HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2,3 միլիարդ դրամով ավելացավ ՊԵԿ աշխատողների պարգևատրումների չափը

Կառավարությունը 2 միլիարդ 330 միլիոն դրամով ավելացրեց հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումների չափը։

Չնայած որոշմանը դեմ քվեարկեցին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը` կառավարության անդամների մեծամասնությունը կողմ էր գումարի տրամադրմանը։

Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում, այն ապահովելու է պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքը։

Ըստ ՊԵԿ-ի` կառավարության ծրագրերում առաջնահերթ է ՊԵԿ համակարգում կոռուպցիայի իսպառ վերացումը, իսկ այդ նպատակին հասնելու կարևորագույն գործիքներից է համարվում նաև աշխատակիցների նյութական խրախուսումը։

Պարգևատրման այս գումարը, ըստ ՊԵԿ նախագահի, հատկացվելու է կոմիտեի արտաբյուջեից․ «Առաջին անգամ է և երևի թե միակ անգամն է, որ ազատ միջոցը մուտքագրվում է որպես եկամուտ և հավելյալ հարկեր հավաքագրելու կամ այլ ծախսերի կրճատման չի հանգեցնելու»,- նշեց Անանյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստին հայտնեց, որ պարգևավճարի հատկացումը պետք է լինի համահարթ բոլոր գերատեսչությունների դեպքում։

Հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՊԵԿ-ի հատկացրած պարգևավճարները տարվա ամենասկանդալային թեման էր։ Նա կարևորեց նաև այս թեմայի վերաբերյալ հնչած հանրային քննարկումները։

Վարչապետն ընդգծեց, որ իրենց ցանկացած Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության վարկանիշը պետք է բարձր լինի, և կառավարությունը պետք է կարողանա պետական ծառայությունը գրավիչ դարձնել առավել բարձր մասնագիտական որակավորում ունեցող կադրերի համար։

Փաշինյանը շեշտեց, որ աշխատավարձերի բարձրացումը առանձին պաշտոնյաների բարեկեցության հարցը լուծելու համար չէ, այլ հանրությանը որակյալ ծառայություններ մատուցելուն է ուղղված։

Նա ասաց՝ կա կարծիք, որ նպաստառուի աշխատավարձը բարձրացնելու փոխարեն բարձրացնում են նպաստառուին վճարող պաշտոնյայի աշխատավարձը․ «Այո, մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի ապահովենք այդ գումարների առավել հասցեականությունը և տանք խթան այն պաշտոնյային, որ ինքը իր աշխատանքի մեջ խթան ունենա պատշաճ մակարդակով կատարի երկարաժամկետ և կարճաժամկետ այն պարտավարությունները, որն ունի թոշակառուի և նպաստառուի, աշխատողի և պետական բյուջեի նկատմամբ»։

Վարչապետի խոսքով՝ նախկինում կոռուպցիայի համար եղել են բարենպաստ պայմաններ, շատ դեպքերում ծրարով ստվերային աշխատավարձ են ստացել, իսկ այսօր այդ երևույթները չկան։

Գործադիր ներկայացված որոշման նախագծում նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցների նյութական խրախուսման ֆոնդի ավելացումը կնպաստի հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողական մեխանիզմների կատարելագործմանը, կիրառվող հսկողական գործիքների և վերլուծական գործիքակազմի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ կապահովի հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության ավելացում, ստուգումների քանակի կրճատում և ստուգումների արդյունավետության բարձրացում։

Նշենք, որ ՊԵԿ-ին 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել էր 1 միլիարդ 836 միլիոն դրամ։ Սակայն ՊԵԿ-ը համարել է, որ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter