HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ում պարտված գործերով կառավարությունը կփոխհատուցի 50 200 եվրոյին համարժեք դրամ

Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված 4 գործով կփոխհատուցի 50 200 եվրոյին համարժեք դրամ։ Դիմումատուներին այս գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից։

Մասնավորապես՝ «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուներին կվճարվի 10 400 եվրո, «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 17 200 եվրո, «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 8 600 եվրո, «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 14 000 եվրո։

Այս գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել փետրվարի 14-ին, իսկ հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը մայիսի 14-ն է:

Վերը նշված գործերը վերաբերում են Թեղուտ հանքավայրի շահագործման համար օտարված հողերի գործարքին։

Գործերի փաստական հանգամանքները

Դիմումատուները Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներ են: Նրանք այս գյուղերում գտնվող վարելահողերի սեփականատերեր են եղել, որոնք հասարակության և պետության կարիքների համար օտարվել են  հանքարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով:

Մասնավորապես, 2007 թվականին կառավարությունն ընդունել է Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշում։ Դրա համաձայն, հողատարածքների ձեռք բերող է համարվել «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Դիմումատուներին տրվել է շուկայական գինն արտահայտող փոխհատուցում՝ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ: Սակայն նրանք պնդել են, որ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը հանդիսացել է իրենց եկամտի միակ աղբյուրը և օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է։

Ինչ է հայտնել ՄԻԵԴ-ը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է, որ համապատասխան օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման պայմանները հատուկ նշանակություն ունեն գնահատելու համար՝ արդյոք այդ գումարը ապահովվում է արդարացի հավասարակշռություն և այն անհամաչափ բեռ չի առաջացնում դիմումատուների համար:

Եվրոպական դատարանը համարել է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը՝ նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չհամարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկելու դիմաց։ Դատարանն ընդգծել է, որ նման իրավիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին:

Այս գործերում դիմումատուները նշել են, որ որպես ընտանիք իրենք տնտեսապես կախված են եղել խնդրո առարկա հողերից։ Այս փաստարկը չի հերքվել կառավարության կողմից:

Դատարանը հայտնել է, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը, իսկ ներպետական դատարանները հաշվի չեն առել հատկացվող փոխհատուցման վերաբերյալ դիմումատուների առարկությունը։

Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի տվյալ տարածքում գտնվող անշարժ գույքի գների համարժեք փոխհատուցում։

Դատարանը ընդգծել է, որ չի դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին:

«Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուները ստիպված են եղել առանձին ավելորդ բեռ կրել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter