
ՊՆ-ն հրապարակել է ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու նախագիծը
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու նախագիծը: Այն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում: Զորակոչային աշխատանքները կսկվեն մայիսին և կավարտվեն հուլիսին:
Ըստ որոշման՝ զորակոչի ենթակա են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Նույն որոշման շրջանակում օրենքով սահմանված ժամկետում մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Որոշման մեջ նաև նշվում է, որ զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցվելու են ճանապարհային ոստիկանության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմեր:
Զորակոչային հանձնաժողովը նախագահելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանձնաժողովի քարտուղարը՝ ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Արեն Սարգսյանն է լինելու: Հանձնաժողովում ընդգրկվելու են ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը, զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը, ոստիկաապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը (համաձայնությամբ), տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պպաիկյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, առողջապապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ որոշումը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը:
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել