HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն առաջարկում է «Լեռնային Հայաստան» զորամասին տալ մարզական ակումբի կարգավիճակ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերում՝ նախատեսելով զինվորական հաստատությունների շարքում ներառել նաև զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման պետական հիմնարկները, դրանց ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Նախագծերի փաթեթը հրապարակվել է E-draft.am կայքում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունները պայմանավորված են պաշտպանության նախարարության համակարգում գործող «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի իրավական կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ (պարտադիր կամ պայմանագրային) գտնվող և սպորտի բնագավառում հաջողություններ ունեցող անձանց մարզական ակումբում ընդգրկելու, այդ ակումբի իրավական կարգավիճակը սահմանելու անհրաժեշտությամբ:

«Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանը գործող օրենսդրությամբ ունի  զորամասի կարգավիճակ, այն իրականացնում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից արտոնյալ պայմաններով անվճար կամ զեղչված գներով հանգստի և որոշակի վերականգնողական առողջարանային գործընթաց, սակայն սահմանափակվում է հանգստյան տան մասնակցության շրջանակը քաղաքացիաիրավական հարաբերություններին:

«Ներկայումս պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության շրջանակներում ՀՀ զինված ուժերում ծառայություն են անցնում սպորտի բնագավառում առնչություն ունեցող բազմաթիվ զինծառայողներ, նրանցից շատերն ունեն լրջագույն ձեռքբերումներ: Մինչև 2017 թվականը ՀՀ զինված ուժերում գործում էր բանակի մարզական ակումբ անվանումով զորամաս, որը, սակայն, լուծարվել է՝ դրա գործունեության իրավական վիճակը հստակեցված չլինելու պատճառով»,-ասված է նախագծում:

Նշվում է նաև, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երկրների զինված ուժեր ունեն իրենց մարզական ակումբները՝ դրանցում ներառված մի շարք մարզաձևերով, որոնց հավաքական թիմերը հաջողությամբ հանդես են գալիս թե´ ներքին և թե´ միջազգային մրցաշարերում:

«ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հաստատության կարգավիճակով մարզական ակումբի ստեղծումը հնարավորություն կընձեռի այդ ներուժն ինտեգրել զինված ուժերին, կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը»,-նշված է նախագծում:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter