
Կառավարությունը մերժեց ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկությունը
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկությանը։
Մշակույթի նախարարությունը կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշել է, որ նպատակահարմար չէ օրենքով ընդունել ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ արդեն իսկ կա կինոյի միջազգային օր՝ դեկտեմբերի 28-ը։
«Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,-առաջարկության վերաբերյալ հայտնել է մշակույթի նախարարությունը։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների և մասնագիտական նշանակալի օրերի, յուրաքանչյուր տոն ունի պատմական հիմնավորումներ ու պատճառաբանություններ։
Նաիրա Զոհրաբյանը ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու ընտրությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ հայկական կինոն ունի շուրջ հարյուրամյա պատմություն և պետք է դիտարկվի որպես ազգային մշակութային հարստության կարեւորագույն մաս։
Զոհրաբյանը նշել է, որ ապրիլի 16-ը ընտրվել է ոչ պատահական․ 1923 թվականի ապրիլի 16-ին է հիմնվել «Պետկինոն» (ներկայիս «Հայֆիլմ» կինոստուդիան), որի ջանքերով ստեղծվել են հայկական կինոժառանգության առաջին պատմական նմուշներ։
Մեկնաբանել