HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը կփոխհատուցի 10 800 եվրո

Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով կփոխհատուցի 10 800 եվրոյին համարժեք դրամ։

Այս գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել մարտի 14-ին, հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը հունիսի 14-ն է:

«Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին

2007 թվականին կառավարությունը Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ ճանաչել է գերակա հանրային շահ և փոփոխել հողերի նպատակային նշանակությունը։ Որոշման համաձայն՝ այդ հողատարածքների ձեռք բերող է համարվել «Թեղուտ» ՓԲԸ-ն։ Դիմումատուներին պատկանող հողամասը թվարկված է այն հողատարածքների շարքում, որոնք համարվում են օտարման ենթակա գոտիներ։

Դիմումատուներն ապրում են Շնող գյուղում: Նրանց համատեղ սեփականության իրավունքով պատկանել են գյուղում գտնվող 0.373 հա և 0.448 հա վարելահողեր։ Նրանց սեփականության իրավունքով պատկանել է նաև երկրորդ հողամասի վրա գտնվող՝ 69.4 քառ. մետր տարածքով մեղվապահի տնակը:

«Թեղուտ» ՓԲԸ-ն դիմումատուներին ուղարկել է նամակ, որով առաջարկվել է գնել նրանց հողամասերը: Առաջարկվող փոխհատուցման գումարի չափը կազմել է համապատասխանաբար 183 000 և 304 000 դրամ, նաև՝ երկու հողամասերի համար գումարած լրացուցիչ 15%, ինչպես պահանջվում էր օրենքով:

Դիմումատուները չեն արձագանքել առաջարկին, քանի որ նրանց չի գոհացրել առաջարկվող փոխհատուցման գումարի չափը։

2008 թվականին «Թեղուտ» ՓԲԸ-ն դիմումատուների դեմ հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նրանց պարտավորեցնել ստորագրել պետության կարիքների համար իրենց գույքը վերցնելու մասին համաձայնագիր։ Ընկերությունն իր հայցը հիմնավորել է նաև «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի գնահատման եզրակացություններով։

Լոռու մարզային դատարանի վարույթի ընթացքում դիմումատուները պնդել են, որ իրենց հողի շուկայական արժեքը սխալ է հաշվարկվել:

Վարույթի ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացրել է դիմումատուների հողի գնահատման նոր եզրակացություն, որը կրկին պատրաստել է «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ն: Վերջինիս համաձայն՝ դիմումատուների երկրորդ հողամասի ներառյալ՝ դրա վրա գտնվող շինության շուկայական արժեքը գնահատվել է 1 728 000 դրամ։ Առաջին հողամասի մասով դիմումատուների գույքի շուկայական արժեքը գնահատվել է 189 000 դրամ: Այսպիսով, երկու հողամասերի համար փոխհատուցման վերջնական գումարներն օրենքով պահանջվող լրացուցիչ 15%-ի հետ կազմել է համապատասխանաբար 217 350 և 1 987 200 դրամ։

2008 թվականին առաջին ատյանի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի հայցը՝ դիմումատուներին տրամադրելով առաջին հողամասի համար՝ 217 350 դրամ և երկրորդ հողամասի համար՝ 1 987 200 դրամ փոխհատուցում։

Դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ 2009 թվականին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանը դիմումատուների բողոքը վարույթ չի ընդունել հիմքերի բացակայության պատճառով։

Ինչ է հայտնել ՄԻԵԴ-ը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է, որ համապատասխան օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման պայմանները հատուկ նշանակություն ունեն գնահատելու համար՝ արդյոք այդ գումարը ապահովվում է արդարացի հավասարակշռություն և այն անհամաչափ բեռ չի առաջացնում դիմումատուների համար:

Այս գործով չի վիճարկվում այն, որ դիմումատուները, ներպետական օրենքի համաձայն, իրավունք են ունեցել ստանալ լրիվ փոխհատուցում, որը ներառում էր նրանց գույքի գնահատված շուկայական արժեքը և լրացուցիչ 15 տոկոս ավելի գումար: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանները դիմումատուներին վճարման ենթակա փոխհատուցման չափը որոշել են՝ բացառապես հիմնվելով «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված գնահատման եզրակացության վրա, որն իր սկզբնական գնահատումը փոփոխել է՝ գործով վարույթի ընթացքում ներկայացնելով ուղղված եզրակացություն:

Չնայած այն փաստին, որ դիմումատուներն ունեցել են այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու հնարավորություն, սակայն պարզվել է, որ գործնականում զրկված են եղել այդպիսի հնարավորությունից, քանի որ այլ լիցենզավորված գնահատողներ հրաժարվել են իրականացնել մեկ այլ գնահատում: Ներպետական դատարանները չեն իրականացրել փորձաքննություն նշանակելու իրենց լիազորությունը՝ որոշելու համար դիմումատուների գույքի իրական շուկայական արժեքը, որը դիմումատուների պնդմամբ էականորեն ցածր էր գնահատվել:

Եվրոպական դատարանը համարել է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը՝ նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չհամարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկելու դիմաց։ Եվրոպական դատարանը նշել է, որ նման իրավիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին:

Այս գործում դիմումատուները նշել են, որ որպես ընտանիք՝ իրենք տնտեսապես կախված են եղել խնդրո առարկա հողից։ Այս փաստարկը չի հերքվել Կառավարության կողմից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի տվյալ տարածքում գտնվող անշարժ գույքի գների համարժեք փոխհատուցում։

Դատարանը ընդգծել է, որ չի դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դիմումատուները ստիպված են եղել առանձին ավելորդ բեռ կրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter