Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլը
Ապրիլի 12-ին ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ:
Ապրիլի 1-ից 12-ն անցկացված զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում: Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, կրակային տարբեր միջոցներ, հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող:
Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոք սցենար չէր մշակվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվել են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ:
Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները` ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով և զորավարժությունը ծառայել է իր նպատակին` ապահովելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը և համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել