HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները պնդում են, որ նրա գույքի վրա արգելանք է դրվել օրենքի մի շարք խախտումներով

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանները պնդում են, որ նրա գույքի վրա արգելանք դնելու որոշումն անօրինական է: Վերջիններս դատարանում վիճարկում են այս որոշումը: Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպաններ Էրիկ Ալեքանյանն ու Վարդգես Գևորգյանը ներկայացրին բողոքը` դատարանին խնդրելով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

Գևորգյանի գույքի վրա արգելանք դնելու որոշումը կայացվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին, երբ նա մեղադրվում էր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ինչպես պարզվում է, ամիսներ շարունակ Գևորգյանի գույքի վրա արգելանք դնելու որոշումը չի ուղարկվել ի կատար ածվելու, և միայն այն բանից հետո, երբ նրան 2018 թվականի դեկտեմբերի 11-ին նոր մեղադրանք է առաջադրվել, դեկտեմբերի 12-ին գույքի վրա արգելանք է դրվել:

Դեկտեմբերի 11-ին Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համապատասխան հոդվածներով: Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դրվագն, ըստ էության, ներառվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքում:

Այսօրվա դատական նիստին Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա արգելանք դնելու որոշման մեջ հստակեցված չէ, թե օրենքով նախատեսված որ հիմքով է դրվել արգելանքը: Այնուամենայնիվ, թվարկելով օրենքով սահմանված բոլոր հիմքերը՝ Ալեքսանյանը նշեց, որ դրանցից որևէ մեկն առկա չէ Գևորգյանի գործում:

Ալեքսանյանի խոսքով՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելը իրավաչափ է միայն այն դեպքում, երբ կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվում է այնպիսի հանցավոր արարք, որը՝ որպես լրացուցիչ պատիժ, ուղղակիորեն նախատեսում է գույքի հնարավոր բռնագրավում, մինչդեռ արգելանք դնելու որոշման օրվա՝ օգոստոսի 21-ի դրությամբ Արմեն Գևորգյանին վերագրվում էր այնպիսի հոդվածով մեղադրանք, որը չի նախատեսում գույքի հնարավոր բռնագանձում:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հայցը և գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելուն, փաստաբանը նշեց, որ այդ հիմքերով ևս Գևորգյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել, քանի որ քրեական գործով  քաղաքացիական հայց հարուցված չի եղել: Արմեն Գևորգյանին վերագրող հանցավոր արարքի կատարման արդյունքում հնարավոր չէ, որ ուղղակի կամ անուղղակի առաջանար կամ ստացվեր որևէ գույք:

Իսկ եթե վարույթն իրականացնող մարմինը Արմեն Գևորգյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա  կալանք է դրել դատական ծախսերն ապահովելու համար, ապա, ըստ փաստաբանի, միևնույն է  վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել դատավարական կոպիտ խախտում, քանի որ օրենքը սահմանում է, որ այդ նպատակով գույքի վրա կալանք դնելիս պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, դրա արժեքը, որի վրա բավական է կալանք դնել  դատական ծախսերն ապահովելու համար, ինչը չի արվել, այլ կալանք է դրվել Գևորգյանի ամբողջ գույքի վրա՝ այսպիսով սահմանափակելով վերջինիս սեփականության իրավունքը:

Բացի այդ, ըստ Էրիկ Ալեքսանյանի, Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածը սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը չի նշել որևէ հանգամանք, որը հիմք կտար եզրակացնելու, որ Գևորգյանը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:

Էրիկ Ալեքսանյանը հարց բարձրացրեց նաև այն մասին, որ իրենց հայտնի չէ, թե ինչ եղանակով է ի կատար ածվել գույքի վրա կալանք դնելու որոշումն ու նշեց, որ եթե, օրինակ` պարզվի, որ դա արվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, ապա այդ պարագայում չէր կարող կալանք դրվել Գևորգյանի ամբողջ աշխատավարձի վրա:

Գևորգյանի մյուս պաշտպան Վարդգես Գևորգանը նշեց, որ Արմեն Գևորգյանը դեկտեմբեր ամսից չի կարողանում անգամ աշխատավարձը ստանալ: Փաստաբան Գևորգյանն ընդգծեց` ստացվում է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումն ի կատար է ածվել այն ժամանակ, երբ նրան վերագրվող նախկին մեղադրանքը, որի շրջանակներում արգելանք դնելու որոշում էր կայացվել, այլևս գոյություն չի ունեցել: Պաշտպանը նաև նշեց, որ լրացած է եղել այն հոդվածի վաղեմությունը, որի շրջանակներում Արմեն Գևորգյանին մեղադրանք են առաջադրել ու գույքի վրա կալանք դրել:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն, անդրադառնալով այն հանգամանքին, որ անհրաժեշտություն չկար առաջին մեղադրանքի՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքում Գևորգյանի գույքի վրա արգելանք դնել, ասաց, որ մեղադրանքի ծավալները նախաքննության ընթացքում կարող են փոփոխվել, ինչը, ինչպես տեսնում ենք, Գևորգյանի դեպքում տեղի է ունեցել: Պետրոսյանի խոսքով` գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ բողոքը ստանալու դրությամբ Արմեն Գևորգյանին արդեն իսկ նոր մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման դրվագներով: Ըստ Պետրոսյանի` ձևականություն կլիներ, եթե դատախազը Գևորգյանին նոր մեղադրանք առաջադրելու պայմաններում վերացներ նրա գույքի վրա կալանք դնելու որոշումը, ապա կրկին որոշում կայացներ կալանք դնելու:

Անդրադառալով պաշտպանական կողմի այն փաստարկին, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար, Պետրոսյանը նշեց, թե այդ մոտեցումն իրատեսական չէ, հստակ կանխատեսել, թե ինչ ծավալի կլինեն դատական ծախսերը, հնարավոր չէ: Անդրադառանալով պաշտպանական կողմի այն փաստարկին, որ Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել այն պայմաններում, երբ նրան նախկինում վերագրվող հոդվածը լրացուցիչ պատիժ չի նախատեսում, Պետրոսյանը նշեց, որ այդ փուլում գործով առնվազն դատական ծախսեր պետք է եղած լինեին, որովհետև մի շարք փորձաքննություններ են նշանակված եղել:

Ինչ վերաբերում է պաշտպան Վարդգես Գևորգյանի փաստարկին, որ Արմեն Գևորգյանին մեղսագրված է եղել մի հոդված, որի վաղեմության ժամկետն անցած է եղել, դատախազը նշեց, որ այս հանգամանքը բողոքում ներառված չէ, պետք է ստուգել, ապա դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել:

Այսօրվա նիստի ընթացքում արծարծվում էին հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար անհրաժեշտ էին գործի նյութերը, ուստի դատարանը հետաձգեց բողոքի քննությունը:

Լուսանկարում ձախից՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, աջից՝ դատավոր Ռոբերտ Պապոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter