HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Ջուլիան Ասանժին. նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ բանակի զինծառայող Չելսի Մենինգի հետ «համակարգչային հաքերության նպատակով համաձայնության» գալու եւ կառավարական գաղտնի ռազմական փաստաթղթերի եւ նամակագրության գողության եւ հրապարակման համար: Դրանք վերաբերել են հիմնականում Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմական գործողություններին: ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով բրիտանական ոստիկանությունն այսօր ձերբակալել է նրան` Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ վերջին 7 տարիներին ապաստան էր գտել Ասանժը:

Ձերբակալությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Էկվադորի իշխանությունները զրկել են Ջուլիան Ասանժին քաղաքացիությունից եւ քաղաքական ապաստանի իրավունքից` հրաժարվելով այսուհետ ապաստան տալ նրան Լոնդոնում իրենց դեսպանատանը:

«Բի բի սի»-ի հաղորդմամբ` դատական նիստին, որտեղ քննվում է նրա արտահանձնման հարցը, ներկա են ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները եւ ԱՄՆ-ի շահերը ներկայացնող փաստաբանները: Ասանժի փաստաբան Բարրի Պոլակը նշել է, որ նա առայժմ ցուցմունք չի տա: Նրա խոսքով` ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադրի կյանքը վտանգված է:

Դատարանում պարզվել է, որ բրիտանական ոստիկանությունը դեսպանատուն է ժամանել ապրիլի 11-ի առավոտյան եւ Էկվադորի դեսպանի հետ զրույցից հետո ձերբակալել Ասանժին: Նրան դժվարությամբ են հագցրել ձեռնաշղթաները եւ դուրս բերել սենյակից:

Ասանժին արտահանձնելու խնդրանքը ԱՄՆ իշխանությունները ներկայացրել էին դեռեւս 2017-ի դեկտեմբերի 22-ին:

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն իր թվիթերյան տեսաուղերձում Ասանժին քաղաքական ապաստանից զրկելու մասին որոշումը հիմնավորել է Էկվադորի նկատմամբ նրա «անհարգալից եւ ագրեսիվ վարքով». «Ասանժի անհարգալից եւ ագրեսիվ վարքը, նրա բարեկամ կազմակերպությունների թշնամական եւ սպառնալից հայտարարությունները Էկվադորի հասցեին եւ հատկապես միջազգային համաձայնագրերի խախտումը հանգեցրին մի իրավիճակի, երբ Ասանժին ապաստան տալն այլեւս անընդունելի եւ անհնար էր»:

WikiLeaks-ի ղեկավարությունը Էկվադորի քայլը համարել է ապօրինի եւ նշել, որ Էկվադորի դեսպանն անձամբ է հրավիրել բրիտանական ոստիկանությանը:

Ասանժի փաստաբան Բարրի Պոլակը հույս է հայտնել, որ Բրիտանիան Ասանժին բժշկական ծառայությունից օգտվելու հնարավորություն կտա, որից նա զրկված է եղել Էկվադորի դեսպանատանը գտնվելու յոթ տարիների ընթացքում, քանի որ այս պահին նրա առողջական վիճակը լավ չէ:

Ավստրալացի Ասանժի նկատմամբ ամերիկյան իշխանությունների հետապնդումը նրա փաստաբանը համարել է «աննախադեպ ջանք` ճշմարիտ ինֆորմացիայի հրապարակման համար արտասահմանցի լրագրողին մեղադրանք առաջադրելու» համար:

Էկվադորի իշխանությունների քննադատությամբ հանդես է եկել այդ երկրի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան:

«Բի-բի-սի»-ի իսպանական ծառայության մեկնաբան Արթուրո Մունդոն Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակը համարել է Էկվադորում Ռ. Կորեայի եւ Լ. Մորենոյի միջեւ քաղաքական մրցակցության արտացոլանք: «Իրականում Ասանժը դարձավ նախորդ նախագահ Ռաֆայել Կորեայի անհարմար ժառանգությունը, քանի որ Ասանժի գործն օգնում էր Կորեային ներկայանալ առաջադեմ լիդերի միջազգային կերպարով եւ պնդել իր կառավարության անկախությունը »,- նշել է Ա. Մունդոն:  

Իսկ գործող նախագահ Լենին Մորենոն նման հետաքրքրություն չուներ, եւ Ասանժը նրա համար գլխացավանք էր դարձել:

Նյութը պատրաստվել է բրիտանական BBC-ի եւ գերմանական DW-ի (Դոյչէ Վելե) հրապարակումների հիման վրա, լուսանկարը` © Ruptly

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter