HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյան 106/1 շենքի հարցով բնակիչները բաց նամակ են հղել Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Թումանյան, Սայաթ-Նովայի պողոտա, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներից

Հարգելի պարոն քաղաքապետ,

2010 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1258-Ն որոշմամբ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և տարածք ձեռք բերող է սահմանվել «Ավագ Շին» ՍՊԸ-ն:

Նույն որոշման հիմնավորման 1ա. կետում նշվում է, որ քաղաքի հիշյալ հատվածում պետք է կառուցվեն «բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի»:

Վերոհիշյալ որոշումն ընդունվել է՝ խախտելով 2005թ. նոյեմբերի 15-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ ենթակետը, համաձայն որի՝ «պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով»:

Մեր ստացած բոլոր պաշտոնական փաստաթղթերից և մասնագետների գնահատականներից դատելով` կարելի է եզրակացնել, որ նշված տարածքում բնակելի շենքերի կառուցումը շրջակա շենքերի բնակիչներին կկանգնեցնի աղետալի վիճակի առջև

1. Առկա է սեյսմիկ վտանգ, քանի որ համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (09.09.2011-ի N7/153/1743-1) գրություն` մեր շենքերը սեյսմիկ առումով խոցելի են, և ցանկացած տիպի շինարարությունից առաջ անհրաժեշտ է նախ ամրապնդել շրջակա շենքերի հիմքերը, ինչը չի իրականացվել:

2. Էլիտար շենքերի շինարարությունը շրջակա շենքերի բնակիչներին կկանգնեցնի բնապահպանական մի շարք խնդիրների առաջ: Առկա ծառերի տեղափոխումը տարածքի միկրոկլիման կդարձնի էլ ավելի չորային, իսկ դրանց փոշեկլանիչ ազդեցության բացակայության պայմաններում շինարարական աղբը և փոշին առողջական վտանգի կենթարկեն մեզ և մեր երեխաներին:

3. Նույնիսկ կանաչ գոտու մասնակի վերստեղծումը 50-60 տարի հետո չի ապահովելու այսօր ներբակային ընդհանուր տարածքում առկա բնական միջավայրը:

4. Որևէ մեկը պարտավորություն չի ստանձնել փոխհատուցելու շրջակա շենքերի բնակիչներիս` շինարարության արդյունքում մեր ներբակային տարածքում լուսային, բնապահպանական, բնակ.խտության և աղմուկի ավելացման հետևանքով շրջակա շենքերի բնակարանների գնային անկման դիմաց:

Վերոհիշյալ հստակ ձևակերպված կետերի հիման վրա կարելի է փաստել, որ տարածքի «բարեկարգումը» «բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղիի» կառուցման հաշվին, չի բխում ոչ մեր առողջական, ոչ էլ բարեկեցության շահերից:

Ելնելով վերոգրյալից` մենք դեմ ենք Նալբանդյան 106/1-ի տարածքում [կառուցապատմանը], ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 33 կետի երկրորդ ենթակետով ամրագրված մեր իրավունքից, ըստ որի «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում»:

Սա ակնհայտ մի դեպք է, երբ հանրությունը, ի հակադրություն կառավարության վերոհիշյալ որոշման, որն իբր ուղղված է իր` հանրության բարօրությանը, ցույց է տալիս, թե որն է իր համար իրական բացառիկ գերակա շահը:

Մեզ՝ որպես նշված տարածքի բնակիչների ընդհանուր զանգվածի մեծամասնության համար բացառիկ է մեր և մեր երեխաների առողջության, առողջ կենսամիջավայրի պահպանության և սեյսմիկ անվտանգության շահը, որից ելնելով անթույլատրելի ենք համարում նշված տարածքի ծանրաբեռնումը նոր բնակելի շինություններով` ի հաշիվ առկա կանաչ գոտու և տարածքի բնակչության խտացումը:

Մենք հավատքով ենք լցված Ձեր հանդեպ: Մենք լիահույս ենք, որ լինելով երիտասարդ քաղաքապետ և վաստակավոր հոր արժանի ժառանգ՝ Դուք կարող եք մեկ վճռական քայլով մեկընդմիշտ լուծել այս խնդիրը, ինչը, անկասկած, բարձր կգնահատվի ողջ հանրության կողմից: Այս պահից սկսած` այս հարցում մեր բոլոր ակնկալիքները և անհաջողության դեպքում` հիասթափությունները մենք կապում ենք Ձեր անվան հետ:

Հարգանքով և վստահությամբ`
Թումանյան, Սայաթ-Նովայի պողոտա, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներ
06.02.2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter