HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ավելացել են ինքնասպանությունները. ի՞նչ դեր ունեն դրանում մոլորակները

Հայաստանում ինքնասպանությունների թիվը կշարունակի աճել նաև 2012-ին: Պատճառը ժամանակն է. 1987թ.-ից սկսած՝ Պրազերպինա մոլորակը մտել է Կարիճ կենդանակերպ և քանդում է գիտակցությունները, մարդիկ խանգարվում են և դիմում ինքնասպանությունների: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:

«Մոլորակները մեզ հետևում են, տիեզերքի ուժերը ղեկավարում են: Լուսնից, Ուրանից գալիս են բացասական լիցքեր՝միկրոմասնիկներ: Դրանք երկու կողմերից մտնում են օրգանիզմ և տարածվում մարդու ամբողջ արտաքին և ներքին աշխարհում: Դրանց ներգործությունն էլ մարդկանց հասցնում է հոգեբանական խանգարումների և դրդում ինքնասպանության»,- ասաց բանախոսը:

Էլյա Հովհաննիսյանին դիմել են 2011թ. օգոստոսի 25-ին, 26-ին և 27-ին կատարված երեք ինքնասպանության հարցով: Պարզվել է՝ երեքն էլ կատարվել է նույն ժամանակահատվածում, երբ «լուսինը Ուրան մոլորակի հետ ունեցել է բացասական դիրք»:

Աստղաբանը նշեց, որ մարդիկ այդ ժամանակահատվածում դառնում են նյարդային, բռնկուն, շրջապատում ամենաչնչին բանը կարող է ազդել նրանց տրամադրության վրա: Առաջանում են հոգեբանական փոփոխություններ, անհավասարակշռություն: Ոմանք այդ ամենը արտահայտում են, ոմանք ներս են գցում, ինչն էլ ավելի վատ ազդեցություն է ունենում:

Աստղաբանը նշեց, որ մարդիկ նման ազդեցության տակ լինում են ամիսը 2-3 անգամ և հետո հանդարտվում են: Դրան դիմակայելու համար խորհուրդ տվեց առավոտյան ժամերին տաք ցնցուղ ընդունել:

«Խնդիրը լողանալը չէ, այլ տաք ցնցուղը մաքրում է արտաքինից միկրոմասնիկները (չար ոգիները): Այդ չարագործ մասնիկները, որոնց նպատակն է մարդկանց ծառայեցնել չարին և խավարին, վախենում են տաք ջրից: Նրանք վախենում են նաև, երբ ճանաչում են իրենց»,- ասաց Էլյա Հովհաննիսյանը:

Մասնիկներին ճանաչելը ցույց տալու համար աստղաբանը խորհուրդ տվեց մտքում կրկնել «ես ձեզ ճանաչում եմ՝հեռացեք, ես ծառայում եմ լույսին, խավարի համար ոչինչ չունեմ անելու» արտահայտությունը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք վերը նշվածը չի՞ հակասում Աստծուն և Հայ առաքելական եկեղեցուն՝ Էլյա Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենից շատ Աստծուն ոչ ոք չի հավատում, և ինքն ուղիղ կապի մեջ է եկեղեցու հետ:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում 2011թ. գրանցվել է մոտ 600 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ: Նման քայլի դիմածների մեծ մասը պատկանում է 20-40 տարիքային խմբին:

Ըստ հոգեբանների՝ այս տարիքը համընկնում է շիզոֆրենիա և դեպրեսիա հիվանդությունների առաջացման տարիքի հետ:

Գիտնականների մի մասը կարծում է, որ ինքնասպանություն կարող են գործել միայն հոգեկան հիվանդները, իսկ մի մասն էլ համոզված է, որ այդ քայլին կարող են դիմել նաև լիովին առողջ մարդիկ՝ ելնելով ինչ-ինչ խնդիրներից:

Հրաչուհի Ալմաստյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter