HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել է ԱԺ 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը տարածել է ՀՀ ԱԺ 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը.

«Ապրիլի 8-ին կայացած հանրային քննարկման ընթացքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը»: Այն արտացոլում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները, գնահատելով նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսդրությանը և միջազգային չափանիշներին, ինչպես նաև գործընթացների հնարավոր ռիսկերը ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու տեսանկյունից։

«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է  երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ 2018 թ. նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նախընտրական և հետընտրական գործընթացները հանրապետության բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում։

Ինչ վերաբերում է կարճաժամկետ դիտորդությանը, Հայաստանում առաջին անգամ համապետական ընտրությունների ընթացքում կիրառվել է ընտրանքի վրա հիմնված դիտորդության (sample-based observation) մեթոդաբանությունը, որի շնորհիվ ընտրված տեղամասերում դիտարկված քվեարկության պատկերն արտացոլում է հանրապետության ողջ տարածքում կայացած ընտրությունների ընդհանուր պատկերը: Քվեարկության օրն «Ականատես»-ն իրականացրել է դիտորդություն ՀՀ տարածքում բաշխված 300 տեղամասային կենտրոններում (ընդհանուրի մոտ 15%-ը)՝ 575 դիտորդի ներգրավմամբ: Բացի այդ գործել է շրջիկ դիտորդների 52 խումբ, որոնք այցելել են 552 տեղամաս: Սփյուռքում գտնվող մի խումբ կամավորներ օրվա տարբեր ժամերին ստուգել են 13 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների 500 տեղամասերի տեսանկարահանող սարքերի աշխատանքը՝ պարզելու, թե որքանով է տեսանելի քվեարկության սենյակը և գնահատել տեսանկարահանման որակը:

Ընտրական գործընթացներում արձանագրված էական խախտումների հիման վրա, ընդհանուր առմամբ, կազմվել և ներկայացվել է 26 դիմում տարածքային ընտրական հանձնաժողովներ, 20 դիմում-բողոք՝ ԿԸՀ, 16 հայցադիմում՝ ՀՀ Վարչական դատարան, 4  գործով` բողոքներ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ, 4 գրավոր և բանավոր հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ ոստիկանություն: Դիմումների-բողոքների մի մասի քննությունը դեռևս ընթացքի մեջ է:

«Ականատես» դիտորդական առաքելության ընդհանուր գնահատականը 2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ ներկայացված է զեկույցում` https://bit.ly/2Uapn26 »:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։