HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունն առավել քան հիմնավոր է և փաստարկված. պատասխան՝ Առողջապահության նախարարությանը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանություն պետական հանձնաժողովը պատասխան է ուղարկել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության երեկվա հայտարարությանը.  

«Ի պատասխան Առողջապահության նախարարության կողմից դեղերի զուգահեռ ներմուծման վերաբերյալ հաղորդագրությանը, որտեղ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությանը, հարկ ենք համարում նշել հետևյալը.

Հանձնաժողովը դեղերի զուգահեռ ներմուծման ոլորտում սկսել է ուսումնասիրություններ իրականացրել դեղ ներկրող ընկերությունների  կողմից ստացված դիմում- բողոքների հիման վրա։ Մասնավորապես, խնդրի հետ կապված դիմումներ են ստացվել «Վագա ֆարմ», «Էսկուլապ», «Լևոն և Լամարա», «Վիտա ֆարմ», «Թեոֆարմ» և այլ ընկերությունների կողմից: Հանձնաժողովը դիտարկել է նշված ընկերությունների կողմից մատնանշված կոնկրետ խնդիրը՝ կոնկրետ դեղերի մասով, որոնց ներմուծումը մերժվել է Առողջապահության նախարարության կողմից։ Բավականին լայնածավալ և հիմնավոր ուսումնասիրությունների արդյունքում Հանձնաժողովը փաստել է, որ այդ մերժումներն առավելապես պայմանավորված են եղել դեղերի փաթեթավորման տարբերություններով, որոնք որևէ կերպ չէին կարող ազդել դեղերի անվտանգության վրա։  Ավելին, այս մասին փաստել է հենց նախարարությունը, որի կողմից կայացված և Հանձնաժողովին տրամադրված մերժման որոշումներում որևէ տեղեկատվություն չի եղել դեղորայքի՝ լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով հիմնավորված անհամապատասխանությունների կամ անվտանգությանն առնչվող այլ խնդիրների վերաբերյալ։ 

Ի պատասխան ԱՆ այն դիտարկմանը, թե «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է դեղերի զուգահեռ ներմուծման խնդրին, դիտարկելով այն որպես դեղերի գների աճի զսպման հիմնական գործիք, թեև խնդիրը կարող է պայմանավորված լինել դեղագործական շուկայի անհամեմատ փոքր ծավալներով, դեղի պահանջարկով, շուկայում դեղերի շրջանառության վրա ավելացված արժեքի բարձր դրույքաչափով, անառողջ մրցակցային տարրերով, գների կարգավորման բացակայությամբ  և այլն», տեղեկացնում ենք. 

Նախ, տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունը Հանձնաժողովի կողմից դեղերի գների աճի զսպման գործիք համարվող զուգահեռ ներմուծումը փորձում է հակադրել ՀՀ-ում դեղերի բարձր գները պայմանավորող պատճառներին։ Առաջինն իսկապես գործիք է, իսկ երկրորդը՝ պատճառ։ Դրանք տարբեր բաներ են և տեղին չէ իրար հետ հակադրելը կամ համեմատելը։ ՀՀ-ում առանձին դեղերի բարձր գներն իսկապես կարող են պայմանավորված լինել շուկայի փոքր ծավալներով, պահանջարկով և այլ գործոններով։ Ընդ որում,  դա արձանագրվել է նաև Հանձնաժողովի ուսումնասիրություններով և, փաստորեն, նախարարությունը նույնպես ընդունում է այդ հանգամանքը։ Հենց այդ պատճառով էլ, որպես դեղերի բարձր գների խնդրի լուծում, Հանձնաժողովի կողմից առաջարկվել է քայլեր ձեռնարկել զուգահեռ ներմուծումների համակարգի լիարժեք գործառման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է նախարարության նշած անառողջ մրցակցության տարրերին և գների կարգավորման բացակայությանը, ապա հարկ է նշել՝ հանձնաժողովը մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում դեղերի շուկայում և դրանց արդյունքում մրցակցության խախտումներին առնչվող առանձին դրսևորումները չեն կարող դեղերի ամբողջ շուկայում գնագոյացման վրա ազդող էական գործոն համարվել։ Նման դիրքորոշում նախարարության ներկայացուցիչների կողմից նախկինում ևս արտահայտվել է, ինչին ի պատասխան հանձնաժողովը ընթացիկ տարվա փետրվարին  գրությամբ դիմել է՝ խնդրելով տեղեկատվություն ներկայացնել նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ, որոնք կարող են վկայել դեղերի շուկայում մրցակցության օրենսդրության խախտումների և դեղերի գների վրա դրանց բացասական ազդեցության մասին։ Սակայն նախարարության կողմից նման տեղեկատվություն հանձնաժողով չի ներկայացվել։

Ինչ վերաբերում է գների պետական կարգավորմանը, ապա, համամիտ ենք, որ այն կարող է ազդեցություն ունենալ դեղերի գնագոյացման վրա։ Սակայն,  հարկ է ընդգծել, որ, եթե նախարարությունը համոզված է և հրապարակային հայտարարում է, որ դեղերի գների պետական կարգավորումն իսկապես կարող է համարվել գների նվազման արդյունավետ գործիք, ապա դեղերի գների պետական կարգավորման գործառույթները դեռևս 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին օրենքով» վերապահված են հենց նախարարությանը և հանձնաժողովը գների կարգավորման առնչությամբ որևէ իրավասություն չունի։

Հարկ ենք համարում նաև նշել, որ հանձնաժողովը խնդիրը դիտարկում է բացառապես մրցակցության խթանման և հավասար մրցակցային դաշտի ապահովման տեսանկյունից: Սրանով պայմանավորված՝ անձնաժողովը նախ և առաջ խնդիր է տեսնում շուկա մուտքի խոչընդոտները վերացնելու տեսանկյունից, ինչին նպաստում են զուգահեռ ներմուծման համակարգի ոչ լիարժեք իրավական կարգավորումները։ Միևնույն ժամանակ, փաստ է, որ  շուկայում ազատ մրցակցությունը, մուտքի խոչընդոտների բացակայությունը և տնտեսվարողների թվի աճը որպես կանոն հանգեցնում են նաև գների նվազմանը։ Հարկ է նաև նշել, որ գործնականում հնարավոր չէր պարզել, թե մի շարք դեղամիջոցներ զուգահեռ ներկրման պարագայում շուկայում ինչ մանրամեծածախ գնով կիրացվեին, քանի որ դրանց ներմուծումը մերժել է և դրանք շուկայում չեն հայտնվել։ Հանձնաժողովի տրամադրության տակ են եղել տասնյակ  դեղերի ուղիղ և զուգահեռ ներմուծման գները, ինչի համեմատությունը ցույց է տվել, որ զուգահեռ ներմուծման գները եղել են անհամեմատ, նույնիսկ մի քանի անգամ  ավելի ցածր, ինչից կարելի է ենթադրել, որ գնային նույն համամասնությունը կարող էր պահպանվել նաև վաճառքի ժամանակ:

Տեղեկացնենք նաւ, որ բացի տնտեսվարողների կողմից ներկայացված բողոքներից, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ուսումնասիրել է նաև մի շարք դեղերի ներմուծման գները Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում, ինչի արդյունքները նույնպես ցույց են տվել, որ մեր տնտեսվարողները ի սկզբանե դեղերը ձեռք են բերում ավելի բարձր գներով, մինչդեռ առկա է հնարավորություն հենց այդ երկրներից զուգահեռ ներմուծման ճանապարհով ՀՀ ներկրել առավել մատչելի դեղորայք։

Հանձնաժողովի նպատակը այս կամ այն կառույցի կամ տնտեսվարողի գործունեությունը քննադատելը չէ, այլ ապահովելն ու նպաստելը հնարավոր բոլոր քայլերի իրականացմանը, որոնք կարող են խթանել  ոլորտում առողջ մրցակցությունը՝ ինչն էլ վերջնական արդյունքում դրական ազդեցություն կունենա թե տնտեսվարողների գործունեության, և թե վերջնական սպառողի համար։ Հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում շարունակելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներն ու համագործակցությունը՝ խնդրի կարգավորման ուղղությամբ իրավական լուծումներ գտնելու նպատակով: Միաժամանակ վստահ ենք, որ  բոլոր կողմերի աշխատանքը ուղղված է մեկ միասնական նպատակի՝ դաշտի կարգավորմանն ու առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter