HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է իրանական ցեմենտի ներմուծման պետական տուրք սահմանել՝ տոննայի համար 22000 դրամ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հեղինակած «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել, որպեսզի տեղական արտադրողների շուկայական դիրքերը պահպանվեն։ Նախագծերը ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Նախագծերի փաթեթը նպատակ ունեն պաշտպանական միջոցառում կիրառել Հայաստանում արտադրվող ցեմենտ արտադրողների շուկայակական դիրքերը պահպանելու նպատակով»,-ասաց նախարարը։

Խաչատրյանի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում սպառված 730 հազար տոննա  ցեմենտի մեջ 180-ը եղել է ներմուծված, իսկ  550-ը՝ տեղական արտադրության։
«Մեր  վերլուծությունները ցույց են տալիս, որ ներմուծված ցեմենտի կտրուկ ավելացումը պայմանավորված է հարևան Իրանի շուկայում տեղի ունեցած փոփոխություններով, իրենց հայտնի տնտեսական իրադարձությունների պատճառով էներգոտար ճյուղերն արժեզրկվել են և մրցակցություն ձեռք բերել արտաքին շուկաներում, պատրաստի ցեմենտի գինը սահմանին 17-18 դոլարով է վաճառվում, իր էապես ցածր արժեքի պատճառով ռիսկ է նեկայացնում տեղական արտադրողների արտադրական գործունեությունը շարունակելու վրա»,-ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանն ասաց, որ տեղական շուկան պաշտապնելու նպատակով առաջարկում են կիրառել ներմուծման տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար՝ 22000 դրամ։
«Մեր կողմից առաջարկված սկզբունքն այն է, որ պետական տուրքի չափը ոչ թե բացառի իրանական ցեմենտի  վաճառքը, այն շարունակի գոյություն ունենալ և իր գոյությամբ թելադրի մրցակցային պայմաններ, որպեսզի տեղական արտադրողը նույնպես հակված լինի շարունակել ինքնարժեքի իջեցումը և իր դիրքերը շուկայում պահպանելու համար մտածի տեխնոլոգիական վերազինումների մասին, որ իր դիրքերը չկորցնի շուկայում»,-ասաց Խաչատրյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ նախկինում պետությունը յուրաքանչյուր եղանակով խոչընդոտում էր իրանական ցեմենտի ներմուծումը՝ մաքսայինում խնդիրներ առաջացնելով, քանի որ տեղական արտադրողները պնդում էին, որ իրանական ցեմենտի ներմուծման դեպքում իրենք կկանգնեն գործունեությունը դադարեցնելու ռիսկի առջև։
«Ըստ իս, ավելի կարևոր է, որ Հայաստանում ցեմենտի գինը լինի մի քանի անգամ էժան, և շինարարությունն էլ կլինի ավելի էժան, այս իմաստով կարծում եմ 22000 հազար դրամ  տուրքի գումարը պետք է վերանայվի,  այն պետք է իջեցվի, որպեսզի եկամտաբեր լինի ցեմենտ ներկրելը Իրանից, ինչը կբերի գների իջեցմանը, և  պետք է հորդորենք տեղական արտադրողներին, որ վերանայեն ցեմենտի գները, թող մեր գործարարները զգոնանան, տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում միլիոնավոր դոլարներ են աշխատել և պետք է իմանան, որ ունենք հարևան երկիր, ումից կարող ենք ներկրել  ցեմենտ, և ո՞վ է ասել, որ մենք պարտադիր ցեմենտ պետք է արտադրենք, և դրա հետևանքով մեր շինարարութունը զգալի թանկանա»,-ասաց Սարգսյանը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ կառավարությունը չի կարող գնալ նման քայլի և պետք է բացառել տեղական գործարանների փակվելն և հարյուրավոր մարդկանց առանց աշխատանքի մնալը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը վրդովվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն մոտեցումից, որ ավելի լավ է 400 աշխատող ունեցող գործարանը փակվի, բայց փոխարենը ցեմենտի գինը Հայաստանում էժան լինի։
«Էս մոտեցումը անհասկանալի է, մենք պետք է մտածենք, թե ոնց տեղական արտադրանքում մրցակցություն ապահովենք, գործընկերոջս ասածի վրա եմ զարմանում՝ 400 հոգի ունեցող գործարանը փակենք, էսօր ամեն մի աշխատուժի համար պետք է կռիվ տանք, ձեր կողմից մի անգամ գոնե մի աշխատատեղ ստեղծվե՞լ է, որ տենց հեշտությամբ ասում եք՝ փակենք, խնդրում եմ աշխատեղերի մասով նման մոտեցում չլինի, միանգամից միտքը դնում եք նրա վրա, որ փակենք, եկենք խոսենք նրա մասին, թե ոնց ուժեղացնենք, ես չգիտեմ ինչ շահադիտական պահ կա պարսկական ցեմենտ ներկրելու։ Իմ կարծիքով ընդհանրապես ոչ մի ներկրում էլ չպետք է լինի,  տեղական արտադրողները պետք է իրար մեջ մրցակցեն»,-ասաց նա։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ քննարկում են կարևոր ու ոչ միանշանակ թեմա։
«Բոլորիս համար կարևոր է, որ տեղական արտադրողներին պաշտպանենք, բայց խնդիրներին պետք է բազմակողմանի նայել, տեղական արտադրողներն էսօր փաստացի լուրջ խնդրի առջև են կանգնած, ու էս խնդիրը նոր չէ, խնդիրը լուծելու համար վիրահատական միջամտություն ենք ուզում անել, որը լավ չենք հաշվարկել, թե վերջնարդյունքն ինչ է լինելու, այո, մեր նպատակն է ներկրումը արտահանումով փոխարինելը, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի, միգուցե մենք հաշվարկ աննենք ու պարզվի, որ էժան ցեմենտով ճանապարհներ սարքելը մեր պետոթյան համար ավելի երկաաժամկետ առումով մեծ էֆեկտ է ապահովելու»,-ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հարց քննարկման ենթակա է։ 
Նախագծերի փաթեթը ընդունվեց՝ ընդգրկվելով առաջիկա քառօրյայի օրակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter