
Արման Մկրտումյանի առանձնատան դեպքով նախաքննությունն ավարտվել է. 3 անձ մեղադրվում է սպանության փորձի մեջ
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատանը 2018 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Այս մասին Հետքի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումյանյանը, որը գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնեց:
-Պարո՛ն Արզումանյան, Ձեր պաշտպանյալ Հովհաննես Ռիժենկոն, որին, ըստ քննությունն իրականացնող մարմնի տեղեկությունների, վնասազերծել են Արման Մկրտումյանն ու իր որդին, ցուցմունք տվե՞լ է, հայտնե՞լ է, թե ինչ հանգամանքներում է հայտնվել դեպքի վայրում:
-Այո, ցուցմունք տվել է: Ըստ իմ պաշտպանյալի՝ ինքը, գործով մյուս մեղադրյալներ Գագիկ Դանոյանն ու Մայիս Մկրտչյանը դեպքի վայր են գնացել գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով: Իմ պաշտպանյալը ճանաչել է միայն Գագիկ Դանոյանին: Ըստ Ռիժենկոյի պատմածի՝ իրենք չեն իմացել, որ տանը մարդ կա, և գործով ձեռք բերված տեսագրություններով դա հասկացվում է. Նրանք հանգիստ շրջում են բակում, նայում են՝ վառված լույս կա, թե ոչ: Նրանց վարքագիծն ամենևին չի խոսում այն մասին, որ գնացել էին ավազակային հարձակում կատարելու:
-Եթե գաղտնի հափշտակություն կատարելու էին գնում, ինչո՞ւ էին զենքեր տարել իրենց հետ:
-Ըստ իրենց պատմածի՝ զենքը տարել են, քանի որ մտածել են, որ եթե սեփական տուն է, գուցե բակում շուն լինի: Բացի այդ՝ գուցե հարևաններն աղմուկ հանեին, այդ դեպքում օդում մեկ-երկու կրակոց կարձակեին, այսինքն՝ ժամանակ կշահեին փախուստի դիմելու համար: Բայց փաստ է, որ ի սկզբանե ոչ մեկի զենքը մարտական վիճակի բերված չի եղել: Դա գործից էլ երևում է:
-Եթե զենքը մարտական վիճակի բերված չէր, ինչպե՞ս դեպքի վայրում արձակվեցին 16 փամփուշտները:
-Այն բանից հետո, երբ Հովհաննես Ռիժենկոյի և Մկրտումյանի միջև քաշքշուկը սկսվել է, այդ ժամանակ են մարտական վիճակի բերել զենքերը, բայց իմ պաշտպանյալի զենքը չի բերվել մարտական վիճակի. այդ ամենը տեսանկարահանված է:
-Ձեր պաշտպանյալին այժմ ի՞նչ հոդվածներով է մեղադրանք առաջադրված:
-Իմ պաշտպանյալին սկզբում մեղադրանք էր առաջադրված ավազակային հարձակման համար, որը կատարվել է մի խումբ անձամց կողմից, բնակարան, պահեստարան, շինություն մուտք գործելու եղանակով և ապօրինի զենք կրելը, բայց նախաքննության ավարտման ժամանակ զենք կրելու` 235-րդ հոդվածի 1-ին մասը փոխվեց 2-ի, ավելացավ նաև սպանության փորձի հոդված` 38-104-րդ հոդվածի 2-րդ մաս:
-Ի՞նչ ապացույցներ են դրված սպանության փորձի դրվագում:
-Այս գործով 7-8 ամիս ոչ մի նոր ապացույց ձեռք չի բերել: Դատողությունները, որոնք արեց նախաքննական մարմինը նախաքննության ավարտին՝ արարքը վերաորակելով և մեղադրանքը սպանության փորձով լրացնելով, որևէ նոր ապացույցի հիման վրա չի արվել: Գործի նյութերով սպանության փորձի վերաբերյալ ընդհանրապես տվյալ ձեռք չի բերվել, դա պարզապես տուժողների սուբյեկտիվ ընկալումն է:
- Ինչո՞ւ էին մեղադրյալները դեպքի վայրում այդքան կրակոց արձակել, եթե որևէ անձի սպանելու մտադրություն չի եղել:
-Այդ փամփուշտներից որևէ մեկն իմ պաշտպանյալը չի կրակել, իմ պաշտպանյալի զենքից կրակոց չի արձակվել: Կրակոցներ արձակվել են մյուս երկու անձանց կողմից, և տպավորությունը, որ ինձ մոտ է ստեղծվել, այն է, որ դրանք օդ կրակոցներ են եղել: Դեպքի վայրում պարկուճներ հայտնաբերվել են, բայց գեթ մեկ գնդակ կամ գնդակի հետք չի հայտնաբերվել. դա հենց խոսում է այն մասին, որ կրակոցները օդ են եղել:
-Նշում եք, որ ձեր պաշտպանյալի զենքը մարտական վիճակի չի բերվել: Գործով փորձաքննություն նշանակվե՞լ է՝ պարզելու` ձեր պաշտպանյալի մոտ գտնվող զենքից կրակոց արձակվե՞լ է, թե՞ ոչ:
-Այո, նշանակվել է, պարզվել է, որ այդ զենքից առհասարակ կրակոց չի արձակվել: Իրենք ասում են, որ տուժողները թույլ չեն տվել, որ պաշտպանյալս զենքը մարտական դիրքի բերի, բայց եթե թույլ տային, կբերեր և կկրակեր:
-Մկրտումյանն ու որդին ցուցմունք են տվել, որ իրենց ցանկացել են սպանե՞լ:
-Այո, նման ցուցմունք են տվել: Մկրտումյանն ասում է, որ դեպքի ժամանակ ինքը մարմնական վնաստվածք է ստացել, բայց հրաժարվել է գնալ փորձաքննության: Նա դեպքից 10 ժամ անց այցելել է բժշկի, և բժշկական հետազոտությունների արդյունքների հիման վրա, առանց նրան զննելու փորձաքննություն է անցկացվել ու պարզվել, որ նա միջին ծանրության վնասվածք է ստացել որովայնի ստորին հատվածում`կողային շրջանում:
-Արման Մկրտումյանը ձեր պաշտպանյալի հետ առերեսվե՞լ է:
-Առերեսման քննչական գործողություն եղել է, բայց իմ պաշտպանյալը հրաժարվել է առերեսումից, քանի որ մենք հասկանում էինք, որ Մկրտումյանները փորձ են անելու ավելի ամրապնդել իրենց տեսակետը, թե սպանության փորձ է եղել իրենց նկատմամբ: Մենք այսպես, թե այնպես դատարանում առերեսվելու ենք՝ ավելի հավասար պայմաններում:
-Ձեր պաշտպանյալի խոսքով` դեպքի վայրում միջադեպի մասնակիցներից ովքե՞ր են վասվածք ստացել:
-Դատելով գործից` վնասվածքներ ստացել են իմ պաշտպանյալը, Արման Մկրտումյանը, թեթև քերծվածք ստացել է նաև նրա որդին` Գոռ Մկրտումյանը, բայց, հավանաբար, իրար քաշքշելու արդյունքում:
-Ոստիկանությունը դեպքից հետո տեսանյութ էր հրապարակել, որտեղ և՛ հատակին, և՛ պատի վրա արյան հետքեր են երևում:
-Դրանք իմ պաշտպանյալի արյան հետքերն են:
-Ըստ գործի նյութերի` և՛ պատին, և՛ հատակին ձեր պաշտպանյալի արյան հետքե՞րն են:
-Դա մի քիչ խնդրահարույց է, քանի որ Մկրտումյանի, նրա որդու և իմ պաշտպանյալի արյան խմբերը նույն են, միանշանակ դատողություն չկա, թե դրանք ում արյան հետքերն են, բայց իմ պաշտպանյալը բազմաթիվ վնասվածքներ է ունեցել, մի քանի վերքեր է ունեցել գլխի հատվածում. ես համոզմունք ունեմ, որ դրանք իմ պաշտպանյալի արյան հետքերն են:
-Խոսակցություններ են շրջանառվում, որ հարձակումը կազմակերպել է «Կարամելի Հարութ» անունով հայտնի Հարություն Ղարագյոզյանը, որն այս միջադեպից գրեթե երկու ամիս անց` հոկտեմբերի 7-ին ինքնասպան է եղել:
-Գործի նյութերից չի երևում, որ կազմակերպիչը հենց Հարություն Ղարագյոզյանն է, այսինքն` միանշանակ որոշում դրա վերաբերյալ չկա, բայց մամուլի հրապարակումներից և գործի նյութերում առկա ակնարկներից կարելի է ենթադրել, որ նա է: Իմ պաշտպանյալը նման ցուցմունք չի տալիս, բայց, օրինակ, Գագիկ Դանոյանն իմ պաշտպանյալի հետ առերեսման ժամանակ հայտնեց, որ դա Հարություն Ղարագյոզյանն է: Ամեն դեպքում գործով իրավական գնահատական տրված չէ, որ հենց ինքն է պատվիրատուն:
-Իսկ ինչպե՞ս է պատվիրաատուի, նախաձեռնողի վերաբերյալ տեղեկությունը ձևակերպված ձեր պաշտպանյալի մեղադրանքում:
-Իմ պաշտպանյալը միայն Գագիկ Դանոյանին է ճանաչել: Ոչ մեկ այնտեղ չի գնացել ավազակային հարձակման, այն էլ` զենքի գործադրմամբ: Եթե այդ մարդիկ ուզեցել են ավազակային հարձակում անել, ապա անմիջապես պիտի գործողությունների անցնեին: Բայց այդ մարդիկ բակում շրջում են, այս ու այն կողմ են նայում: Եթե նրանք հարձակվելու մտադրություն ունենային, ապա առնվազն զենքերը պիտի մարտական տեսքի բերեին: Նման դեպքերում մի քիչ ավելի լավ են պատրաստվում: Մի նրբություն էլ կա. եթե նրանք գնում էին ավազակային հարձակում անելու, ապա գազային ատրճանակից չպիտի փախչեին, իսկ Գոռ Մկրտումյանի ձեռքում գազային ատրճանակ է եղել:
-Իսկ իրենք ինչպե՞ս պիտի անմիջապես հասկանային, որ ատրճանակը գազային է:
-Երբ Հովհաննես Ռիժենկոյի վրա կրակում են, հասկացվում է դա:
-Ձեր պաշտպանյալին ո՞վ է վնասվածքներ պատճառել:
-Գոռ և Արման Մկրտումյանները, հիմնականում՝ Արման Մկրտումյանը:
-Նշեցիք, որ ձեր պաշտպանյալն առերեսվել է Գագիկ Դանոյանի հետ: Ի՞նչ հակասության շուրջ:
-Իմ պաշտպանյալն անուն չէր տալիս:
-Ի՞նչ միջնորդություն եք ներկայացրել գործի նախաքննության ավարտին:
-Միջնորդություններ չեմ ներկայացրել, որովհետև համարում եմ, որ նախաքննական մարմինը կողմնակալ վերաբերմունք ունի իմ պաշտպանյալի նկատմամբ և համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր միջնորդություն աներկբա մերժվելու է, դրանք կանեմ դռնբաց դատական նիստում: Առհասարակ, ես համոզմունք ունեմ, որ սպանության փորձի մեղադրանքը մեղադրյալների արարքն ուռճացնելու և հնարավորինս ծանր որակելու միտում ուներ, և դա պայմանավորված է Արման Մկրտումյանի գործոնով՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահ: Իմ պաշտպանյալը և՛ հնարավորություն է ունեցել զենքը մարտական վիճակի բերելու, և՛ ֆիզիկապես է բավականին պատրաստված, ուստի, եթե մտադրություն ունենար սպանելու, ապա հաստատ կկարողանար մարտական դիրքի բերել զենքն ու կրակել:
-Ըստ Ձեզ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նախկին պաշտոնյա Արման Մկրտումյանին հաճոյանալու համար ինչո՞ւ պիտի գործով անցնող անձանց մեղադրանքն ուռճացվեր:
-Իսկ դատախազությունում, դատարաններում իշխանափոխությունից հետո ո՞վ է փոխվել: Ցույց տվեք մի առանցքային պաշտոն, որը փոխվել է այս ոլորտում: Մկրտումյանի կապերը դեռևս գործում են:
Մեկնաբանել