HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոտնահարվածը

Լեռ Կամսարի ամեն նոր ժողովածուն լույս աշխարհ գալուց հետո մարդիկ հետաքրքրվում են․

-Դեռ շատ կա՞ն անտիպներ, քանի հատոր կկազմի։

-Անհատնում ջրհոր է՝ քանի քաշես, ավելի է շատանում։ Երգիծաբանները մարդու իրավունքների պաշտպաներն են, անարդարության դեմ կռիվ տվողները։ Դե պատկերացրեք որքան ծուռ ու անարդար է աշխարհը, որ չի վերջանում Կամսարի պայքարն իր և մյուսների իրավունքների ոտնահարման դեմ։ Մի հսկա հատոր կստացվի միայն նրա նամակներից և դիմում-բողոքներից։

Երգիծաբանի գրական արխիվում անհամրելի են  երկնային և երկրային բազմապիսի աստվածներին  ուղղված անպատասխան նամակները և դիմումները։

Կարդալով դրանք` չգիտես լաս ոտնահարված մարդկային պարզագույն իրավունքների համար, թե խնդաս երգիծական անզուգական հնարանքների վրա։ Վստահ չեմ, թե գրչի այս հարվածներից որևէ բան շտկվել է, բայց փաստը մնում է փաստ, որ հարստացել է հայ գրականությունը։

Երկրային աստվածներից դիմում չի հղել միայն Ստալինին։

«Ես շատ վաղուց է ուզում եմ Աստծուն մի դիմում գրել, բայց հարմար տիտղոս չգտնելու համար հետաձգում եմ անվերջ»․ տարակուսում է երգիծաբանը։

Չգիտեմ ինչպես դիմեմ։ Ապրում եմ մի սոցիալիստական երկրում, ուր «պարոն» չի թույլատրված, իսկ «ընկեր» չեմ ուզում ասել։

Ես իսկի Ստալինին էլ «ընկեր» չեմ ասել։ Բանտում եղած ժամանակ բոլորը Ստալինին դիմում տվին ազատվեցին, ես որպեսզի «ընկեր» չանվանեմ նրան, դիմում չտվի ու 20 տարի տառապեցի։

Ինչո՞ւ։ Որովհետեւ Ստալինի նման համաշխարհային ոճրագործի «ընկեր» ասել նշանակում է նրա կատարած ոճիրների կեսը վերցնել իմ վրա։

Այդ բանը անել չէի կարող` ես անմեղ բանտարկյալ էի»։

Ինչպես իմ հայրենակիցների մեծագույն մասը, Լեռ Կամսար Արամ պապս նույնպես, իր հայրական շեն օջախից զրկվեց  1915 թվի «զուլումին»։

Իմ բախտակից հայրենակիցների պես նա էլ գաղթելով Երևան, դեգերեց քողտիքից` քողտիկ, նկուղից` նկուղ, խրճիթից` խրճիթ, մինչև որ տվեցին մի ժամանակավոր կացարան, հետագայում տեղափոխելու խոստումով։

Տեղափոխելու խոստումը հարկավ կատարեցին` տեղափոխելով երեք ամսով Երևանյան բանտ, երեք տարով Վորկուտա` հեռավոր աքսորի և տասնյոթ տարի Բասարգեչար` մոտակա աքսորի։

1955-ի համաներմանը թույլ տվեցին վերադառնալ նախնական կացարանը, որից մեծ մասը բռնագրավել էին՝ թողնելով միայն ամենատխուր մասը։

Սակայն, պապիս տուն ունենալու բնական բնազդը չէր մարում։ Նա անընդհատ դիմումներ և հիշեցումներ էր ուղղում պետական այրերին…

Ահա նրանցից մեկը ուղղված Քոչինյանին․․․

 Վանուհի Թովմասյան

                                                                                                   

                                                            Լեռ Կամսար, «Կարմիր օրեր» անտիպ օրագրությունից

Երեքշաբթի 27․- Ես շարունակում եմ ապրել իմ անհարմար բնակարանում։

Չեն տալիս․ խոստանում են չեն տալիս։

Այսօր ստիպված ելա մի այսպիսի նամակ գրեցի Մինիստրների սովետի նախագահ Անտոն Քոչինյանին։

                                       Հարգելի, ընկե՛ր Քոչինյան․

Ուղիղ մի տարի է անցել այն օրից, երբ Դուք խոստացաք մի ամսում ինձ նոր բնակարան տալ, և սակայն, այդ բնակարանը չստացա մինչև օրս։

Դուք իմ դիմումն ուղարկեցիք քաղսովետ, որը վեց ամիս իր մոտ պահելուց հետո ուղարկեց ռայսովետ։ Ռայսովետը երկու ամիս պահելուց հետո նորից դիմումս Մինիստրների սովետ վերադարձրեց։ Մինիստրների սովետը վերցրեց նույն դիմումը նորից քաղսովետ ուղարկեց, վերջինս այն գրողների միությանը հանձնարարեց, գրողների միությունը նորից քաղսովետ ուղարկեց, քաղսովետը՝ նորից Մինիստրների սովետ, և այսպես ուղիղ մի տարի է ես՝ յոթանասուչորս տարեկան ծերունիս, փոքր երեխայի պես կարուսել նստած պտտվում եմ այս չորս հաստատությունների միջև ու գլխապտույտից աչքս  բաց չեմ անում։

Գիտե՞ք ինչ, ընկե՛ր Քոչինյան, ես արտասահմանյան հայության մեջ շատ սիրված հեղինակ եմ։ Այնտեղ որովհետև գոյություն ունի մամուլի ազատություն, և ամեն մարդ կարող է ազատ կարծիք հայտնել, այդ պատճառով, ես այնտեղ ոչ միայն «տաղանդավոր» գրող եմ, այլ նաև «հանճար» եմ, անգամ «կիսաստված»։

Դուք գիտեք նաև, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է այդ հայության համակրանքը գրավելու համար։ Հագնում է ուրիշից բերած պահունի շորեր, պճնվում է իր չունեցած զարդերով, քսվում հոտավետ օծանելիքով ու ներկվում բնությունից իրեն զլացված գույներով, ինչպես մի հարսնացու, որն առաջին անգամ իր փեսացուին պիտի ներկայանա։

Նա այսպիսի անթույլատրելի միջոցներով արտասահմանից գդալ-գդալ համակրանք է մուրում, իսկ Դուք ինձ ցույց տված Ձեր վարմունքով՝ շերեփով դեն եք ածում այդ ճարովի և սուտ համակրանքը։

Որովհետև ինչ էլ անելու լինեք, արտասահմանը չի կարող ձեզ համակրել, երբ իր սիրելի հեղինակը ձեզանում սա երեսուն տարի հալածվում է, ու այսօր էլ ապրում  մի այնպիսի «բնակարանում» որտեղ դուք ձեր ձիերը չէիք կապի․․․

Տեսնո՞ւմ եք Ձեր անտեղի քաշքշուկներով քաղաքական ինչ մեծ սխալ եք գործում։

Դուք դրանով ցույց եք տալիս, որ հալածում եք ոչ միայն դաշնակներին, այլև նրանց, որոնք իրենց գլխով են մտածում և ունեն իրենց ուրույն կարծիքն աշխարհի անցուդարձերի մասին։

Բայց Դուք եթե կամենայիք, կբավարարեիք ինձ բնակարանով։ Դուք Ձեր ձեռքի տակ ունեիք բնակարանային ֆոնդ հազար վեց հարյուր քառակուսի մետր տարածությամբ։

Բայց ինչպես հետո իմացա, այդ ֆոնդը պահում եք միայն գեղեցիկ սեռին բավարարելու համար, իսկ տգեղ սեռին ուղարկում եք քաղսովետ՝ մերժվելու։

Ձեզ գեղեցիկ դեմքեր հարկավոր են, ես այդ գիտեմ, բայց մի՞թե գեղեցիկ մտքեր պետք չեն։

Մեր ետևը դարձնենք բանականությանը ու ծունկ չոքենք միայն բնազդի՞ առջև․․․

Ես հիասթափված եմ Ձեզանից, ընկեր Քոչինյան։
Ներկա նամակովս Ձեզանից խնդրում եմ ոչ թե բնակարան, այլ դիմումիս մերժումը միայն, որի վրա հենված ես իրավունք ունենամ մի ուրիշ հիմնարկի դուռը ծեծելու։ Եթե այդ հիմնարկն էլ ինձ կարուսել նստացրեց և կամեցավ նույնպես մի տարի պտտեցնել, կխնդրեմ, գեթ այս անգամ հակառակը ոլորել մեքենան՝ խելքս տեղը բերելու համար։

Այնտեղ մի տարի անվերջ անտրտունջ կպտտվեմ, մի տարուց կանգնեցնել կտամ մեքենան, վայր կիջնեմ և ուղիղ կերթամ թաղման բյուրոյի դուռը ծեծելու։

Այս երկրի մեջ ես միայն մի դուռ եմ ճանաչում, որ թակելու պես բացվում է իր հաճախորդի առջև, և դա թաղման բյուրոն է․․․

Չի պատահել դեպք, երբ այդ հիմնարկի պետը ետ վերադարձնի որևէ մեռածի ասելով․

-Ես գերեզմաններս իմ սիրածների համար եմ միայն պահում․․․

Օ՜, ընկեր Քոչինյան, շատ դժվար է երկրի կառավարիչ լինելը։ Երկրում ապրող միլիոնավոր բնակիչներին միևնույն աչքով նայելուց էլ դժվար բան չկա։

Ուրիշ տարբերությունները մեկ կողմ դրած՝ հենց միայն վերցնենք հասակի տարբերությունները։ Ինչպիսի՞ հարաշարժ աչքեր պիտի ունենա մի կառավարիչ, որ միաժամանակ երեք մետրանոց հսկային ու վաթսունհինգ սանտիմնոց թզուկին նայի։

Տխուր եմ շատ, ընկե՛ր Քոչինյան։ Ժամերով նստում եմ խարխուլ խրճիթիս պատի տալ և դիտում եմ, թե ինչպես ծիծեռնակները վերադառնում են տաք երկրներից, վռազ մի քանի ծիղ ու ծղնոտ հավաքում և մտնելով տանս պատերի ճեղքերի մեջ, իրենց համար բույն սարքում, մեջն ածում, ճտեր հանում և ծառերի ճյուղերին թառած ուրախ ծլվլում։

-Երանի՜ ձեզ, ծիծեռնակնե՛ր, - ասում եմ մտքումս։ Ո՛չ Մինիստրների սովետ ունեք, ո՛չ քաղսովետ, ո՛չ ռայսովետ, ո՛չ էլ գրողների միություն։ Ազատ կերպով աճում եք ու բազմանում։ Ես այդ կողմից շատ եմ դժբախտ։ Իմ երկու երիտասարդ հարսներն էլ ձեզ նման ինձ համար տարեկան երկու թոռ են «ածում», բայց նրանց պառկեցնելու տեղ չունեմ։ Գիշերները շարում եմ ճաշասեղանիս, որը նեղ լինելու պատճառով, անվերջ հավի ճտերի պես թփրտում, վայր են գլորվում մեծ բարձրությունից և անասելի ճչոց բարձրացնում։

 Ա՜խ երանի ես էլ ծիծեռնակ լինեի․․․

            ------

Ինչո՞ւ միայն ծիծեռնակ։

Ես երանի եմ տալիս բոլոր թռչուններին, ընտանի ու վայրի գազաններին, սողուններին, մկներին։

Ո՞ր գայլը կամ աղվեսը մի որջ ձեռք բերելու համար ամբողջ տասնմեկ տարի հաստատությունների դռներն է մաշում։

Ո՞ր ոզնին իր փչակը չունի և մուկը՝ իր ծակը։

Իսկ սողուններն արդեն ընդմիշտ ապահովված են։ Նրանք բոլշևիկ են, մի ստալին ճարեցին՝ ողջ կյանքում նրա ոտների տակ կսողոսկեն․․․

  Փետրվարի 27, 1962թ․, անտիպ

               

                                    

Կիրակի 1․- Տիեզերքի մասին շատ եմ խոսում, որովհետև ապրում եմ շատ նեղ բնակարանում։

Այդ անիծյալ Քոչինյանը ինձ տուն չի տալիս։

Չի տալիս, էլի՛։

Այսօր մի նամակ էլ գրեցի։ Սկիզբը էլի նույնն է, հիշում եմ այն մասին, թե ինչպես մի տարի կարուսելի վրա պտտեցի, ու հիմա գլուխս շուռ է գալիս, բայց հետո ավելացնում եմ․ «Չեմ կարծում, որ Ձեր խոստման նպատակն ինձ տանջելն էր, մանավանդ, հիմա Ձեր հազարավոր խնդրառուները կարուսելի հերթի են կանգնած գեթ պտտվելու ու չեն հաջողում։ Այնպես որ, ընկեր Քոչինյան ետ առեք Ձեր խոստումը, վերադառնամ ու ընդմիշտ նստեմ իմ հին տանը, բոլոր հույսերս կտրած։

Ճիշտ է, սենյակս նեղ է, բայց առաստաղը շատ բարձր է, եթե ուղղահայաց շարվենք իրար վրա՝ ոչ թե տասը, այլ քսան մարդ կտեղավորվի մեջը։

Հիմա սովորություն է դարձել խանութների ցուցանակներն ըստ հարմարության՝ հորիզոնականի հետ նաև ուղղահայց գրել, առանց ազդելու խանութի բովանդակության վրա։ «Գաստրոնոմ»  գրված ձախից աջ, կամ վերից վար՝ նույն դատարկ խանութը։

Դուք էլ եթե Ձեր խոստումը վերից վար գրեք՝ իմաստը չի փոխվի»․․․

 Մարտի 1, 1962թ․,անտիպ

Հ․գ․ Նամակներում ոչ մի բան չափազանցված չէ։ Մեծ եղբայրս քնում էր սեղանի վրա, ես՝ տաշտակում, սեղանի տակ։

Վանուհի Թովմասյան

Ինձ անչափ հետաքրքիր է՝ ՀԿԿ Կենտկոմի արխիվում պահպանվո՞ւմ են Կամսարի նամակներն ու դիմումները, թե՞ գցել են աղբանոց։ Լավ է տան արխիվում մնացել են բնագրերը։

Ի դեպ, Մոսկվայի արխիվներում էլ պետք է փնտրել Միկոյանին, Բուլգանինին և Մալենկովին հղած նամակները։

 

Մեկնաբանություններ (3)

Լյուդմիլա
<<Դուք դրանով ցույց եք տալիս, որ հալածում եք ոչ միայն դաշնակներին, այլև նրանց, որոնք իրենց գլխով են մտածում և ունեն իրենց ուրույն կարծիքն աշխարհի անցուդարձերի մասին։>>
Կարինե
Ինձ միշ հետաքրքրել է՝ օրինաչափությու՞ն է, որ պաշտոն ունեցող անձիք դաժան ու անտարբեր են մարդկանց կարիքի ու վշտի հանդեպ, թե այդ աթոռի մեջ գերբնական մի ուժ կա, որ իր վրա նստողին այդպես փոխում ու կաղապարի մեջ է դնում։
Արմեն Քեշիշյան
Վանուհի ջան, շնորհակալություն այս հոդվածների համար: Շնորհակալություն նաև ՀԵՏՔ-ին, որ տեղեկատվական այս աղբակույտում մնում է իր մասնագիտական բարձունքի վրա՝ ընթերցողին հնարավորություն տալով որակով, իմաստալի՝ երկրիրդ Մեծերի մասին այսպիսի հիանալի հոդվածներ հրամցնելու համար: Այսպիսի նյութերով է, վստահ եմ, որ կարելի է հուսալ մեր երկրում բարոյական մթոնոլորտի բժշկումը: Մենք մեր կողմից կշարունակենք անտիպների թվայնացումը, որ այն պահին, երբ հնարավորություն կունենանք՝ տպագրության հանձնելու պատրաստ նյութ ունենանք: Շնորհակալություն Ձեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter