HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Փարոս- 4, Աշոտ Նավասարդյան, Ազատ Արշակյան

Սկիզբը

Սա Ազատ Արշակյանի երկրորդ եւ Աշոտ Նավասարդյանի երրորդ դատապարտումն էր։ Մինչ այս, Արշակյանը դատապարտվել էր 1974 թ․, իսկ Նավասարդյանը 1970 եւ 1974 թթ․։ Խորհրդային տարիներին ՀԽՍՀ քր․ օր․-ի 65 հոդվածով երկրորդ կամ երրորդ անգամ դատապարտվելն առաջին հերթին նշանակում էր ճանաչվել հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ, ինչը ազատ արձակվելու եւ տուն վերադառնալու հավանականությունը խիստ նվազեցնում էր։

1974 թվականին ստացած իրենց պատժաչափերը մինչեւ վերջ չկրելով` Ազատ Արշակյանն ու Աշոտ Նավասարդյանը վաղաժամկետ ազատ էին արձակվել: Նավասարդյանն ազատ էր արձակվել 1976-ի դեկտեմբերին, Արշակյանը` 1977-ի ապրիլին: 1981 թ. փետրվարին պետք է ավարտվեր այդ նույն 1974-ին Արշակյանի եւ Նավասարդյանի հետ դատապարտված, նրանց ընկեր ու համախոհ Պարույր Հայրիկյանի ազատազրկման ժամկետը, եւ սկսվեր աքսորի շրջանը: Սակայն, պատժաչափի ավարտից ամիսներ առաջ` 1980-ին, նրան նոր` մտացածին, այս անգամ արդեն քրեական հոդվածով մեղադրանք են առաջադրում: ՊԱԿ-ը վճռել էր, որ Պարույր Հայրիկյանն ազատ չի արձակվելու: Ազատ Արշակյանը եւ Աշոտ Նավասարդյանը որոշում են, որ չեն կարող մնալ ազատության մեջ, եթե իրենց ընկերոջը սպառնում են նոր դատապարտում ու նոր պատժաչափ, եւ դեռ անհայտ է, թե դրան ինչ է հաջորդելու: Նրանք հրատարակում են ԱՄԿ պաշտոնաթերթ «Փարոս»-ի հերթական` 4-րդ համարը, բայց ի տարբերություն նախորդ թերթերի ու թռուցիկների` այս համարի տակ ստորագրում են: Սա միակ դեպքն է, երբ ընդհատակյա գործունեություն ծավալած մարդիկ ստորագրում են իրենց պատրաստած թերթի կամ թռուցիկի տակ։ Այդ տարիներին նման կերպ վարվում էին միայն իրավապաշտպանները։ Նրանք ստորագրում էին իրենց կողմից հրապարակված յուրաքանչյուր հայտարարության կամ նամակի տակ։ Ստորագրված փաստաթղթի հրապարակումից հետո, որպես կանոն, նրանք անմիջապես կալանավորվում եւ հսկայական պատժաչափերի էին դատապարտվում։ Թերթի ողջ խմբաքանակը տարածելուց հետո` մեկ օրինակ ձեռքներին, Արշակյանը եւ Նավասարդյանը գնում են գլխավոր դատախազություն եւ հայտարարում, որ թերթը պատրաստել ու տարածել են իրենք:

Այս արարքի համար 1981 թ. սեպտեմբերի 18-ին հրապարակված դատավճռով Աշոտ Նավասարդյանը եւ Ազատ Արշակյանը ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 2-րդ մասով եւ 67 հոդվածով դատապարտվեցին 8-ական տարի ազատազրկման եւ 3 տարի աքսորի: Սահմանված պատժի առաջին երեք տարին նրանք պետք է պատիժը կրեին բանտային ռեժիմով, իսկ մնացածը` հատուկ ռեժիմի գաղութում: Միաժամանակ, դատարանը նրանց ճանաչեց առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ: Աշոտ Նավասարդյանն ու Ազատ Արշակյանը միակ հայ քաղբանտարկյալներն են, որ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ են ճանաչվել: Նրանք ազատ արձակվեցին 1987-ին` գորբաչովյան պերեստրոյկայի արդյունքում:

Աշոտ Նավասարդյանի եւ Ազատ Արշակյանի գործով կայացված դատավճիռը

(Դատավճիռն ամբողջական է, որովհետեւ այն արտատպում ենք ոչ թե ԱԱԾ-ից ստացված, այլ Ազատ Արշակյանի անձնական արխիվում եղած օրինակից):

Գործ նո 122

1981 թ   

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

               1981 թվի սեպտեմբերի 18-ին     Երեւան քաղաքում

                            նախագահությամբ`                   Ս. Գեւորգյանի

                                   ատենակալներ`    1. Է. Ալեքսանդրյանի

                                                                  2. Մ. Առաքելյանի

                          քարտուղարությամբ`        Ն. Գալստյանի

                    մասնակցությամբ պետական մեղադրող

                             դատախազ`                     Գ. Ղամարյան

Քննության առնելով դատական դռնաբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի` Աշոտ Ցոլակի Նավասարդյանի, ծնվել է 1950թ. Երեւան քաղաքում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուսնացած, խնամքին երկու փոքրահասակ երեխաներ, ունի միջնակարգ կրթություն, անկուսակցական, դատված առաջին անգամ 1970թ. Քր. օր. 65 հոդ. 1 մասով, 67 հոդվածով երկու տարվա ազատազրկման, պատիժը կրել է, երկրորդ անգամ դատապարտվել է 1974թ. օգոստոսին ՀՍՍՀ քր. օր. 65 հոդ. 1 մասով, 67 հոդ. յոթ տարվա ազատազրկման երկու տարի ժամանակով արտաքսման, 1976թ. դեկտեմբերին վաղաժամկետ ազատվել է կալանքից, 1977թ. աշխատել է Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատում էլեկտրիկ, բնակվել է Երեւանում, Օրջոնոկիձեի պողոտա 302- բն. 6, առաջադրված մեղադրանքում իրեն հանցավոր չճանաչեց, 1981թ. փետրվարի 25-ից գտնվում է կալանքի տակ ՀՍՍՀ քր. օր. 65 հոդ. 2-րդ մասով եւ 67 հոդվածով:

Ազատ Լեւիկի Արշակյանի, ծնվել է 1950թ. Երեւանում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուսնացած, խնամքին մեկ փոքրահասակ երեխա, ունի միջնակարգ կրթություն, անկուսակցական, դատված 1974թ. հոկտեմբերին ՀՍՍՀ քր. օր. 65 հոդ. 1-ին մասով, 67 հոդվածով յոթ տարվա ազատազրկման, երեք տարի ժամանակով աքսորով, վաղաժամկետ ազատվել է կալանքից 1977թ. ապրիլին, ներկա գործով 1981թ փետրվարի 25-ից գտնվում է կալանքի տակ, մինչեւ կալանավորվելը աշխատել է «Հայառտրանսի» նո. 2 ավտոձեռնարկությունում վարորդ, բնակվել է Երեւան, Ն. Շենգավիթ 1-ն փողոց. նո. 47 առաջադրված մեղադրանքում իրեն հանցավոր չճանաչեց, ՀՍՍՀ քր. օր. 65 հոդ. 2-րդ մասով եւ 67 հոդվածով:

Դատաքննությամբ, հարցաքննված վկաների ցուցմունքներով, գործին կցված իրեղեն ապացույցներով եւ դրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերով Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան գտավ ապացուցված, որ նախկինում հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի, հակասովետական կազմակերպչական գործունեության համար դատապարտված ամբաստանյալներ Աշոտ Ցոլակի Նավասարդյանը եւ Ազատ Լեւիկի Արշակյանը, վաղակետ ազատվելով կալանքից, սակայն հավատարիմ մնալով իրենց նախկին համոզմունքներին, շարունակել են ծավալել հակասովետական, հակապետական գործունեություն՝ այդ նպատակով մղելով սովետական պետական եւ հասարակական կարգը քայքայող ագիտացիա եւ պրոպոգանդա:

1974թ. մինչեւ կալանավորվելն ու դատապարտվելը, սկսած դեռեւս 1973թ. ամբաստնյալներ Ա. Նավասարդյանը, Ա. Արշակյանը, իրենց համախոհ Պ. Հայրիկյանի հետ որոշել են վերանայել «Ազգային միացյալ կուսակցության» ծրագիրն ու կանոնադրությունը եւ նրանում պաշտպանելով նախորդ ծրագրի իդեական հիմքը, մշակել նորը: Դրանից հետո նրանք համատեղ նախաձեռնել են այդ աշխատանքը, սակայն կալանավորվելու պատճառով չեն ավարտել:

1974թ. գտնվելով կալանքի տակ եւ գաղտնի կապ հաստատելով միմիանց հետ՝ ամբաստանյալներ` Պ. Հայրիկյանի համագործությամբ մշակել են «Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) ծրագիր, կանոնադրություն եւ պարագայք, Երեւան -1974թ» վերնագիրն ունեցող հակասովետական փաստաթուղթը եւ 1974թ. նոյեմբերին ուղարկել կալանավայրից դուրս Անդրանիկ Մարգարյանին:

Ինչպես հայտնի է գործով այդ փաստաթուղթը թշնամական հարցադրումներ է պարունակում ՍՄԿԿ եւ սովետական պետության հասցեին, զրպարտչական պնդումներ, որ ՍՍՀՄ-ում հայ ազգի նկատմամբ կիրառվում են «բռնություններ», «սպիտակ ջարդ», «ցեղասպանություն» եւ կոչ՝ Հայաստանը անկախ պետություն դարձնելու ճանապարհով ազատագրելու մասին:

1977թ. գտնվելով ազատության մեջ՝ ամբաստանյալ Ա. Արշակյանը Երեւանում չբացահայտված անձից վերցրել եւ տարածելու նպատակով արտագրել է «ԱՄԿ-ի ծրագիր եւ կանոնադրություն» հակասովետական զրպարտչական փաստաթուղթը, որ կազմվել է հետեւյալ վերնագրով «Հայաստանի անկախության կազմակերպության ազգային միացյալ կուսակցությունը իր գոյության տասնամյա տարեդարձի կապակցությամբ, Երեւան 1976թ.»:

Ըստ Ա. Արշակյանի ցուցմունքի, այդ տեքստին ծանոթացել է նաեւ Ա. Նավասարդյանը, որ իր հերթին հետագայում, 1980թ. գարնանը արտագրել է այն եւ բնագիրը նորից վերադարձրել:

Այսպիսով, կանխորեն լավ ծանոթ լինելով հակասովետական այդ փաստաթղթի նոր տարբերակին աննշան կրճատումներից հետո, պահպանելով նրանում բովանդակված հակասովետական, հակապետական գաղափարները, ամբաստանյալներ` Ա. Նավասարդյանն ու Ա.Արշակյանը, սկսած 1980թ նոյեմբերից, ձեռնարկել են նրա զանգվածային տարածումը այդ նպատակով պատրաստելով «Փարոս-4 Ազգային միացյալ կուսակցության պաշտոնաթերթ»-ը:

Փաստաթուղթը պատրաստելուց հետո Ա. Նավասարդյանն ու Ա. Արշակյանը իրենց միջոցներով ձեռք են բերել «Մոսկվա» մակնիշի գործով իրեղեն ապացույց գրամեքենան եւ մեծ քանակությամբ բազմացնելով այն, 1981թ. փետրվարին տարածել են Երեւան քաղաքում Ամիրյան, Տերյան, Դեմիրճյան, Բարեկամություն, Կոմիտաս, Լենինի պողոտա եւ այլ փողոցների բնակելի շենքերի բնակիչների ունեցած փոստարկղերը գցելու ճանապարհով:

Փարոս-4 ազգային միացյալ կուսակցության Երեւան քաղաքում ազգաբնակչության շրջանում տարածված պաշտոնաթերթը իր տեքստում զրպարտչական հերյուրանքներ է պարունակում այն մասին, որ սովետական պետության պայմաններում հայ ժողովուրդը չունի քաղաքական ազատություն եւ չի կարող պաշտպանել իր ազգային շահը: Զրպարտություն սովետական պետության ազգային քաղաքականության հասցեին, ինչպես նաեւ «անկախության» համար պայքարի կոչ եւ առաջարկություն Փարոս-2 հակասովետական թռուցիկների դրույթներով ղեկավարվելու մասին:

Եթե Փարոս-4 հակասովետական թռուցիկը Փարոս-2 թռուցիկից հետո 1981թ. ամբաստանյալների միջոցով պատրաստվել եւ տարածվել է Երեւանում, ապա 1978թ. այն Պ. Հայրիկյանի համագործակցությամբ ուղարկվել է սովետական միության սահմաններից դուրս, որ նույն թվին լայնորեն օգտագործվել է «Ամերիկայի ձայն», «Ազատություն», «Բի-բի-սի» հակասովետական ռադիոկայանների կողմից Սովետական Միության դեմ քայքայիչ թշնամական կոմպանիա ծավալելու նպատակով: Դրանից բացի, նրա լրիվ տեքստը հրապարակվել է դաշնակցական բուրժուական կուսակցության «Ազդակ», «Ալիք», «Հայրենիք», «Արմենիա», «Սփյուռք» եւ այլ թերթերում:

Թեեւ ամբաստանյալներ` Ա. Նավասարդյանը եւ Ա. Արշակյանը 1974թ Քր.օր. 65 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, Քր. օր. 67 հոդվածով դատապարտվել են համանման այլ հանցագործությունների համար, սակայն ԱՄԿ նոր ծրագրի եւ կանոնադրության մշակումը, որ նրանք սկսել են դեռեւս 1973թ. եւ շարունակել, ավարտել, տարածել են մինչեւ 1981թ. փետրվարը, իր ժամանակին մնացել է անհայտ, այդ ուղղությամբ կատարված կազմակերպական ու ագիտացիոն աշխատանքի համար նրանք պատասխանատվության չեն կանչվել:

Այսպիսով, ամբաստանյալներ` Ա. Նավասարդյանը եւ Ա. Արշակյանը կատարել են հանցանք, որը նախատեսված է ՀՍՍՀ քր. օր. 65 հոդվածի 2-րդ մասով եւ 67 հոդվածով:

Ամբաստանյալներից Ա. Նավասարդյանի կատարած հանցանքը հաստատված է նախ իր անձնական խոստովանությամբ, որ Հայաստանը ՍՍՀՄ-ից անջատելու, Սովետական իշխանությունը Հայաստանում քայքայելու, թուլացնելու ու ի վերջո տապալելու, նրա փոխարեն «ազատ», «անկախ» Հայկական պետություն ստեղծելու նպատակով Ա. Արշակյանի եւ մյուս համախոհների հետ պատրաստել, պահել եւ տարածել է թռուցիկներ, որ միաժամանակ պայքարի կոչեր են պարունակել ընդդեմ ՍՍՀՄ- ի: Նա 1978թ. ըստ իր ցուցմունքների Ա. Արշակյանից ստացել, ծանոթացել եւ վերադարձրել է, իսկ 1980թ. նորից ստացել, ըստ պայմանավորվածության արտագրել եւ տարածելու նպատակով պահել է «Հայաստանի անկախության կազմակերության ազգային միացյալ կուսակցությունը իր գոյության 10-ամյա տարեդարձի կապակցությամբ, Երեւան -1976թ.», փաստաթուղթը, որը 1978 թ. ընդդեմ Սովետական միության լայնորեն օգտագործվել է արտասահմանի կողմից: Նա այդ փաստաթղթի հիման վրա 1980թ. նոյեմբերին իր ցուցմունքների համաձայն Ա. Արշակյանի հետ պատրաստել է «Փարոս-4 Ազգային միացյալ կուսակցության պաշտոնաթերթ» վերնագրով փաստաթուղթը, որը բազմացրել է եւ 1981թ. փետրվարի 24-ին տարածել են Երեւանում:

Ա. Նավասարդյանի կատարած հանցանքը այնուհետեւ հաստատված է ամբաստանյալ Ա. Արշակյանի ցուցմունքներով, որ իր հերթին ընդունեց վերը հիշատակված հակասովետական փաստաթղթերը Ա. Նավասարդյանի մասնակցությամբ պատրաստելու, պահելու եւ տարածելու հանգամանքը:

Վերջապես ամբաստանյալ Ա. Նավասարդյանի հանցանքը հաստատված է հարցաքննված վկաների ցուցմունքներով: Նրանցից քաղ. Արուսյակ Սարգսյանը, Ժենյա Սիմոնյանը, Հռիփսիմե Կարապետյանը ամբաստանյալներին առերես պնդեցին, ու 1981թ. փետրվարի 24-ին «Փարոս-4» նրանց տարածած հակասովետական թռուցիկը հանել են իրենց բնակարանի փոստարկղից եւ հանձնել պետական մարմիններին, Ա. Նավասարդյանն ու Ա. Արշակյանը ընդունեցին, որ այդ թռուցիկները տարածել են իրենք:

Ա. Նավասարդյանի հանցանքը միաժամանակ հաստատված է նրա հարազատների եւ աշխատանքային կոլեկտիվի անդամների, մնացած 15 վկաների ցուցմունքներով, որոնց նա իր զայրույթն է հայտնել Պ. Հայրիկյանին ՌՍՖՍՀ-ում դատապարտելու փաստի առթիվ եւ ազատվել է աշխատանքից այդ առիթով հակասովետական գուծունեություն իրականացնելու նպատակով:

Ամբաստանյալ Ա. Արշակյանի մեղադրանքը նույնպես հաստատված է անձամբ իր խոստովանությամբ, ամբաստանյալ Ա. Նավասարդյանի ցուցմունքներով, հարցաքննված վկաների ցուցմունքներով եւ գործի մյուս ապացույցներով:

Ա. Արշակյանն իր հերթին ընդունեց եւ հանգամանորեն ցուցմունք տվեց հակասովետական վերը նշված փաստաթղթերը կազմելուն, պահելուն եւ տարածելուն իր ունեցած ակտիվ մասնակցությունը: Բանն այն է, որ չթաքցնելով իրենց հակասովետական, հակապետական գործունեությունը, այդ նպատակով մղված ագիտացիան եւ պրոպոգանդան, ինչպես Ա. Արշակյանը, այնպես էլ Ա. Նավասարդյանը այն փորձում են բացատրել սովետական միության սահմանադրությամբ, որ միութենական հանրապետություններին իրենց ընտրությամբ թույլ է տալիս դուրս գալ ՍՍՀՄ կազմից անջատ հանրապետություն կազմելու իրավունքով: Այո, ճիշտ է, սովետական միության սահմանադրությամբ այդ իրավունքը իրոք նախատեսված է, սակայն այն նախատեսված է ոչ թե Ա. Նավասարդյանի, Ա. Արշակյանի, նրանց մի խումբ համախոհների կամ արտասահմանյան բարեկամների համար, այլ միայն միութենական հանրապետության համար որպես այդպիսին, այսինքն որպես սովետական սոցիալիստական հանրապետություն, հաղթանակած բանվոր դասակարգի եւ աշխատավոր գյուղացիության ղեկավարությամբ:

Ամբաստանյալներին պատիժ նշանակելիս կոլեգիան հաշվի առավ նրանց նախկին դատվածությունը, այլեւ ներկա վարքագիծը, որ չեն ցանկանում կանգնել ճիշտ ճանապարհի վրա, չեն ուզում հրաժարվել իրենց սխալ համոզմունքներից:

Կոլեգիան միաժամանակ գտավ, որ Քր. օր. 251 հոդվածի 1-ն կետի համաձայն ամբաստանյալներ` Ա. Նավասարդյանին եւ Ա. Արշակյանին պետք է ճանաչել առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ:

Շարադրված հանգամանքների հիման վրա եւ ղեկավարվելով Քր. դատ. օր.-ի 293-294 հոդ. քրեական գործերի դատական կոլեգիան

Վ Ճ Ռ Ե Ց

Աշոտ Ցոլակի Նավասարդյանին ճանաչել հանցավոր ՀՍՍՀ քր.օր. 65 հոդվածի 2-րդ մասով եւ 67 հոդվածով եւ ենթարկել ազատազրկման 8 (ութ) տարի ժամանակով եւ աքսորով 3 (երեք) տարի ժամանակով: Նրան միաժամանակ ճանաչելով առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ, սահմանված պատժի առաջին երեք տարին թողնել կրելու բանտային ռեժիմով, իսկ մնացած մասը հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1981թ. փետրվարի 25-ից:

Ազատ Լեւիկի Արշակյանին ճանաչել հանցավոր ՀՍՍՀ քր. օր 65 հոդվածի 2-րդ մասով, 67 հոդվածով եւ ենթարկել ազատազրկման 8 (ութ) տարի ժամանակով, 3 (երեք) տարի ժամանակով աքսորով: Նրան ճանաչելով առանձնապես վտանգավոր պետական ռեցիդիվիստ, սահմանված պատժի առաջին երեք տարին թողնել կրելու բանտային ռեժիմով, իսկ մնացած մասը հատուկ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1981 թվի փետրվարի 25-ից:

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter