HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղինե Բիշարյան. «ՀԱԿ-ն անպայման խորհրդարանում իր տեղն ու դերը կունենա»

«Ի դեմս Դաշնակցության, ՀԱԿ-ի՝ ընդդիմության բավականին լայն ճակատ կա, և եթե նույնիսկ միասնություն էլ չլինի, ամեն մեկն իր հերթին բավականին ձայներ կհավաքի, և ընդդիմությունն իր ծանրակշիռ տեղը կունենա Ազգային ժողովում»,- այսօրվա մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա դրական է համարում խորհրդարանում ընդդիմության առկայությունը: Ըստ Հեղինե Բիշարյանին՝ ընդդիմությունն անհրաժեշտ է խորհրդարանում, որպեսզի և իշխանական թևը, և ամբողջ օրենսդրական գործունեությունը, որ կատարվում է ԱԺ-ում, «հետևողականության սուր աչքերի ներքո լինեն»: Սա կնպաստի նրան, որ կսկսվեն ավելի առողջ և ժողովրդին ծառայող նախագծեր ձևավորվել, և կատարվող աշխատանքներն ավելի բարձր մակարդակի վրա կլինեն:

«ՀԱԿ-ն արդեն մի քանի տարի է, ինչ հետևողական աշխատում է քաղաքական դաշտում, և հանրության որոշակի մաս կա, որ նրա կողքին է: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ն անպայման խորհրդարանում իր տեղն ու դերը կունենա»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Սպասվող խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է ներկայանալ՝ առանց աչքի ընկնող գործարարների: Ըստ նրան՝ բոլոր քաղաքական ուժերում կան գործարարներ, որոնք նույն օլիգարխները չեն, և դժվար է միանգամից ողջ երկիրը ձերբազատել օլիգարխիկ համակարգից:

«Մեր քաղաքական թիմում այսօր աչքի ընկնող գործարարներ չկան և չեն լինելու: Եվ մեր ցուցակը փորձելու ենք զերծ պահել հայտնի կամ ծանրակշիռ գործարարներից»,- ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի ողջ գործունեությունն ուղղված է օրենքի երկիր ստեղծելուն: Կուսակցության երազանքն այնպիսի երկիր ստեղծելն է, որտեղ օրենքներ ոչ միայն կընդունվեն, այլև ի կատար կածվեն:

2013 թ. սպասվող նախագահական ընտրությունում ՕԵԿ-ը սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Այդ մասին հայտարարվել էր դեռևս փետրվարի 13-ին, և մենք հավատարիմ ենք նմալու մեր խոստմանը, իսկ սպասվող խորհրդարանական ընտրություններին ակնկալում եմ, որ շատ ձայներ կհավաքենք»,- նշեց Հեղինե Բիշարյանը:

Նարինե Սարգսյան

Մեկնաբանություններ (1)

Քաջիկ Արեյան
ՀՀ Սահմանադրություն` ըստ ՕԵԿ-ի Աչքի ընկնող գործարարներն իրավունք չունեն լինել պատգամավոր, իսկ աչքի չընկնողները` ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter