HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դիլիջանի գրադարանը գործում է բորբոսնած միջավայրում․ ԿԲ-ն խոստացած տարածքը չի տրամադրում

«Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգը», նույն ինքը՝ Ղազարոս Աղայանի անվան կենտրոնական գրադարանը, տեղակայված է մշակույթի պալատի վերին հարկում, որտեղ տանիքը կաթում է, մանրահատակը քայքայված է, գրադարակներն անձրեւից պաշտպանելու նպատակով ծածկված են պոլիէթիլենային տոպրակներով, գրքերի մի մասը պահվում է մեծ պարկերում, մի մասը պահ է տրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող մասնավոր տարածքում։

Այս տարվա հոկտեմբերին կլրանա գրադարանի հիմնադրման 111-ամյակը։ Գրադարանը ստեղծվել է 1908 թվականին, 300 կտոր գրքով։ Գրադարանում պահվում են նաեւ արժեքավոր եւ բացառիկ գրքեր։ Ֆոնդի գրքերի թիվն անցնում է 200 հազարը։

Գրադարանի հիմնական շենքը մինչեւ 88-ի երկրաշարժը եղել է Մյասնիկյան 63 հասցեում գտնվող քառահարկ շինությունը։ Երկրաշարժի հետեւանքով շենքը տուժել է եւ դարձել ոչ գործածելի։ Գրադարանը տեղափոխվել է մշակույթի պալատ։ 2012 թվականին համայնքը Մյասնիկյան 63 հասցեի շենքը հիմնանորոգելու եւ օգտագործելու պայմանով անհատույց տրամադրել է Կենտրոնական բանկին։ Սակայն հիմնանորոգելուց հետո ԿԲ-ն՝ չնայած պայմանագրով ստանձնած պարտավորությանը, գրադարանին այդ շենքում տարածք չի հատկացրել։

«Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ-ն «Հետք»-ին է տրամադրել Դիլիջանի քաղաքապետարանի եւ Կենտրոնական բանկի կողմից կնքված, ինչպես նաեւ հետագայում ԿԲ-ի եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջեւ կնքված պայմանագրերի պատճենները։ Բանն այն է, որ ԿԲ-ն հետագայում տարածքն անհատույց օգտագործման է տվել հիմնադրամին։

Շենքում այժմ գործում է «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը, տեղակայված է «Թումո Դիլիջանը»։ Ծրագրերը, որոնք իրականացվում են շենքում, ներառում են հարյուրավոր երեխաների Դիլիջան եւ Իջեւան քաղաքներից, հարեւան գյուղերից։ Ներկայումս կենտրոնի տարածքն ընդլայնվում է, որպեսզի հնարավորություն ունենան «Թումոյի» կրթական ծրագրում ընդգրկելու ավելի շատ երիտասարդների շրջակա բնակավայրերից։ Այստեղ ստեղծված է նաեւ նոր՝ էլեկտրոնային գրադարան։ Ըստ էության, կենտրոնական գրադարանի տարածքի խնդրին այլ լուծում պետք է տրվի։

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հասարակական կազմակերպություններին տեղեկացրել է, որ նախկին կենտրոնական գրադարանի շենքը համայնքի սեփականությունն է։ Այն հանձնվել է ԿԲ-ի ժամանակավոր օգտագործմանը, տիրապետմանը եւ կառավարմանը՝ 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրով։

Կենտրոնական բանկն իր հերթին 2018 թվականի օգոստոսի 27-ին կնքված պայմանագրով շենքը հանձնել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի տիրապետմանը, օգտագործմանը եւ կառավարմանը։

«Սիմոնյան» կրթական հիմնադրամը ստացել է Դիլիջանի համայնքապետարանի 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 19/Թ-1 շինթույլտվությունը՝ նախկին գրադարանի շենքի վրա հինգերորդ հարկ կառուցելու նպատակով։ Եվ քանի որ շենքը տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան է, հարցը քննարկվել է նաեւ Մշակույթի նախարարությունում։ Նախարարության գիտամեթոդական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։

Հիմա դիտարկենք քաղաքապետարանի եւ Կենտրոնական բանկի կողմից կնքված  պայմանագիրը։ Պայմանագրի 1․7 դրույթի համաձայն՝ կողմերը պայմանավորվում են, որ օբյեկտում պետք է տեղակայվի «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը։

Կենտրոնական բանկի եւ Սիմոնյան կրթական հիմնադրամի միջեւ 2018 թվականին կնքված պայմանագրի 2․1 դրույթի համաձայն՝ բանկը պարտավորվում է «Թումո Դիլիջանի» ժամանակավոր տիրապետմանը, օգտագործմանը, ինչպես նաեւ կառավարմանը հանձնել Մյասնիկյան 63 հասցեում գտնվող կենտրոնական գրադարանի շենքը, իսկ «Թումոն» պարտավորվում է շենքը հանձնել ԿԲ-ին։ Պայմանագրի «այլ դրույթներ» բաժնի 1-ին կետով նախատեսվում է, որ կողմերը չեն խոչընդոտում «շենքի առաջին հարկում տեղակայված» «Դիլիջանի համայնքային գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի գործունեությանը։ Այնինչ գրադարանը, ամենեւին, ոչ թե «շենքի առաջին հարկում է տեղակայված», այլ՝ մշակույթի պալատի անմխիթար վիճակում գտնվող շենքում։

Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած 10-րդ նիստի արձանագրությամբ դրական եզրակացություն է տվել ոչ թե Մյասնիկյան 63, այլ՝ Մյասնիկյան 83 հասցեում գտնվող շինությանը հինգերորդ հարկ ավելացնելու նախագծին։ Վրիպակ ունեցող նախագծին գիտամեթոդական խորհրդի 16 անդամներից 3-ը դեմ են քվեարկել, 4-ը՝ ձեռնպահ, 12-ը՝ կողմ։

Արմեն Սանթրոսյանը «Հետքի» հետ զրույցում մանրամասնեց ԿԲ-ի հետ ունեցած գործարքի եւ գրադարանի ապագայի վերաբերյալ մի քանի հարցեր։

«Ի սկզբանե պայմանագիրն այդպես ենք կնքել (որպեսզի ԿԲ-ն գրադարանին տարածք հատկացնի - խմբ․), բայց, անկախ ամեն ինչից, մենք այդտեղ ունենք էլեկտրոնային գրադարան։ Ուղղակի մեր գրադարանի ֆոնդն այնքան մեծ է, որը նախկինում այդ 4 հարկում չէր տեղավորվում։ Երեւի թե 2020 թվականին նախատեսված է մշակույթի պալատի շենքն ամբողջովին նոր լուծումներով կառուցել»,- ասաց Արմեն Սանթրոսյանը։ Ճշտող հարցին՝ «երեւի թե՞», թե՞ հաստատ է կառուցվելու նոր շենքը, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Չէ, 2020 թվականի ծրագրերում կա, եւ հույս ունենք, որ լիարժեք կիրականանա։ Ծրագիրն իրականացնելու ենք համայնքային միջոցներով։ Բացի այդ, քաղաքի տարբեր թաղամասերում ունենք եւս մի քանի գրադարաններ, իսկ խոշորացումից հետո բոլոր բնակավայրերում բացել ենք գրադարաններ»։

Սակայն համայնքում այլ խոսակցություններ կան առ այն, որ համայնքն առայժմ չունի անհրաժեշտ 170  միլիոն դրամը՝ մշակույթի պալատը նոր ճարտարապետական լուծումներով հիմնանորոգելու համար։ Խոշորացված համայնքի խնդիրները շատ են։

Ուշագրավ է, որ Դիլիջան համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրում «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգի» հիմնահարցերի վերաբերյալ նշված է նոր գրականության բացակայությունը, անհրաժեշտ գույքի եւ գրադարանային սարքերի ու պարագաների պակասը:

Խնդիրներից նշված է հետեւյալը․ «Ավելացնել գրքերի քանակը 4 տարվա ընթացքում գրքային ֆոնդի 4 տոկոսի չափով: Ձեռք բերել գույք։ Պահպանել գրադարանի կողմից մատուցվող ծառայությունների առկա քանակը եւ որակը։ 6 գյուղական բնակավայրերում բացել գրադարանի մասնաճյուղեր»։

Սրանից բխում է, որ «Գրադարանների կենտրոնացված համակարգի» շենքային պայմանների բարելավումն իրականում չի եղել համայնքի կարիքների ցանկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter