HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում այս տարվա առաջին տարաձայնությունը՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ- ի միջև

Ազգային ժողովի 2012թ. առաջին նստաշրջանն իր աշխատանքները սկսեց լարված մթնոլորտում: Քվեարկության էր դրվել կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

Մինչ օրինագծի քվեարկությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ողջունեց օրենքի ուղղվածությունը, սակայն մտահոգություն հայտնեց այն առթիվ, որ ինչպես կառավարության ներկայացրած շատ օրինագծեր, սա նույնպես հաջողություն չի ունենա:

«Ունենք շատ առաջարկություններ, որոնց ընդունում-չընդունումից էլ կախված է մեր վերջնական քվեարկությունը: Այս փուլում քվեարկում ենք ձեռնպահ»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Սակայն օրենքի նախագիծը դրվեց քվեարկության ու քվորում չլինելու պատճառով՝ չընդունվեց: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ինչպես հաճախ է անում, նախագիծը քվեարկության դրեց երկրորդ անգամ՝ պատճառաբանելով, թե կոճակները լավ չեն աշխատում:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին զայրացրեց Սամվել Նիկոյանի այդ որոշումը: Նա ընդգծեց, որ կողմ ձայների թիվը չբավարարելու դեպքում օրինագիծը կրկին քվեարկության դնելը ուղղակի ճնշում է պատգամավորների վրա:

Վերաքվեարկությունը նույնպես չարդարացրեց Սամվել Նիկոյանի հույսերը, քանի որ նախագծին կողմ էր քվեարկել 54, ձեռնպահ' 7 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 66 կողմ ձայն: ԲՀԿ-ն չէր մասնակցել քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն քվեարկել էր ձեռնպահ: Այս փաստը լուրջ խառնաշփոթ առաջացրեց ԱԺ նախագահի և փոխխոսնակի մոտ:

Օրինագծի տապալումից հետո ելույթներ ունեցան Էդուարդ Շարմազանովն ու Սամվել Նիկոյանը: ԱԺ նախագահը հայտարարեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը ժողովրդի անունից խոսում էր արդարությունից, պետք է գործով ապացուցեր խոսքի ու գործի նույնությունը: Ս. Նիկոյանն ակնարկում էր ԲՀԿ-ին:

«ԲՀԿ-ն չքվեարկեց: ԲՀԿ-ն դեմ չէ օրենքի նախագծին, ուղղակի վաղաժամկետ է համարում հասարակության համար, քանի որ կան խնդիրներ՝ սպասարկման հետ կապված, ու պետք չէ, որ այդ ծառայությունների համար բանկերին բնակչությունը գումարներ փոխանցի: Այլապես մենք կողմ ենք, որ կոռուպցիան վերանա մեր երկրում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը:

Հեղինե Բիշարյանն էլ, հետ չմնալով իր հանրապետական գործընկերներից, հայտարարեց, թե վաղը օրինագիծը ևս մեկ անգամ դրվելու է քվեարկության:

Նշենք, որ նախագծերի փաթեթով նախատեսված են խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ:

Եթե օրենքն ընդունվի, ապա Հայաստանի տարածքում 2012 թ. հուլիսի 1-ից անկանխիկ ձևով պետք է իրականացվեն քաղաքացիների միջև ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման 3 միլիոն դրամը գերազանցող գործարքների վճարումները և վճարների ստացումը:

Կազմակերպություններն իրավունք չեն ունենա անկանխիկ ձևով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ այդպիսի գործարքների (պայմանագրերի) առաջարկներում առաջարկել և (կամ) ստանալ ավելի բարձր գին, քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ այդպիսի գործարքների (պայմանագրերի) առաջարկներում:

Եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա անկանխիկ ձևով վճարումներն ընդունվելու են Երևան քաղաքում՝ սկսած 2012 թ. հուլիսի 1-ից, մարզերի վարչական կենտրոններում՝ 2013թ. հունվարի 1-ից, իսկ քաղաքային համայնքներում՝ 2014թ. հունվարի 1-ից:

Կանխիկ ձևով վճարումների սահմանափակումներ են նախատեսվում բժշկական հաստատություններում 300.000 դրամը գերազանցող բոլոր տեսակի վճարների, կրթական հաստատություններում ուսման վճարների (անկախ չափից), ինչպես նաև 100.000 դրամը գերազանցող այլ վճարների դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter