HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել»

ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար։ Նման պատճառաբանությամբ պետական եկամուտների կոմիտեն կրկին մերժել է «Հետք»-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։

Մենք այդ պայմանագրերը ՊԵԿ-ից խնդրել էինք այն բանից հետո, երբ պարզել էինք, որ տնտեսվարողներին վերջին շրջանում մատակարարված ՀԴՄ սարքերը վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով։

 

Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը

 

Մասնավորապես կապվել էինք այդ սարքերը մատակարարած չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերության հետ և պարզել, որ մեկ սարքի ինքնարժեքը մոտ 90 հազար դրամ է, այն դեպքում, երբ ՊԵԿ-ը ներկայացրել է 160 հազար դրամ։

Նշենք, որ այժմ սարքերի գինը տնտեսվարողների համար 160 հազար դրամից դարձել է 60 հազար դրամ և կառավարությունը հայտարարել է, որ մնացած 100 հազար դրամը կսուբսիդավորի պետությունը։ Սակայն մեր հոդվածում հրապարակված փաստերը թույլ էին տալիս եզրակացնել, որ հնարավոր է՝ տնտեսվարողները այժմ 60 հազար դրամ վճարելու կարիք չունեն՝ ՊԵԿ-ի ենթակայությամբ գործող «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ի նախկինում կուտակած հնարավոր մեծ շահույթների հաշվին։

Հոդվածի հրապարակումից հետո «Հետք»-ը գրություն ուղարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով պարտավորեցնել ՊԵԿ-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։ Նշենք, որ միայն ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը թույլ կտան պաշտոնապես հաստատել, որ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը սարքերի իրացումից մինչ այժմ որքան շահույթ է ստացել։

Կառավարությունը մեր հարցումը մակագրել է Պետական եկամուտների կոմիտե, որի իրավաբանական վարչությունը դարձյալ չի տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։

Փաստորեն, նույնիսկ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չկարողացավ ապահովել պետական գնման հրապարակայնությունը, և տնտեսվարողները հնարավորություն չունեն տեղեկանալու, թե տարիներ շարունակ իրենց պարտադիր կերպով վաճառած ՀԴՄ-ները իրականում ինչ արժեք ունեին։

Հրապարակում ենք ՊԵԿ-ի պատասխանն ամբողջությամբ։

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հնագամանքը, որ Դիմումով խնդրարկվող տեղեկատվությունը հանդիսանում  է օրենքով պահպանվող գաղտնիք, քանի որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն իրականացվել է ՀՀ կառավարության գաղտնի որոշման շրջանակներում, հետևաբար՝  հայտնում ենք, որ այն ենթակա չէ տրամադրման:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Դիմումով խնդրարկվում է տրամադրել  վերոնշյալ պայմանագրերը, դրանում փակելով գաղտնիք պարունակող տեղեկատվության տողերը, ապա հայտնում ենք, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության առանձնացման (տողերի փակում) կամ ամբողջական տեղեկատվության մասնատման վերաբերյալ կարգավորում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, հետևաբար Դիմումով խնդրարկվող պահանջը հնարավոր չէ կատարել»։

 

Մեկնաբանություններ (2)

ՀՀ Քաղաքացի
Հարգելիներս, Խնդրում եմ մի փոքր խորը ուսումնասիրություն անել։ Նշված սարքը, որը վաճառում է PAX ընկերությունը, ընդամենը վճարային տերմինալ է։ Իսկ այն սարքերը, որոնք գործում են ՀՀ֊ում, նաև ՀԴՄ սարքեր են, ինչը ենթադրում է ապարատային և ծրագրային մեծ փոփոխություններ։ Այս դեպքում սարքի արժեքը միանշանակ ավելին պիտի լինի։
Vache
Իսկ ՀԴՄ ձեռք բերող առևտրական կազմակերպությունները կարող՞են տրամադրել պայմանագրեր իրեց կողմից վաճառվող ապրանքի գների վերաբերյալ պայմանագրեր։ Կարծիք կա,որ շատ ապրանքատեսակներ՝ հատկապես հագուստ, կենցաղային իրեր և այլն վաճառվում են ձեռք բերած գնից 300-500% բարձր գներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter