Ըստ Արմեն Աշոտյանի՝ առաջին խնդիրը դպրոցից դուրս մնացած երեխաներին դպրոց վերադարձնելն է
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի 2012 թ. առաջին նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը, բացի կոլեգիայի մշտական անդամներից, մասնակցել են նաև ՀՀ մարզպետներն ու Երևանի քաղաքապետը: Կոլեգիայի նիստում քննարկվել են կրթության ոլորտում միասնական պետկան քաղաքականությանն առնչվող խնդիրներ:
Արմեն Աշոտյանը, նշել է, որ կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրների լուծումն ուղղակիորեն պայմանավորված է տեղական մարմինների արդյունավետ աշխատանքով: Նա, մասնավորապես, ներկաների ուշադրությունը հրավիրել է կրթական համակարգից տարբեր պատճառներով դուրս մնացած երեխաների խնդրի վրա և նշել, որ վիճակագրական տվյալներն այս առումով հստակ ու սպառիչ չեն:
«Շեշտակի տարբերություն կա պաշտոնական վիճակագրության և հասարակական ու միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալների միջև: Այս ուղղությամբ ջանքերի համադրման անհրաժեշտություն կա: Դպրոց չհաճախող ոչ մի երեխա մեր տեսադաշտից պետք է դուրս չմնա: Մեր գերակա խնդիրն է հասկանալ, թե կոնկրետ որ երեխան ինչպիսի աջակցության կարիք ունի: Դպրոցից դուրս մնացած երեխային պետության կողմից մեկնված ձեռքը պետք է ամուր և հուսալի լինի, աջակցությունը՝ նպատակային: Թիվ մեկ հարցը, որ համատեղ պետք է լուծենք, այդպիսի երեխաներին դպրոց բերելն է»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Տեղերում իրավիճակի վերաբերյալ մարզպետները ներկայացրել են իրենց գնահատականներն ու մոտեցումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվը ճշտելու նպատակով քաղաքապետարանը, վարչական շրջանները և ոստիկանության համապատասխան բաժինները կատարել են ուսումնասիրություն. մայրաքաղաքում հաշվառել են դպրոց չհաճախող 10 երեխա: Արդյունքը վերջնական չէ, աշխատանքները շարունակվում են:
Ընդգծելով, որ հիմնական կրթությունն օրենքով պարտադիր է բոլոր երեխաների համար, Արմեն Աշոտյանը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն և իրավիճակի գնահատական ունենալու նպատակով նախարարությունն ակնկալում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես UNICEF-ի աջակցությունը:
ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում անդրադարձ է եղել նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությանը: Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ կառավարման խորհուրդները, չնայած ինստիտուցիոնալ առումով դեռևս լիարժեք կայացած չեն, բայց ընդհանուր առմամբ աշխատում են արդյունավետ:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ նախորդ տարվա սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավելի քան 900 դպրոցում տեղի են ունեցել տնօրենների մրցույթներ, որոնցից մեկ տասնյակի՝ այսինքն մոտ 1 տոկոսի վերաբերյալ են բողոքներ ու դժգոհություններ եղել: Ցանկացած համակարգային բարեփոխման համար սա դրական ցուցանիշ է:
«Այնուամենայնիվ, որոշ դպրոցներում կա դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի հետ կապված խնդիր, որն անհրաժեշտ է կարգավորել տվյալ համայնքի բնակչության և մարզպետարանի լիազորությունների, ինչպես նաև նախարարության քաղաքականության համատեքստում»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նա հավելել է, որ տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ ավելի հետևողական աշխատանքի անհրաժեշտություն կա:
Նախարարը մտահոգիչ է համարել այն, որ, համաձայն սոցիոլոգիական հարցումների, կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բավարար տեմպով չեն նվազում: ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված ահազանգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակական դժգոհությունը հիմնականում պայմանավորված է դպրոցներում ապօրինի դրամահավաքով:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծնողական համայնքի աջակցությունը դպրոցին լինի բացառապես օրինականության սահմաններում: Այսինքն՝ աջակցությունը պետք է լինի բացառապես կամավորության սկզբունքով, փոխանցումը՝ դպրոցի բանկային հաշվին և կուտակված միջոցների օգտագործումը՝ թափանցիկ և նպատակային»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների ֆինանասավորմանը, դասագրքերին, ուսուցիչների վերապատրաստմանը և ատեստավորմանը, ՀՀ բուհերի նախորդ տարվա հաշվետվություններին ու համակարգի ֆինանսավորմանը վերաբերող մի շարք խնդիրների:
ԿԳՆ-ի կայքի տեղեկացմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի կրթության ոլորտի գերակայություններից բխող 2012 թ. միջոցառումները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել