HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դավիթ Սանասարյանի պնդմամբ՝ ամեն ինչ արել են Սարի թաղում արյունալի հետեւանքներից խուսափելու համար

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստին վկայությամբ հանդես եկավ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Վկայությունն ընթանում էր 2016 թ. հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած անկարգությունների գործով։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է 2016թ. հուլիսի 29-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

Անդրիաս Ղուկասյանը եւ նրա պաշտպանները մի քանի անգամ նշել են, որ նա քաղբանտարկյալ է, եւ առաջադրված մեղադրանքները իր հետ որեւէ առնչություն չունեն։

Ա. Ղուկասյանը հրաժարել է իր նկատմամբ համաներում կիրառելուց՝ պնդելով, որ համաներումը տարածվում է Սասնա ծռերի և նրանց հետ հանցակից ճանաչված մարդկանց վրա։ Իսկ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է։

Այսօր վկայության ընթացքում Դավիթ Սանասարյանը նշեց, որ հուլիսի 29-ին Ազատության պողոտայում հավաքվածները շարժվում էին դեպի Խորենացի փողոց, երբ ճանապարհին ինֆորմացիա են ստացել, որ այլ գործողություններ են տեղի ունենում ՊՊԾ գնդի տարածքում։ «Փորձել ենք լինել հնարավորինս մոտ՝ կանխելու հնարավոր բացասական հետեւանքները»,- տեղեկացրեց Սանասարյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ տեղյա՞կ է եղել՝ ինչ է կատարվում գնդի ներսում, եւ նախապես տեղեկացվա՞ծ է եղել գունդը զավթածների մտադրության մասին, Դավիթ Սանասարյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով՝ որ ՊՊԾ գնդի գրավման մասին տեղեկացել է համացանցի միջոցով։

Իսկ Ազատության պողոտայում հանրահավաքի կազմակերպման վերաբերյալ նշեց, որ ամեն ինչ արել են, որ հավաքը խաղաղ բնույթ ունենա։ «Հավաքը մի անձի կողմից չի կազմակերպվել, հնչել են ելույթներ՝ մեր պատասխանատվության սահմանում։ Մենք ուղղորդել ենք, որպեսզի շարժվեն դեպի Խորենացի փողոց»։

Ըստ վկայի՝ իրենց նպատակն է եղել խուսափել արյունահեղությունից.

«Եթե նպատակ ունենայինք ավելի առաջ գնալ, կգնայինք, քաղաքացիներին չէինք կանգնեցնի։ Նպատակը մեկն էր, որ բոլոր կողմերից դադարեցնեին կրակոցները։ Մեր ներկայությամբ փորձեցինք կանխել հետագա գործողությունները»։

Դավիթ Սանասարյանը նշեց նաեւ, որ Սարի թաղում նկատել է, որ ներքեւից քարեր են շպրտում: Ըստ նրա՝ եղել են սադրիչ գործողություններ, որոնց մասին ինքը տեղեկացրել է Երեւանի այդ ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին եւ ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին՝ շեշտելով, որ խաղաղ ձեւով հավաքը չվերածեն այլ գործողության։

Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ քաղաքացիների կողմից քար նետելու դեպքեր չի տեսել, սակայն լսել է քաղաքացիներից, որ բլուրի ներքեւի մասից քարեր են շպրտում, որոնցից մեկն էլ դիպել է իրեն։

Անդրիաս Ղուկասյանին դեպքի վայրում տեսել է մի կողմի վրա նստած՝ քաղաքացիների հետ խոսելիս, իսկ նրա կողմից քարեր հավաքելու որեւէ կոչ չի լսել, «սուտ մեղադրանք է»։

Ա. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, շենքեր, շինություններ զավթելուն օժանդակելու, պատանդ վերցնելուն օժանդակելու, ապօրինի զենք-զինամթերք պահելուն, կրելուն, փոխադրելուն օժանդակելու մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter