HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի լավագույն գիտական հիմնարկի ճակատագիրը և պետության 12 մլն եվրոն բավարար պատճառ են ուշադրությանն արժանանալու համար

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն՝ ֆ.մ.գ. դոկտոր Ռուբեն Մկրտչյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

Մեծարգո՛ պարոն  Վարչապետ,

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) մի խումբ գիտնականներ վերջին տարիներին բազմաթիվ նամակներ են գրել տարբեր ատյաններ, նվիրված ինստիտուտում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, սակայն առանց արդյունքի: Այժմ խնդիրները էլ ավելի են սրվել, իսկ քանակն էլ՝ ավելացել: Դիմում եմ Ձեզ բաց նամակով, այսինքն միաժամանակ դիմում եմ հանրությանը և հույս ունեմ, որ այս հարցերը կդառնան հանրության քննարկման առարկա, իսկ ինստիտուտը խնդիրները կլուծվեն:

Մենք չենք խնդրել կառավարությանը լուծել գիտական հարցեր: Մենք խնդրել ենք կարգ ու կանոն հաստատել կառավարության ենթակայության ներքո գտնվող հիմնարկում:

Ինստիտուտը մոտ տասը տարի է գտնվում է մեկ անձի՝ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ն.Երիցյանի կամայական վերահսկողության տակ, որը օգտագործում է այն իր խնդիրները լուծելու համար, ի վնաս ինստիտուտին: Այդ խնդիրները կապված են երկու պետական վարկերի հետ, որոնցով կառուցվել է Իզոտոպների արտադրման կենտրոնը: Երիցյանը և ստեղծել է կենտրոնի բիզնես-պլանը, հիմնավորելով վարկերի վերցնելը պետության կողմից: «Արդյունքը» այն է, որ մոտ 12 մլն եվրո սառեցված է այդ կենտրոնում արդեն մի քանի տարի, իսկ նպատակը – ախտորոշման կենտրոնի ստեղծում – իրականացված չէ: Հիմա վարկով տրամադրված գումարների փոխարեն Ն.Երիցյանը օգտագործում է ինստիտուտի գումարները կենտրոնի հիմնական սարքի – ցիկլոտրոնի – թողարկման համար: Այդ ծախսերը «հիմնավորելու» նպատակով հայտարարվել է, որ ցիկլոտրոնը սարսափելի կարևոր է ինստիտուտի ապագայի համար, նրա հիման վրա կստեղծվի նոր գերակա գիտական ուղղություն:  Այսպիսով, Ն.Երիցյանը, տարիներ շարունակ լինելով լրիվ անտարբեր ինստիտուտի նկատմամբ, հանկարծ մտահոգվեց ինստիտուտում շտապ նոր գիտական ուղղության ստեղծումով (առանց որևէ գիտական, տեխնիկական և ֆինանսական հիմնավորման), որի համար անհրաժեշտ է ցիկլոտրոնի թողարկումը: Իզոտոպների արտադրության կենտրոնի խնդիրների, դրա համար վերցրած վարկերի և նախագծի իրականացման նպատակով կասկածելի օֆշորային ֆիրմայի ներգրավման հետ կապված մութ պատմությունների մեջ ինստիտուտին ներքաշելը Երիցյանի կողմից ուղղակի հանցանք է: Իր ղեկավարության օրոք ինստիտուտը դարձել է մեխանիզմ, որի միջոցով Երիցյանը և իր նշանակած տնօրենները ինստիտուտի չափին, գիտնականների քանակին և տպագրված աշխատանքներին համապատասխան ստանում են գումարներ Հայաստանի բյուջեից, բայց այդ փողը ուղղում են այն ուղղություններով, որոնք համապատասխանում են նրանց շահերին և քմահաճույքներին:

Այժմ ավելի մանրամասն:  Սկզբից հոգաբարձուների խորհրդի մասին:

  1. Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը «հավերժական է», այսինքն նշանակված է անժամկետ,  գործում է արդեն մոտ ինը տարի առանց վերանշանակվելու և կազմի փոփոխության:
  2. Խորհուրդը գործում է օրենքների խախտումներով՝ այսինքն թույլ է տալիս  ինստիտուտի կանոնադրության, ՀՀ օրենքների և նույնիսկ Հայաստանի Սահմանադրության խախտումներ: Նամակի այս և այլ պնդումներն հաստատվում են համապատասխան փաստաթղթերով, որոնք պատրաստ ենք ներկայացնել:
  3. Հոգաբարձուների խորհրդում չկա ինստիտուտի ոչ մի  աշխատող:
  4. Խորհուրդը, կարելի է ասել, որ գործում է գաղտնի, քանի որ անցկացնում է նիստեր, որոնց մասին չի հայտարարում, ոչ մի նիստի  որոշումներ ոչ մի տեղ չի հրապարակում, և մեզ՝ ինստիտուտի աշխատողներիս, չի տրամադրում դրանց մասին որևէ տեղեկություն՝ անտեսելով մեր խնդրանքները և օրենքի պահանջները: 
  5. Խորհրդին   չի հետաքրքրում, որ իրեն (և ինստիտուտին)  տնօրենները  ներկայացնում են կեղծ ֆինանսական հաշվետվություն. օրինակ, azdarar.am-ում տեղադրված հաշվետվությունից թաքցրած է 125 մլն դրամ (վերջին երեք տարվա ընթացքում):
  6. Խորհրդին   չի հետաքրքրում, որ իրեն ներկայացնում են կեղծ գիտական հաշվետվություն. օրինակ, վերջին հինգ տարվա հաշվետվությունում համարյա թե հարյուր տոկոս նյութերը միայն մի բաժանմունքի՝ նախորդ տնօրենի ղեկավարած բաժանմունքի մասին էին, որը, սակայն, տպագրում է ինստիտուտի աշխատանքների ընդամենը մի քանի (երկուսից հինգ) տոկոսը: Այսինքն ինստիտուտի աշխատանքների 95% այդտեղ արտացոլված չեն:
  7. Խորհուրդը որոշում է ընդունել ինստիտուտում ստեղծել նոր գերակա գիտական ուղղություն (ցածր էներգիաների միջուկային ֆիզիկա): Ըստ այդ որոշման  ստեղծել համապատասխան նոր բաժանմունք, ուր պետք է ուղղվեն ինստիտուտի  բոլոր ազատ միջոցները: Որոշումը ընդունված է առանց որևէ գիտական հիմնավորման, առանց ֆինանսական հաշվարկի,  առանց նախագծի, առանց որևէ քննարկման:  Եվ սա այն պայմաններում, երբ ինստիտուտի հաջողված գիտական ուղղությունները ֆինանսավորման խիստ կարիք ունեն:
  8. Այդ ուղղությունը (ցածր էներգիաների միջուկային ֆիզիկան) գլխավորներից մեկն է միջազգային Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ՄՀՄԻ) (Ռուսաստան), որին որպես անդամավճար Հայաստանն ամեն տարի վճարում է 260 հազար ԱՄՆ դոլար: Այնպես որ էլ ավելի կարևոր է հիմնավորել, թե ինչու մենք, թողնելով ՄՀՄԻ-ում տրամադրվող լայն հնարավորությունները, անհամեմատ մեծ քան թե  մեր անդամավճարը,  պետք է նաև Հայաստանում զարգացնենք այս անչափ ֆինանսատար գիտական և/կամ կիրառական ուղղությունը:
  9. Խորհուրդը որպես կոլեգիալ մարմին գոյություն չունի, խորհրդի անդամները (մեկ վերապահումով) բացարձակ անտարբեր են ինստիտուտի նկատմամբ, ինստիտուտը երբեք չեն այցելում, և բոլոր հարցերում ուղղակի սատարում են խորհրդի նախագահ Ն. Երիցյանին:

  

Այժմ ներկայացնենք ինստիտուտի և Իզոտոպների արտադրության կենտրոնի միջև կապը, ինչը կպարզաբանի մեր խնդիրների ծագումը:

  1. Իրականում ինստիտուտը  Իզոտոպների արտադրության կենտրոնի խնդիրների զոհն է դարձել:  Հիշեցնենք, որ այդ կենտրոնը կառուցվել է պետական վարկերի գումարներով, ծախսվել է մոտ 12 մլն եվրո, սակայն արդեն մի քանի տարի մատնված է անգործության: Ավելին, այդ հիմնարկի շուրջը անցյալ տարի կար խնդիր, մի քանի միլիոն դոլարի չափի, Global Medical Solutions օֆշորային կազմակերպության հետ, որին Տ. Սարգսյանի կառավարությունը  պարտավորվել էր օգտագործման հանձնել այդ կենտրոնը: Ինչով՞ այն ավարտվեց, ինձ հայտնի չէ: Կենտրոնի գաղափարը եկել էր ինստիտուտից, իսկ բիզնես-պլանի ստեղծողը և վարկերի նախաձեռնողը հենց  Ն. Երիցյանն էր: Ակնկալելով, որ ինստիտուտից որոշ ծառայություններ կպահանջվեն, օրինակ իր տարածքների օտարում,  Ն. Երիցյանն այն ժամանակ որոշեց ինստիտուտը պահել իր հսկողության տակ, դարձնելով հիմնադրամ, ինքն էլ ստանձնեց հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Փաստորեն այդ ժամանակվանից ինստիտուտը դառավ պատանդ այդ Կենտրոնի, վարկերի, օֆշորների շուրջը վարվող խաղերի:
  2. Այդ կարգավիճակից ինստիտուտը տուժեց անմիջապես: Երիցյանը մտադրություն չուներ ժամանակ ծախսել ինստիտուտի վրա, բոլոր գործերը թողնելով իր նշանակած տնօրենի վերահսկողության հույսին, որը, իր հերթին, ինստիտուտին վերաբերվում  էր որպես անձնական սեփականության, ինչը հարուցում էր բազմաթիվ բողոքներ:
  3. Բայց ամենածանր խնդիրները առաջացան հետո, երբ  Երիցյանը որոշեց «արդարացնել» սառեցված կառույցը (Իզոտոպների արտադրության կենտրոնը)` հայտարարելով, որ այնտեղ գտնվող ցիկլոտրոնը (պրոտոնների արագացուցիչը) «շատ կարևոր է» Հայաստանում (ինստիտուտում) նոր ուղղություն զարգացնելու համար: Այդպիսով հնարավորություն «ստացավ» ծախսել ինստիտուտի միջոցները Կենտրոնի (ցիկլոտրոնի) թողարկման և աշխատանքի համար: Հենց այդ նոր ուղղության մասին էր խոսքը 7-րդ կետում: Այսինքն այդ նոր գերակա ուղղությունը հայտարարված է զուտ նրա համար, որ հիմնավորվի ինստիտուտի փողերով ցիկլոտրոնի թողարկումը: (Հարցի ճիշտ դրվածքը այն է, որ ցիկլոտրոնը կարող է լինել ինստիտուտի սարքերից մեկը, բայց նա չափազանց թույլ սարք է, որպեսզի դառնա գերակա ուղղության հիմք: Իսկ ուղղության հեռանկարների մասին կարելի է դատել նրանով, որ ծախսելով միլիոնավոր եվրո, ունենք մի չնչին հնարավորություններով (գիտական հեռանկարների տեսակետից) սարք, որի գլխավոր պարտականությունը բժշկական ախտորոշումն է:)
  4. Այդ նպատակով նոր տնօրեն նշանակվեց ամերիկահայ Անի Ապրահամյանը, որը և հայտարարեց, որ իր գերակա խնդիրն է ցիկլոտրոնի թողարկումը: Իր հայտարարության հիմքը միայն վերը նշված հոգաբարձուների խորհրդի անհիմն որոշումն էր: Ոչ մի գիտական կամ այլ ծրագիր նա այդպես էլ չներկայացրեց, չնայած մեր և նախարարության պահանջներին:
  5. Ավելին, արդեն հայտարարում են աշխարհին, որ նոր ուղղության կիրառումներից  մեկը կլինի այն, որ  «...ցիկլոտրոնի օգտագործման հետևանքով  Հայաստանում  զգալիորեն պակասելու է հիվանդություններից, մասնավորապես քաղցկեղից, մահերի քանակը»:  Այսինքն, գլխիվայր են արել հարցի էությունը: Ցիկլոտրոնը և տոմոգրաֆները  օգտագործվելու են քաղցկեղի ախտորոշման համար, բայց դա ոչ մի կապ չունի նոր ուղղության գոյության կամ բացակայության հետ: Այդ օգտագործումն արդեն պետք է տեղի ունենար, որպես հետևանք վարկային միջոցների ծախսի, ինչպես պլանավորված էր: Ֆիզիկայի ինստիտուտի միջոցներն ուղղել ցիկլոտրոնի թողարկմանը դա սխրագործություն չէ, այլ  գումարների ոչ նպատակային օգտագործում, որի համար ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի: 
  6. Արժի լրացնել, որ քաղցկեղից բուժման մասին խոսելը ևս մեկ այլ կեղծիք է այս պատմության մեջ: Այս կառույցը (Իզոտոպների արտադրման կենտրոնն իր գործիքներով՝ ցիկլոտրոնով և տոմոգրաֆներով) միայն ախտորոշման  գործիք է, այլ ոչ թե բուժման: 
  7. Անի Ապրահամյանը  դադարեցրել է մեր կարևոր միջազգային համագործակցություններից մեկի՝  CERN-ALICE-ի գիտափորձի անդամավճարի ֆինանսավորումը (որը պահանջում է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար տարեկան), և ծախսում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար ցիկլոտրոնի թողարկման համար: Նշենք, որ ցիկլոտրոնի կառուցման համար վերցրած վարկում կա մոտ 280 հազար եվրո՝ նախատեսված հենց ցիկլոտրոնի թողարկման համար: Դա նշանակում է, որ փոշիացվում են ինստիտուտի և՛ ֆինանսական միջոցները, և՛ գիտական համագործակցությունը: Այդ ամենը տեղի է ունենում առանց որևէ հիմնավորման, բոլոր կատարվող գործողությունների հիմքը մեկն է՝ տնօրենի միանձնյա որոշում: Ինչու՞ այդ 280 հազար եվրոն չի օգտագործվում թողարկման համար, չէ որ  այդ գումարը չի  կարող ծախսվել այլ նպատակներին:
  8. Ընդհանրապես, կա՞ արդյոք որևէ պետական որոշում, որի համաձայն ցիկլոտրոնի թողարկումը հանձնարարվում է ֆիզիկայի ինստիտուտին: Միթե՞ այնտեղ գրված է, որ դա պետք է արվի ինստիտուտի միջոցներով: Ով՞ է պատասխանատու բժշկական մասի համար:
  9. Հոգաբարձուների խորհրդի նախագահը և նույնիսկ ինքը՝ խորհուրդը, իրավասու չեն ինստիտուտին որևէ գիտական ուղղություն թելադրելու գոնե այն պարզ պատճառով, որ Խորհրդում չկա ոչ մի համապատասխան մասնագետ: Ըստ կանոնադրության, ինստիտուտի գիտական գործունեությունը գնահատում է հատուկ միջազգային գիտական խորհրդատվական կոմիտեն (ԳԽԿ): ԳԽԿ-ն ֆորմալ գոյություն ունի, սակայն  իր առաջին և միակ նիստը տեղի է ունեցել 2011 թվականին: ԳԽԿ-ի նախագահն է հայտնի գիտնական Յ.Ց. Հովհաննիսյանը, որը, սակայն, այդ նիստից հետո այլևս ինստիտուտում չի եղել, չնայած որ ամեն տարի այցելում է Հայաստան: Հեռու լինելով ֆիզիկայի ինստիտուտի հոգսերից, Հովհաննիսյանը  դարձել է  մանիպուլյացիայի առարկա: Ամեն անգամ Երիցյանը Հովհաննիսյանի միջոցով և իր հետ մտնում է թե հին, թե նոր բարձր ղեկավարների  առանձնասենյակներ (որոնք մեզ համար անհասանելի են) և այնտեղ հաստատում իր առաջարկությունները: Սակայն նման քննարկումները, և առավել ևս որոշումները, պետք է հիմնված լինեն համապատասխան ատյանների, բաժինների և մասնագետների պատրաստած հիմնավորումների վրա: Այս դեպքում չկա ոչ մի փաստաթուղթ, որ կվկայեր նման գործընթացը և կհիմնավորեր նոր գերակա ուղղության ստեղծման անհրաժեշտությունը կամ կարևորությունը, չկա  ցիկլոտրոնի թողարկումը ինստիտուտի կողմից հիմնավորող որևէ փաստաթուղթ:
  10.  Մեզ ասում են, որ Ն. Երիցյանը անձեռնմխելի է, քանի որ իրականացնում է կառավարության կապը Համաշխարհային Բանկի (World Bank) հետ: Բայց մենք չենք առաջարկում հանել Ն. Երիցյանին ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալի պաշտոնից: Մենք առաջարկում ենք նրան ազատել Հայաստանի առողջապահության և ֆիզիկայի մասին «հոգալու» ծանր բեռից: Համաշխարհային Բանկը ըմբռնումով կմոտենա նման որոշմանը: Բոլոր քաղաքակիրթ երկրներում հարգում են նրանց, ովքեր հիմնավորված ձևով պաշտպանում են իրենց շահերը:
  11. Եվ վերջապես ամենակարևորը՝ մինչև հիմա ոչ մի տեղ՝ ո՛չ հոգաբարձուների խորհրդում, ո՛չ նախարարությունում,  կամ որևէ այլ տեղ ինստիտուտի գիտնականները հնարավորություն չեն ստացել ներկայացնելու իրենց  պատկերացումները ինստիտուտի հեռանկարների մասին, այսինքն այն մասին, թե ինչպես, որ ուղղությամբ պիտի զարգանա ինստիտուտը, ինչ դեր նա ունի և կարող է ունենալ Հայաստանի զարգացման գործում: Տարբեր ծրագրերի առկայությունն արդյունավետ զարգացման երաշխիքն է, և ոչ միայն գիտական ոլորտում: Հենց դա է ամենակարևոր գործոնը, ինչի ապահովումը ակնկալում ենք երկրի ղեկավարությունից:

Եզրակացնելով՝ անհրաժեշտ է կարգավորել Իզոտոպների արտադրության կենտրոնի խնդիրները, ինչպես նաև կանգնեցնել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի անկումը և դուրս հանել այն ներկա քաոսային ճգնաժամային վիճակից: Այդ նպատակով առաջարկում եմ.

  1. Անջատել Իզոտոպների արտադրման կենտրոնի խնդիրները ինստիտուտի  խնդիրներից, չկապել դրանք ինստիտուտի ուղղությունների փոփոխման հետ:  Ընդունել պետական որոշումներ Իզոտոպների արտադրման կենտրոնի վերաբերյալ, կամ տեղեկացնել հանրությանը, եթե այդպիսիները արդեն ընդունված են: Մասնավորապես, պարզաբանել, թե որտեղ են Իզոտոպների արտադրման կենտրոնի թողարկմանը հատկացված վարկային գումարները: Որ փուլում է գտնվում Իզոտոպների արտադրման կենտրոնի թողարկման և շահագործման հարցը, ովքեր են այդ հարցերի պատասխանատուները, բժշկական մասը ներառյալ:
  2. Ինստիտուտի վերաբերյալ՝ որպես առաջին քայլ ուղղակի առաջարկեք, որ Ձեզ (և մեզ, ինստիտուտի աշխատողներին, կեղծիքից խուսափելու համար) ներկայացնեն  նոր ուղղության ստեղծումը հիմնավորող փաստաթղթերը: Դուք կտեսնեք, որ նրանք ըստ էության բացակայում են: ԵՎ հակառակը, չի կարելի վստահել միայն բանավոր գոյություն ունեցող «նախագծերին», դրանք սովորաբար հեքիաթներ են:
  3. Կարգավորել ինստիտուտի ղեկավարության հարցը՝ փոխել հոգաբարձուների խորհրդի կազմը, պարտավորեցնել հրապարակել բոլոր որոշումները, նշանակել լիազորությունների ժամկետ, ընդգրկել ինստիտուտի աշխատողներին (ինչը մեզ բազմիցս խոստացել են), և հանձնարարել հոգաբարձուների խորհրդին վերջապես զբաղվել ինստիտուտի գործերով ըստ էության:  Կարգավորել ԳԽԿ-ի հարցը՝ կամ նշանակել նոր գործող կազմ (նախընտրելի է), կամ վերացնել այն, վստահելով գիտական հարցերը ինստիտուտի գիտական խորհրդին և հանրապետական մակարդակի ատյաններին: 

 

Հարգանքներով,

Ռուբեն Մկրտչյան, ֆմգդ, ԱԱԳԼ (ԵրՖԻ) առաջատար գիտաշխատող, 1992-2001 թթ. ԵրՖԻ-ի տնօրեն:

 

Մեկնաբանություններ (3)

Արտուշ
Ձեր բողոքը տեղին է և արդարացված: Ն. Երիցյանի անձեռնմխելի անվան տակ վաստակած <<համբավը>> դեռ շատ տարիներ առաջվանից է հայտնի հանրությանը: Վստահ եմ, որ Մեծարգո վարչապետի, ինչու չէ նաև համապատասխան իրավապահ մարմինների ուշադրությունից չի վրիպի հերթական թալանվող օբյեկտ դարձրած Ֆիզիկայի ինստիտուտի ճակատագիրը: Կոչ եմ անում Հետքին լինել հետևողական և լուսաբանել բոլոր բաց նամակների հետագա ընթացքը:
Ռոբերտ Նազարյան
Foundation of Armenian Theory of Special Relativity by Pictures, Aug 9, 2016 ------------------------------------ https://www.academia.edu/28300342/Foundation_ATR_ARM ------------------------------------ Մեր այս պատկերավոր գրքում մենք ապացուցում ենք, որ «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն»-ը հարուստ է նուրբ և դժվար ըմբռնելի, շատ դեպքերում առօրյա կենսափորձին և ավանդական պատկերացումներին խիստ հակասող անսպասելի գաղափարներով։ Այս պատկերավոր գիրքը նախատեսված է լայն շրջանակների համար և այն չի ընդհանրացնում միայն մինչև այժմ տեսական արդյունքները, այլ առանց որևէ սահմանափակման և մաքուր մաթեմատիկական մոտեցման միջոցով, փորձում է մի նոր գիտական հեղաշրջում ապահովող թարմություն մտցնել հարաբերականության տեսության գաղափարների լուսաբանման և մեկնաբանման հարցերում, ինչպես նաև ուղղենշում է ճանապարհ հարաբերականության ընդհանուր տեսության ու միացյալ դաշտի տեսության կառուցման համար։ Հայկական Հարաբերականության Տեսությունը մաթեմատիկորեն այնքան կուռ է և կատարյալ, որ այն չի կարող լինել սխալ։ Հետևաբար մեր կողմից արտածված Հայկական ձևափոխության հավասարումները ոչ միայն պետք է փոխարինեն Լորենցի ձևափոխության հավասարումները, այլ ամբողջ արդի ֆիզիկան պետք է նորից գրվի։ Որովհետև Լորենցի ձևափոխության հավասարումները և մյուս բանաձևերը հանդիսանում են Հայկական Հարաբերականության Տեսության ձևափոխության հավասարումների և բոլոր մյուս բանաձևերի միայն մի շատ մասնավոր դեպքը, երբ s = 0 և g = -1։ Այս գրքույկում տեղ գտած ապացույցները շատ հակիրճ են և ընթերցողը ինքը պետք է գործադրի բավարար ջանք ինքնուրույն ստուգելու մեր բոլոր առաջադրությունները։ Ավելի մանրամասն ապացույցներին դուք կարող եք ծանոթանալ մեր հիմնարար՝ «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» աշխատության մեջ, որը տպագրվեց Հայաստանում Հունիս 2013թ.։ Եվ վերջապես այս գրքում դուք կհանդիպեք այնպիսի նոր և գեղեցիկ բանաձևերի, ինչպես օրինակ Հայկական Հարաբերականության Տեսության զարդը հանդիսացող՝ Հայկական էներգիայի և Հայկական թափի բանաձևերը, որոնց Աշխարհը տեսնում է առաջին անգամ և որոնք կարող են բարեփոխել մարդկության ապագան ստեղծելով մի նոր ոսկե դարաշրջան։
Ռոբերտ Նազարյան
Ժամանակն է հայտարարելու գիտության մեջ Հայկական հեղափոխության մեկնարկի մասին, որը մենք հայտարարել ենք դեռ 12 տարի առաջ՝ 2007 թվականին և մինչև այժմ էլ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Եվ ողջ հմայքը կայանում է նրանում որ ամբողջ աշխատանքը մենք արդեն կատարել ենք և պետական բյուջեին ոչ մի ծանրությունը չի պատճառվի։ Այս քայլը պետք է անհապաղ կատարվի, որովհետև առանց գիտության մեջ հեղափոխության գործընթացի, հնարավոր չէ հաջողությամբ հեղափոխություն իրականացնել տնտեսության ասպարեզում։ ============================== Theoretical Foundation of Infinite Free Energy ------------------------------------ https://www.academia.edu/17498990/Theoretical_Foundation_of_Infinite_Free_Energy ------------------------------------ The aim of this current article is to illustrate in detail Armenian relativistic formulas and compare them with Lorentz relativistic formulas so that readers can easily differentiate these two theories and visualize how general and rich our Armenian Theory of Special Relativity really is with a spectacular build in asymmetry. Then we are going behind this comparison and illustrating that build in asymmetry inside Armenian Theory of Special Relativity is reincarnating the aether as a universal reference medium, which is not contrary to relativity theory. We mathematically prove the existence of aether and we show how to extract infinite energy from the time-space or sub-atomic aether medium. Our theory explains all these facts and peacefully brings together followers of absolute aether theory, relativistic aether theory or followers of dark matter theory. We also mention that the absolute aether medium has a very complex geometric character, which has never been seen before. We are explaining why NASA’s earlier "BPP" and DARPA’s "Casimir Effect Enhancement" programs failed. We are also stating that the time is right to reopen NASA’s BPP program and fuel the spacecrafts using the everywhere existing aether asymmetric momentum force. Armenian relativistic formulas is full of asymmetry, which is in every single formula because of coefficient asymmetry s and that asymmetry is the essence and exciting part of the Armenian Theory of Relativity and therefore we demand a revision of all legacy mechanics under these remarkable new circumstances. The time has also come to reopen NASA’s BPP program, but this time using our everywhere existing Armenian asymmetric formulas. This will lead us to harness infinite energy from rest particle’s momentum just as we harness energy from the wind using a windmill. Going in this path will bring forth the dawn of a new technological era. It is worth to mention again that all legacy physics (classical and relativistic) transformations and formulas can be obtained from Armenian Theory of Relativity as a particular case by substituting s = 0 and g = -1. In the end we like to make a statement that: Armenian Theory of Relativity is a Theory of Asymmetric Relativity.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter