեց 16 500 դրամ, որն այնքան էլ քիչ չէր՝ հաշվի առնելով, որ ես շատ քիչ ներդրում էի արել: «Ֆեյսբուք»-ը վաճառելու գործում շատ մեծ ու կարևոր դեր է ունեցել և մինչև հիմա էլ ունի։ Օնլայն հարթակ է, հաճախորդները ապրանքը տեսնում են միայն նկարով, և առանց «Ֆեյսբուք»-ի հնարավոր չէր լինի այդքան մարդու տեղեկացնել զարդերի մասին։ Երկու անգամ գովազդ եմ պատվիրել» - նշում է նա։
Ձեռագործ իրերի շահույթից Արուսիկը այնքան էլ չի դժգոհում, քանի որ շատ քիչ ժամանակ է տրամադրում և չի հասցնում նոր գործերով ներկայանալ։ Նրա խոսքով, դեռևս հնարավոր չէ միայն դրանով զբաղվել և չաշխատել, բայց եթե որոշի լրջորեն զբաղվել ձեռագործ իրերով, այլ աշխատանքի կարիք չի լինի։
«Կայք ստեղծելու մասին դեռ շատ շուտ է խոսել։ Ավելի շատ մտածում եմ սեփական տարածք ունենալու, իրերը շոշափելի դարձնելու մասին։ Ինչքան էլ «Ֆեյսբուք»-ն ու «Ինստագրամ»-ը խթանեն վաճառքին, միևնույն է, օնլայն հարթակից օֆլայն հարթակի անցնելն անհրաժեշտ է։ Առաջնայինը, միանշանակ, միտքն ու ցանկությունն է, մնացած ամեն ինչ սկսվում է դրանցից։ Միայն կասեմ, որ պետք չէ հուսահատվել ու հետ կանգնել սկսած գործից։ Շաբաթներ և նույնիսկ ամիսներ կլինեն, որ եկամուտ չի լինի, սակայն ամեն ինչ անցողիկ է»,- ասում է Արուսիկ Շահնազարյանը։
Նանե Պետրոսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանել