
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 11-ին
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12:30-ին:
Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են նրա կալանքի ժամկետը երրորդ անգամ երկարացնելու և իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատախազությունն էլ բողոք է ներկայացրել որոշման դեմ՝ նրան վերագրվող կաշառքի հոդվածում հիմնավոր կասկածի բացակայության և թաքնվելու վտանգ չլինելու մասով:
Բողոքների քննությունը սկսվել է ապրիլի 4-ին:
Նշենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, փետրվարի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, բայց գտել, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ, դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:
Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի գործով» մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար:
Մեկնաբանել