HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ասում է, թե WikiLeaks-ից է իմացել 2008-ին ՍԴ անդամի նկատմամբ ենթադրյալ ճնշումների մասին

Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման ընթացքում ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ ենթադրյալ  ճնշումների մասին WikiLeaks-ի հրապարակումներից է իմացել: Այս մասին այսօր ԲԴԽ-ի կազմավորման մեկամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Հարցին՝  Պողոսյանի նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է, Հարությունյանը նախ պատասխանեց՝ իրենից հարցրեք, իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ՍԴ նախագահը այս ամենի մասին տեղյալ չի եղել,  նշեց, թե WikiLeaks-ից է իմացել, որ ինչ- որ բան է եղել:

 «Ես տեղյակ չեմ եղել, Վալերի Պողոսյանն այդ օրը նիստի չի եկել, ներկայացվել է, որ հիվանդ է: Հետագայում, երբ այդ WikiLeaks-ի շուրջ խոսակցությունները եղան, մենք իմացանք, որ ինչ-որ բան է եղել: Ես անձամբ փորձել եմ իր հետ խոսել, ինքը պարզապես չի ուզել մանրամասներ ասել՝ նշելով, որ էական բան չկա, փակել է այդ խոսակցությունը»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Նշենք, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ հենց այս դրվագի համար էր մեղադրանք առաջադրված: Այժմ Գևորգյանը վերը նշված հոդվածով չի մեղադրվում, բայց ՍԴ անդամի նկատմամբ ենթադրյալ ճնշման դրվագը ներառված է նրա`սահմանադրական կարգի տապալման մեղադրանքում:

Հարցին՝ նախկին իշխանությունները 2008-ին փորձե՞լ են ճնշել Հարությունյանին, վերջինս նշեց, թե նման բան չի եղել:

Ինչպես հայտնի է,  «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ նրան  Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում:

Քրեական օրենսգրքում փոփոխություն է արվել, և դրա բովանդակությունը լրացվել է 2008 թվականի մարտի իրադարձություններից շուրջ մեկ տարի անց` 2009 թվականի ապրիլին և այդ ժամանակ է, որ Քրեական օրենսգրքի 300 հոդվածը վերախմբագրվել է,  օրենսգրքում ավելացվել են 300.1, 300.2 հոդվածները:

Այս փոփոխություներից հետո մեղադրող դատախազները հրաժարվել են «Յոթի գործով» անցնող անձանց` 300-րդ հոդվածի մեղադրանքից:

Քոչարյանին վերագրվող արարքը ևս 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ է, և, ըստ պաշտանների, Քոչարյանին ևս  չէր կարող վերագրվել 300.1 հոդվածով նախատեսված արարք:

Մեր հարցին` Հարությունյանն այստեղ խնդիր տեսնո՞ւմ է, վերջինս պատասխանեց, թե ինքը սահմանդրական իրավունքի մասնագետ է, այլ ոչ թե  քրեական իրավունքի:

 «Սահմանադրական իրավունքն այս հարցի վերաբերյալ ունի հետևյալ մոտեցումը. ցանկացած հարցի լուծում պետք է համապատասխանի սահմանադրական հիմնարար սկզբունքներին, եթե այդ հարցը վերաբերվում է իրավուքնների սահմանափակմանը, պետք է լինի օրենքով, համաչափ և չխաթարի իրավունքի էությունը, եթե որևէ գործողություն այս սկզբունքներին չի համապատասխանի, այդ ժամանակ գնահատական կտանք»,-հավելեց Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter