HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կոմպասս» կենտրոնի ահազանգը. 23 մլն եվրո արժողությամբ փողոցաշինությունը Գյումրիում ընթանում է նախագծային, որակական եւ ժամկետների խախտումներով

Մեկ տարի առաջ՝ 2018թ-ի ապրիլ ամսից, Գյումրիում մեկնարկել են մի շարք փողոցների եւ հրապարակների հիմնանորոգման աշխատանքներ՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 23 840 000 մլն եվրո է, որից 14 600 000 մլն եվրո վարկային միջոցները տրամադրել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել 12 փողոց եւ 3 հրապարակ: Աշխատանքներն իրականացնում են մի քանի շինարարական կազմակերպություններ՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Սիսիանի ԲՈՒՍՏ» ՍՊԸ, «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ, «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ, «Էլեկտրասերվիս» ՍՊԸ:

Գյումրու «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացրել հիմնանորոգվող 5 փողոցում:  

Ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին Գյումրիում զգալի աշխատանքներ են կատարվել փողոցաշինության ոլորտում: Սակայն կատարված ոչ բոլոր աշխատանքներն են որակյալ, իսկ ճանապարհների շահագործման ժամկետներն էլ կարճ են, ընդ որում՝ քաղաքացին ականատես է լինում, թե ինչպես է ամեն տարի փոսալցված նույն տեղում փոսալցում կատարվում, իսկ ջրահեռացման համակարգերն էլ չեն ապահովում կատարած աշխատանքների արդյունավետությունը:

«Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ եւ որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրի նպատակն է եղել բարձրացնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից տրված վարկային միջոցների շրջանակում իրականացվող փողոցաշինության աշխատանքների որակը եւ նպաստել սահմանված նորմերի ու չափանիշների համապատասխանությունը»,- պարզաբանեց Ղարիբ Հարությունյանը:

Մոնիտորինգի ենթարկված՝ Վազգեն Սարգսյան եւ Գարեգին Նժդեհ փողոցներում, Մուշ-2 թաղամասին միացող հատվածում, Ջիվանի եւ Երեւանյան խճուղիներում շինարարական նորմատիվները հիմնականում պահպանված են եղել, սակայն արձանագրվել են այնպիսի շեղումներ, որոնց վերաբերյալ մոնիտորինգի ստուգաթերթերում նշված չեն եղել եւ քաղաքացի-մոնիտորները դրանք արձանագրել են:

Օրինակ՝ Վազգեն Սարգսյան փողոցում արձանագրվել է տեղադրված մայթեզրերի առանձնացում բետոնե շերտից՝ փշրվող բետոնի պատճառով, Ջիվանի փողոցում շեղումներ արձանագրվել են երթեւեկելի մասում երկշերտ ասֆալտբետոնի շերտերի հաստությունների նորմերի պահպանման մասով, շեղումը կազմել է 5-6 սմ: Իրականացված մյուս չափումների դեպքում նորմատիվները կամ պահպանված են եղել, կամ գերազանցել են սահմանված նվազագույն շեմը:

Ծրագրի շրջանակներում Գյումրիում հիմնանորոգված երկու փողոցներից՝ Կոմիտաս եւ Մուշ-2 թաղամասին միացող փողոցների ասֆալտբետոնե ծածկից վերցվել են հանուկներ եւ ենթարկվել լաբորատոր փորձաքննության՝ անկախ փորձագիտական ընկերությունում: Ընդհանուր առմամբ ասֆալտբետոնե ծածկույթից վերցված հանուկները համապատասխանել են ԳՕՍՏ 9128-2013-ի պահանջներին եւ էական շեղումներ ու նորմատիվային խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիմնական խախտումները, որ արձանագրվել են մոնիտորինգի արդյունքում, վերաբերել են նախագծերին, աշխատանքների իրականացման համար հաստատված ժամկետներին եւ որակին: Ըստ ծրագրի պատասխանատուների՝ աշխատանքների նման դանդաղ տեմպերի պայմաններում, կասկածելի է նաեւ փողոցաշինական ծրագրի համար նախանշված նոր ժամկետը՝ հունիսի 30-ը:

Մարտի 3-ին «Կոմպասս» կենտրոնի իրականացրած մշտադիտարկման արդյունքների հանրային ամփոփ հաշվետվության ու քննարկմանը մասնակցում էին նաեւ քաղաքապետարանի եւ մարզպետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը հիմնականում համաձայն չէր ներկայացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հետ: Ջիվանի փողոցում ասֆալտաշերտի հաստության 5-6 սմ շեղումը նորմից, ըստ Կնյազ Մանասյանի, ոչ թե շեղում է, այլ կիսատ աշխատանքի հետեւանք:

Ինչ վերաբերում է պայմանագրային ժամկետների խախտմանը, ապա այս հարցում էլ պարոն Մանասյանը քաղաքային իշխանություների թերացումը չգտավ: Փորձագետներին զարմացրել էր փաստը, թե ինչպես կարող էր քաղաքապետարանը ստորագրել մի պայմանագիր, որտեղ որպես շինաշխատանքների ավարտ նշված են հունվար-փետրվար ամիսները: Սա թերեւս ամենաանբացատրելի կետն էր, քանի որ խստաշունչ կլիմա ունեցող Գյումրիում չէր կարող ձմռան ամիսներին ասֆալտապատում իրականացվել:

Երեւանյան խճուղու համար որպես աշխատանքների մեկնարկ՝ նշված է եղել 2018թ-ի հուլիսի 24-ը, իսկ ավարտ՝ 2019թ-ի փետրվարի 18-ը: Քաղաքապետարանն այս դիտարկմանը որպես պարզաբանում նշել էր, որ պայմանագրերում նշված վերջնաժամկետներին պետք է ավելացնել եւս 60-70 օր: Առաջարկն ընդունվել է, եւ ինչպես նշեց ծրագրի մշտադիտարկման աշխատանքների համակարգող Մարինե Ավետիսյանն, իրենք վերահաշվարկ են արել, սակայն անգամ այդ դեպքում աշխատանքներն ավարտվում են մայիս ամսին, որը եւս իրատեսական չէ: Արդեն իսկ հստակ է, որ մոնիտորինգի ենթարկված 5 փողոցից 4-ում աշխատանքները ժամանակին չեն ավարտվելու:

«Պայմանագրերում աշխատանքների իրականացման համար նշված է 180 օր»,-արդարացավ Կնյազ Մանասյանը:

«Այդքան աշխատանքային օր՝ հանած շաբաթ-կիրակին, թե՞ պարզապես այդքան օր»,- հետաքրքրվեց ծրագրի ֆինանսական փորձագետ Կարեն Պետրոսյանը՝ հորդորելով պաշտոնյային վերադառնալ իրականություն եւ չզբաղվել մանիպուլյացիայով:

«Ես տպավորություն ունեմ, որ պարոն Մանասյանն ապրում է այլ Գյումրիում, մենք՝ այլ,- նկատեց Կարեն Պետրոսյանը,- խնդրում եմ վերադարձե՛ք մեր Գյումրի, պարո՛ն Մանասյան»:

Կարեն Պետրոսյանին հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք Գյումրու համայնքապետարանը շինկազմակերպությունների նկատմամբ այս ընթացքում կիրառել է տույժեր՝ աշխատանքների ժամկետներն ուշացնելու կապացությամբ եւ ստացավ «ոչ» պատասխանը:

«Ինձ հետաքրքիր է նաեւ, թե Կոմիտաս փողոցում նախագծով չնախատեսված կամրջի կառուցման համար ծախսված 100 մլն դրամի տարբերությունը ծրագրի բյուջեում ով պետք է փոխհատուցի»,- կրկին հարց ուղղեց քաղաքապետարանի պաշտոնյային Կարեն Պետրոսյանը: Կնյազ Մանասյանը չկարողացավ պատասխանել ֆինանսիստի հարցին, միայն նշեց, որ այդ կամուրջը հնուց եղել է նշված հատվածում, պարզապես նախագծում տեղ չի գտել:

Անցած տարի ստեղծվել էր վերահսկող աշխատանքային խումբ՝ նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանի գլխավորությամբ: Երկամսյա աշխատանքից հետո վերջինս հրաժարվել էր ղեկավարել աշխատանքները, եւ խումբը լուծարվել էր: Անցած 5-6 ամիսների ընթացքում նոր աշխատանքային խումբ այդպես էլ չէր ձեւավորվել, եւ ընթացող շինաշխատանքները փաստացի մնացել են առանց վերահսկողության: Կնյազ Մանասյանի փոխանցմամբ, իրենք սպասում են տարածքային նախարարի հրահանգին, որից հետո կձեւավորվի նոր վերահսկող խումբ: Մարզպետարանն արդեն իսկ որոշում կայացրել է, որ այս անգամ ներկայացուցիչ չեն ունենալու:

Մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են նաեւ այն բոլոր անհարմարությունները (ավտովթարներ, քանդված մայթերի պատճառով հետիոտնի անցուդարձ բանուկ-երթեւեկելի հատվածներով, մասնավոր բիզնեսին` խանութ, սրճարան, հյուրատուն, պատճառված անհարմարություններ, կայուն փոշու ու ցեխի առկայություն ամենուրեք), որ անցած տարի մի քանի փողոցներում միաժամանակ սկսված փողոցաշինական աշխատանքները պատճառել եւ շարունակում են պատճառել բնակիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter