HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանձնարարեց պատժել սեղմված բնական գազի գնի բարձրացման մանիպուլյացիա անող տնտեսվարողներին

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկվանից սոցիալական ցանցերում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որ սեղմված բնական գազի սակագինը բարձրացել է։

Պարզաբանումներ ստանալու նպատակով վարչապետն այսօր կառավարություն էր հրավիրել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին։

Վերջինս պարզաբանեց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել «Խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7․1 (խմ), բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ից գազի միջին խտությունը գալիս է 7,9-ով (խմ)։ Այսինքն՝ աճել է։ Հետևաբար, տնտեսվարողները իրենց ծրագրի մեջ փոփոխություն պետք է անեին, որը չեն արել։ Հետևաբար, մեր սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել, որի համար շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավել գումար վճարեն»,- նշեց Կոտոլյանը։

Նրա փոխանցմամբ՝ գազալցակայանների սեփականատերերի հետ քննարկումներ են ունեցել՝ խնդրելով ամեն օր ծրագրում գազի խտության հստակ տվյալներ ներմուծել, որ քաղաքացիները ստիպված չլինեն ավել վճարել։

Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է սա ԱԳԼՃԿ-ների բողոքն է կառավարության այն գործողություններին, որով փորձում են գազալցակայաններում կրճատել ստվերն ու չարաշահումները։

Անանյանը չհերքեց վարչապետի այս կասկածը, ասաց՝ տեսականորեն հնարավոր է․ «Գազալցակայանների աշտարակները, դեռևս 2008 թվականին կառավարության ընդունած որոշմամբ, իրենք հնարավորություն ունեն և՛ կիլոգրամներով, և՛ մետր խորանարդներով ցուցմունքներ ապահովել։ Ամեն օր առավոտ համակարգիչ մուտք է արվում խտության գործակից, և տարիներ շարունակ մենք այդպիսի տեսակետ ունենք, որը դեռ ճշգրտման կարիք ունի, որ նաև այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պարագայում կարող էր ապահովել որոշակի ծավալների փոփոխություն»։

Վարչապետը ընդգծեց՝ որքան վերլուծում է ստեղծված իրավիճակը, հասկանում է, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ։

«Ես էլի ուզում եմ կրկնեմ, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են։ Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել, արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան։ Բոլորը՝ առանց բացառության։ Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ-ին, շուկայի վերահսկողության տեսչական մարմնին և լիազոր այլ մարմիններին՝ շատ արագ արձագանքել և խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, ովքեր սեղմված բնական գազի գնի բարձրացման մանիպուլյացիաներ են փորձում անել:

Նիկոլ Փաշինյանը կրկին ՊԵԿ նախագահին հայտնեց՝ ստվերի դեմ պայքարում կոմպրոմիս չկա, և Հայաստանում չի լինելու գազալցակայան, որը ՀԴՄ կտրոն չի տպելու․ «Պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter