Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:
Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:
Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:
Հայաստանի վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել