Ռիգայի ռուս քաղաքապետին պաշտոնանկ են արել կոռուպցիոն սկանդալի պատճառով
Լատվիայի շրջակա միջավայրի և տարածքային զարգացման նախարար Յուրիս Պուցեի որոշմամբ՝ պաշտոնանկ է արվել մայրաքաղաք Ռիգայի ազգությամբ ռուս քաղաքապետ Նիլ Ուշակովը: Պաշտոնանկությունը կապված է Rīgas Satiksme տրանսպորտային ընկերությունում խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ: Միևնույն ժամանակ Ուշակովը պահպանել է տեղը ավագանու կազմում:
Rīgas Satiksme ընկերության գլխավոր բաժնետերը Ռիգայի քաղաքային իշխանությունն է: Ընկերությունն ու նրա ենթակառուցվածքները պատասխանատու են մայրաքաղաքի ամբողջ տրանսպորտային համակարգի համար: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Նիլ Ուշակովի պաշտոնանկության հիմնական պատճառը նրա կողմից թույլ տրված խախտումներն են: Այս գործում նա հանդիսանում է՝ որպես Rīgas Satiksme-ի սեփականատիրոջ ներկայացուցիչ:
Ավտոբուսների, տրոլեյբուսների և տրամվայների գնման գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ քննությունը սկսվել էր 2018թ. նոյեմբերին: Կասկածելի գործարքների ընդհանուր արժեքը հասնում է 270 միլիոն եվրոյի: Դա Ռիգայի տարեկան բյուջեի 1/4 մասն է կազմում:
2018-ի դեկտեմբերին Լատվիայի կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոն 30 խուզարկություն է կատարել և ձերբակալել 7 մարդու: Նրանց թվում եղել են գործարարներ և Rīgas Satiksme ընկերության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ընկերության նախկին ղեկավար Լեոն Բեմհենսը:
Հետաքննությունն անցկացվում է Լեհաստանի հակակոռուպցիոն գերատեսչության հետ համագործակցությամբ, որն իր հերթին հաղորդել էր, թե այս գործում հնարավոր կածառքի չափը 800 հազար եվրո է եղել: Լեհաստանում երկու մարդ ձերբակալվել էր, ապա կալանավորվել:
Ավտոբուսներ, տրոլեյբուսներ և տրամվայներ արտադրող լեհական Solaris ընկերությունը հայտարարել է, որ համագործակցում է քննության հետ: Գործում ներգրավված է նաև չեխական Škoda ընկերությունը, որի ներկայացուցիչը կասկածյալների թվում է:
Ռիգայի փոխքաղաքապետ Անդրիս Ամերիկսը ինքնակամ հրաժարական է տվել իր աշխատաեսնյակում կատարված խուզարկությունից հետո: Ռիգայի քաղաքապետարանում նա աշխատում էր 18 տարի:
BBC-ի հաղորդմամբ՝ խուզարկություններ են կատարվել նաև Նիլ Ուշակովի աշխատասենյակում և նրա տանը: Նա չէր ցանկացել ինքնակամ հրաժարական տալ: Ռիգայի ավագանու ընդդիմադիրները վստահ են, որ հենց Ուշակովն է կրում կատարվածի ամբողջ պատասխանատվությունը, քանի որ քաղաքապետն է հանդիսանում տարածքային ձեռնարկության փաստացի սեփականատերը:
Հարկ է ընդգծել, որ Ուշակովին կոռուպցիոն գործարքներում չեն մեղադրում, այլ քաղաքապետի պաշտոնում պարտականությունների կատարման թերացման և խախտումների համար:
Ընդդիմադիր պատգամավորները երեք անգամ արտահերթ նիստ են հրավիրել՝ Ուշակովի հրաժարականի պահանջով, սակայն ամեն անգամ վերջինս մեծամասնության վստահությունն էր ստանում: Ուշակովի կողմնակիցները նույնիսկ ակցիա են անցկացրել Ռիգայում, որին մասնակցել է մի քանի հազար մարդ:
Լատվիայի կառավարությունը հրաժարվել է արձակել Ռիգայի ավագանին, քանի որ նոր քաղաքային խորհուրդը չի կարող պատասխանատվություն կրել նախկինների գործունեության համար, իսկ վերջին կասկածելի գործարքը կատարվել է վերջին ընտրությունների մեկ տարի առաջ:
Քաղաքային իշխանության հերթական ընտրությունները Ռիգայում տեղի կունենան 2021 թվականին, առայժմ հայտնի չէ, թե մինչը այդ ով է զբաղեցնեու քաղաքապետի պաշտոնը:
Նիլ Ուշակովը Ռիգայի ավագանին ղեկավարում էր 2009 թվականից: 2010-ից նա հանդիսանում է «Համաձայնություն» կուսակցության համանախագահը: «Համձայնությունը» Լատվիայի ամենահայտնի կուսակցությունն է, որի օգտին ավանդաբար քվեարկում է ռուսախոս բնակչությունը:
Կուսակցության երկրորդ համանախագահ Յանիս Ուրբանովիչը կարծում է, որ Ուշակովի դեմ քաղաքական պատերազմ է վարվում, որը հրահրել է «Ազգային միություն» ազգայնական կուսակցությունը:
Ուշակովը նախապես խոստացել է, որ դատարանում վիճարկելու է իր պաշտոնանկության որոշումը: Նրա խոսքերով՝ շրջակա միջավայրի և տարածքային զարգացման նախարար Յուրիս Պուցեն չի կարող ապացուցել, որ այդ որոշումը իրավական է եղել, և ոչ թե քաղաքական: Ըստ Նիլ Ուշակովի՝ Պուցեն զբաղվում է մոլախաղերի բիզնեսի լոբբինգով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել