HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Հաղթանակ» զբոսայգին՝ ծպտյալ աղբավայր

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգին երկու երես ունի։ Այգու տեսանելի հատվածները բարեկարգ են, խնամված ու մաքուր։ Զբոսայգու անտեսանելի հատվածներում, ինչպես հիմա ընդունված է ասել, «պատմականորեն ձեւավորված» աղբավայրեր են։ Այն էլ՝ հսկայական մակերեսների վրա։

Զբոսայգում սանիտարական վիճակն աղետալի է։ Սալապատ արահետներից դեպի թավուտ հատվածներ՝ սարուձորի տարբերություն է։

Աղբը կուտակված է հիմնականում երկու հատվածներում։ Դրանք կարմիր քառակուսիներով նշված են քարտեզից վերցրած լուսանկարում։

Լուսանկարում պատկերված մեծ քառակուսին Բաբայան-Ազատության խաչմերուկին հարող տարածքն է։ Փոքր քառակուսու հարեւանությամբ զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղին է։ Զբոսայգի ժամանած զբոսաշրջիկների կանգառը հենց այստեղ է, որի անմիջապես հարեւանությամբ, բաց երկնքի տակ, հսկայական աղբակույտ է հավաքվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Երեւանում աղբահանության եւ սանմաքրման պատասխանատուն «Սանիթեք» ընկերությունն է, որը վերջերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից դիտողություն ստացավ քաղաքի սանիտարական վիճակի համար։

Մարտի 25-ին Հայկ Մարությանը հայտարարել էր. «Կամ սանմաքրումը դուք անում եք պատշաճ որակով, կամ սանմաքրումը քաղաքը վերցնում է ետ եւ որպես օպերատոր ներգրավվում ու անում է ինքը։ Աղետ է ուղղակի։ Եթե դուք պահում եք դա ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն եւ տույժեր ու տուգանքներ»,-«Սանիթեքին» ուղղված խոսքում հայտարարել էր քաղաքապետը։

«Սանիթեքից» մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Այս վիճակը մեր բոլորիս ամոթն ու խայտառակությունն է։ Ապրիլի 13-ին քաղաքապետարանը ծառատունկ է իրականացնելու զբոսայգում, այդ խնդիրներին նույնպես ուշադրություն կդարձնենք։ Քաղաքի սանմաքրումն իրականացնում է «Սանիթեքը», որն իր պարտականությունները պատշաճ չի իրականացնում»։

Հարցին՝ հատկապես քաղաքապետի վերջին հայտարարությունից հետո, այս վիճակն ինչպե՞ս կազդի քաղաքապետարանի եւ «Սանիթեքի» պայմանագրային հարաբերությունների վրա, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Ներկայումս ընկերության հետ ակտիվ քննարկումներ են ընթանում։ Թե ինչ հայտարարի կգան քննարկումների արդյունքում, հաշվի առնելով առկա պայմանագրի դետալները, պետք է մաքսիմալ նպաստի Երեւանի մաքրության ապահովմանը, ինչն այս պահին անբավարար վիճակում է։ Սա մեր երազած Երեւանը չէ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter