Վարչապետ․ ՊԵԿ-ը գերակատարում է հարկերի հավաքագրումը՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշող գործողությունների
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Պետական եկամուտների կոմիտեն տարվա առաջին եռամսյակում 11․4 միլիարդ ՀՀ դրամով գերակատարել է հարկային եկամուտների պլանը և պարտավորվել գերակատարել այս տարվա պետբյուջեի եկամուտը առնվազն 40 միլիարդ դրամով․«Ինչը մեզ հնարավորություն է տալու 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել զինծառայողների աշխատավարձը և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը»,- նշեց նա։
Վարչապետը նշեց, որ 2018 թվականը հարկային հավաքագրումների համար բարդ տարի է եղել, այդ առումով կառավարությունը շատ լարված է եղել․«Դա իր մեջ ունեցել է նաև շատ կարևոր քաղաքական կոմպոնենտ, որովհետև հասկանալի էր՝ ինչ միջավայրում էինք մենք գտնվում քաղաքական այդպիսի հսկայական փոփոխություններից հետո․ մի միջավայրում, մի պայմաններում, երբ անցած տարվա օգոստոս-սեպտեմբերին ամենապոպուլյար բառը «հակահեղափոխությունն էր»։ Ես առիթ եմ ունեցել նաև բազմիցս ասելու, այսպես ասած, «հակահեղափոխական» դավադրության նպատակակետերից մեկը եղել է այն, որ կառավարությունը չկարողանա ապահովել հարկային հավաքագրումները, ինչից արդեն՝ շղթայական ռեակցիայով չստանան թոշակները, նպաստները, աշխատավարձերը»։
Վարչապետը, սակայն, ուրախությամբ արձանագրեց, որ ՊԵԿ-ն արդեն գերակատարում է հարկային հավաքագրումները, ընդ որում՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշող գործողություններ կատարելու։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել