HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդանաշենցիները արտեզյան հորից ջուր են ստանում 60-ական թվականների խողովակաշարով

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչներին խմելու ջրի մատակարարումը իրականացվում է արտեզյան հորից: Մատակարարումն ու սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը: Էլեկտրական պոմպերի միջոցով ջուրը սպառողին է հասնում 5000 մ ընդհանուր երկարության խողովակաշարի միջոցով՝ 8-ժամյա գրաֆիկով:

Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի խմելաջրի ցանցի ընդհանուր երկարությունը 11 կմ է, որը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին: Տարիների ընթացքում որոշ հատվածների խողովակներ փոխվել են, սակայն, ընդհանուր վիճակը բարվոք չէ: Խողովակաշարի մի մասը ազբեստից է, և ըստ համայնքապետի պաշտոնակատարի՝ բոլորովին չի համապատասխանում ժամանակակից ստանդարտներին: Իսկ երկաթյա խողովակներն էլ փտած են և այլևս հնարավոր չէ շահագործել:

«Համայնքի միջոցներով միայն հնարավոր է վերացնել վթարները, որոնք հաճախ են տեղի ունենում: Ամեն շաբաթ մի տեղից ջուր է դուրս տալիս: Դրա պատճառով հաճախակի են ջրանջատումները, ընդհանրապես՝ անորակ է նաև մատակարարվող ջուրը, մեծ է ջրի կորուստը»,- ասում է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ այս ամենը հարուցում է բնակիչների դժգոհությունը և որպես հետևանք՝ շատ ցածր է վարձավճարների հավաքագրումը:

Վարդանաշենի համայնքապետի պաշտոնակատարը պատկան մարմիններին ներկայացրել է խմելու ջրի ջրագծի կառուցման տեխնիկական բնութագիր:

Վարդանաշենում խմելու ջրից օգտվում են 110 տնտեսություն: Ըստ ներկայացված առաջարկի, եթե 11 կմ երկարություն ունեցող խողովակաշարի 2.5 կմ հատվածը կառուցվի, որն անցնում է գյուղի փողոցներով, համայնքի խմելու ջրի հարցը մասամբ կլուծվի: Դրանով կկրճատվի ջրի կորուստը, կբարելավվի ջրի որակը, հնարավոր կլինի ավելացնել մատակարարման ժամաքանակը և վարձավճարների հավաքագրումը:

«Խմելու ջրագծի նոր ցանցի կառուցումը Վարդանաշեն գյուղի համար հրատապ լուծում պահանջող խնդիր է և ներառված է համայնքի զարգացման հնգամյա ծրագրում: Համայնքապետարանը հնարավորություն կունենա կրճատել ջրի կորուստը, որը կազմում է շուրջ 50%»,- հիմնավորված է ծրագրում:

Նախնական հաշվարկներով ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն դրամ, որի մոտ 46%-ը՝ 4 մլն 600 հազար դրամը, պատրաստ է ներդնել համայնքը: Եթե աշխատանքները մեկնարկեն մայիսի 1-ին, ապա 4 ամիս անց վերանորոգման աշխատանքները կավարտվեն:

Նշենք, որ Արմավիրի մարզպետարանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացրել 40 համայնքի 44 ծրագրային հայտ` պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: Վարդանաշեն համայնքի խմելու ջրի ցանցի վերակառուցման համար ևս հայտ ներկայացվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։