HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետպատվերով ինսուլինները ուշացնում են. հիվանդներն ասում են՝ դեղերը գնել են, որ կոմայի մեջ չընկնեն

Բույսեր խնամելը Լևոն Քոչարյանի ուրախությունն է։ Նրա սենյակի բոլոր անկյուններում ձիգ, մուգ կանաչ գույնի ու առողջ բույսեր են։ Հարցնում ենք՝ ոնց են այդքան լավ աճում, ասում է՝ խոսում եմ հետները։ Ինտերնետում տարբեր նյութեր է կարդում նրանց մասին, սենյակի պատի տակ շշերով ջրեր են շարված, ասում է՝ բույսերին պետք է սենյակային ջերմաստիճանի ջրով ջրել։ Նա հիվանդության պատճառով տնից գրեթե դուրս չի գալիս։

Լևոն Քոչարյանը շաքարային դիաբետ ունի, 2001թ.-ից նրա կյանքը ինսուլիններից ավելի շատ է կախված, քան իր սենյակի ծաղիկների կյանքը՝ ջրից։ Ասում է՝ նույնիսկ մեկ օր չի կարող ուշացնել ինսուլին ընդունելը, բայց վերջին ամիսներին ինքը և իր նման շատերը ժամանակին չեն կարողացել ստանալ անհրաժեշտ ինսուլիններից մեկը՝ «Ակտրապիդը»։ Արդյունքում ստիպված են եղել գնել այդ դեղի ուշացրած չափաբաժինները տարբեր դեղատներից։

Լ. Քոչարյանը պետպատվերով ստանում է երկու տեսակ ինսուլին՝ «Լանտուս» և «Ակտրապիդ»։ Առաջինը ժամանակին ստացել է, իսկ «Ակտրապիդը», 2018թ. դեկտեմբերից սկսած, մի քանի անգամ ուշացրել են։ Ասում է՝ եթե շաքարային դիաբետով հիվանդը ընդունում է բազային «Լանտուս» ինսուլինը, չի կարող չներարկվել մյուսը՝ ռեգուլյար «Ակտրապիդը», քանի որ կամ պետք է սոված մնա, կամ էլ հաց ուտի և ընկնի կոմայի մեջ։

«Բազային ինսուլինը պահում է շաքարը էն ցուցանիշի վրա, որը եղել է առավոտը սոված փորին: Եթե ես հաց ուտեմ, և չներարկվեմ «Ակտրապիդ», իմ շաքարը կբարձրանա, և «Լանտուս»-ը կպահի էդ բարձր թիվը», - բացատրում է Լ. Քոչարյանը։

Լ. Քոչարյանը պետպատվեր դեղեր է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից։  

«Ես դեկտեմբերի 20-ին պետք է ստանայի երկու սրվակ «Ակտրապիդ», որ հունվարի 2-ից առանց դեղ չմնայի, դեկտեմբերի 19-ին պոլիկլինիկան ստացել է դեղորայքը, դեկտեմբերի 20-ին արդեն դեղորայք չի եղել, որ ես ստանամ, դեղատոմսը մնացել է իմ ձեռքը», - պատմում է Լևոն Քոչարյանը։

Դեղի հաջորդ խմբաքանակը պոլիկլինիկայից կարողացել է ստանալ հունվարի 8-ին, որը կարող էր օգտագործել ուղիղ 30 օր, բայց մեկ ամիս անց՝ փետրվարի 8-ին դարձյալ չի կարողացել «Ակտրապիդ» ստանալ։ «Բերել են փետրվարի 17-ին՝ աշխատանքային օրվա վերջում, և ես փետրվարի 18-ին ստացել եմ», - ասում է Քոչարյանը։ Վերջին անգամ, շարունակում է, «Ակտրապիդ» ստացել է մարտի 29-ին, բայց դարձյալ ուշացած:

Շաքարային դիաբետ ունի նաև Լևոն Քոչարյանի կինը և գրանցված է նույն բժշկական հաստատությունում։ Լ. Քոչարյանն ասում է՝ «Ակտրապիդ»-ը ուշացնելու պատճառով իրենք չեն ստացել 3000 միավոր ինսուլին, վերջին ամիսներին ինտերնետային դեղատնից գնել են փոխարինող ռեգուլյար այլ ինսուլին՝ քարթրիջներով «Ապիդրա» և ծախսել են 25 հազար դրամ։

«Նույնիսկ մեկ օր արգելվում է այդ դեղերն ուշացնելը: Շատ մարդիկ, ովքեր ի վիճակի էին դեղորայք գնել կամ պարտքով ճարել, կարողացել են, դա արել են։ Բայց էն մարդիկ, ովքեր չէին կարող դա անել, ուղղակի դատապարտվել էին մահվան», - ասում է Լևոն Քոչարյանը։

Նա կարծում է, որ իր ծանոթներից մեկի՝ օրեր առաջ տեղի ունեցած մահը կարող է «Ակտրապիդ» ինսուլինը ժամանակին չընդունելու հետևանքը լինել։

«Ես նրա հետ ծանոթացել էի դեղ ստանալու հերթի ժամանակ։ Անունը Գորկի Ավետիսյան է՝ 1960թ. ծնված, բնակվում էր Ջրվեժի Բանավան թաղամասի 4-րդ շենքի 13-րդ բնակարանում։ Անցած շաբաթ՝ հինգշաբթի օրը, ես զանգեցի Գորկիին, որ իմանայի իր վիճակը ոնց է, որովհետև ինքը հաճախակի թուլանում-ընկնում էր։ Ես իրեն հարցերցի՝ ի՞նչն է պատճառը, ասեց՝ «Ակտրապիդ» չի սրսկվում, սրսկվում է միայն «Ինսուլատարդ» (երկրորդը Գորկիի բազային ինսուլինն է - հեղ.), ու երևի շաքարը չի պահում։ Ուրբաթ օրը փորձել եմ կապ հաստատել Գորկիի հետ, չի ստացվել, շաբաթ՝ նույնպես, անհանգստացել եմ, ապրիլի 2-ին ճշտել եմ Գորկիի հասցեն, հաղորդել եմ 911 ծառայությանը, կես ժամ հետո իրեն հայտնաբերել են անկողնում մահացած», - պատմեց Լևոն Քոչարյանը։

Գորկի Ավետիսյանի հարազատների հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել, նրա տան հեռախոսահամարը չի պատասխանում զանգերին։ Լևոն Քոչարյանն ասում է, որ նա մենակ է ապրել տանը, հարազատների հետ առանձնապես շփում չուներ։ Գորկի Ավետիսյանին հերձած բժիշկը հրաժարվեց զրուցել մեզ հետ։

«Հետք»-ը կապ հաստատեց այս պոլիկլինակայում գրանցված այլ անձանց հետ, որոնք նույնպես պետպատվերով ստանում են «Ակտրապիդ»։ Պարզվեց, որ նրանք ևս ուշացումների պատճառով ստիպված են եղել գնել այս դեղը։

Սուսաննա Զարգարյանը խանութում է աշխատում, ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով նրա հետ զրուցեցինք հեռախոսով։ Սուսաննան պետք է անվճար «Ակտրապիդ» ստանա և իր, և որդու՝ Անդրանիկ Զարգարյանի համար, բայց վերջին ամիսներին դեղերը ժամանակին չի ստացել, և ուշացրած չափաքանակը գնել է։

«Տղաս երկու ամպուլա պետք է ստանա 35 օրը մեկ, իսկ ես՝ մեկ ամպուլա՝ 25 օրը մեկ, բայց արդեն երրորդ ամիսն է՝ վերցնում եմ ինտերնետ-դեղատներից փոխարինող «Ապիդրա», դեղատներում էլ չկա «Ակտրապիդ»»,- պատմեց Սուսաննան։

Վերջին անգամ Սուսաննա Զարգարյանը իր և որդու համար «Ակտրապիդ» է ստացել մարտի 14-ին, բայց ուշացած։

«Երբ որ լինում է պոլիկլինիկայում, իրենք խնդիր չեն առաջացնում, տալիս են, - ասում է Սուսաննան՝ նշելով, որ ուշացումները սկսվել են այս տարվա հունվարից, - ասում էին՝ դեղ չկա։ Ամիսը 5000 դրամով առել եմ 4-5 հատ գրիչ (նկատի ունի փոխարինող «Ապիդրա» ինսուլինը - հեղ.): Մենք երկուսով ենք, ամեն ուտելուց առաջ պիտի սրսկվենք»։

Պոլիկլինիկայից «Ակտրապիդ» ինսուլինները հունվար և փետրվար ամիսներին չի ստացել նաև 79-ամյա Նադյա Մադաթյանը։ Վերջին անգամ ստացել է մարտ ամսի սկզբին, իսկ ուշացրած չափաբաժինը գնելու համար, ասում է, պարտք է արել։

«Ես վարձով եմ ապրում, երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ եմ, ամուսինս մահացել է, երկրապահ է եղել, աղջկաս էլ նոր եմ թաղել, ես գումար չունեմ, պարտք անելով՝ ապտեկայից սրվակով ինսուլին եմ առել, որ կարողանամ գոյությունս պահպանեմ, կոմայի մեջ չընկնեմ», - պատմեց Նադյա Մադաթյանը։

Ասում է՝ վերջին անգամ մի կերպ է կարողացել պոլիկլինիկայից ստանալ «Ակտրապիդը». «Մարտի սկզբին՝ երևի ամսի 6-ին էր, զանգահարել եմ պոլիկլինիկա, ասել են՝ ստացել ենք շատ քիչ քանակով, գնացել եմ հարկեհարկ թափառելով, խնդրելով, հերթ կանգնելով, ստացել եմ, տուն եմ եկել»։

Ուշացրած չափաբաժինները գնելու համար ծախսել է 40 600 դրամ. գնել 7 սրվակ ինսուլին, յուրաքանչյուրը՝ 5800 դրամ։ «Ես առավոտ, կեսօրին և իրիկուն զուլալը պղտորի հետ սրսկվում եմ (նկատի ունի ռեգուլյար ինսուլին «Ակտրապիդ»-ը և իր երկրորդ ինսուլինը - հեղ.): Եթե ես չսրսկվեմ, կընկնեմ կոմայի մեջ, կմեռնեմ, իսկ ես հիմա թաղման փող էլ չունեմ»,- ասում է Նադյա Մադաթյանը։

Ինսուլինները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա բաշխվում են առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ԱՆ-ն պոլիկլինկային ապահովել է ինսուլինների անհրաժեշտ չափաքանակով։

«Տեսեք՝ իրենք ինչ են պարզաբանում (նկատի ունի պոլիկլինիկայի տնօրինությունը - հեղ.), որովհետև պիտի որ իրենց մոտ էլ խնդիր չլինի», - ասաց Լիլիթ Բաբախանյանը։

Ճշտմանը՝ բոլոր ամիսներին ինսուլինները ժամանակին մատակարարվե՞լ են, Լ. Բաբախանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել բոլոր ամիսներին, ես կարող եմ ասել, որ մատակարարվել է: Դեղը եղել է, այսինքն՝ կարող է էն քանակով է հատկացվել, որ մի անգամ մի ամիս կամ երկու ամիս հետո է պետք եղել, ես դրա համար ժամանակը չեմ ասում, բայց ինձ ասեցին, որ դեղը մատակարարվել է, պետք է որ խնդիր չլիներ»։

Աշխատակցից հեռախոսազրույցի ընթացքում հնարավոր չեղավ ճշտել հստակ ամսաթվերը, երբ են առողջապահության նախարարությունից ինսուլինները մատակարարվել պոլիկլինիկա։

«Ինձ միայն վերջինը ասացին՝ մարտի 28»,-  ասաց Լիլիթ Բաբախանյանը՝ վստահեցնելով, որ մատակարարում եղել է նաև հունվար և փետրվար ամիսներին, բայց ամսաթիվ չի կարող ասել։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի փոխտնօրեն Հեղինե Պողոսյանը հրաժարվեց պարզաբանումներ տալ հեռախոսազրույցի ընթացքում։ Առաջիկայում կփորձենք հանդիպել պոլիկլինիկայի փոխտնօրենի հետ, ինչպես նաև մանրամասն տեղեկություն ստանալ առողջապահության նախարարությունից՝ ինսուլինի մատակարարումների ժամկետների և չափաքանակների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter