
Արամի 9 հասցեի շենքի քանդման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:
Մինչդեռ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատախազությունը հայտնում է, որ նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին:
Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանի Արամի 9 հասցեում գտնվող շենքը (ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան) պատկանել է Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին: Այստեղ 1917-1919թթ. ապրել է Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով՝ հուշարձանի տարածքն օգտագործում է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն: Ըստ հակակոռուպիցոն կազմակերպության՝ «հուշարձանի տարածքի օտարման վերաբերյալ կառավարության որոշումը հակասում է հուշարձանի պահպանման իրավական կարգավիճակին»:
լուսանկարը՝ wikipedia.org
Մեկնաբանել