HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Սրիկա՞ է նա, ով հայր է լինում…

Ավետիք Իսահակյանը  «Աբու-Լալա Մահարի» պոեմում այսպիսի տողեր ունի.
Սրիկա է նա, ով հայր է լինում, 
ով երանավետ ծոցից ոչնչի՝
Գոյության կոչում թշվառ հյուլեին
և գլխին վառում գեհենն այս կյանքի:

Ավետիք Իսահակյանը Հովհաննես Շիրազի համար անառարկելի հեղինակություն էր: Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, պատմում է, որ Շիրազն այրում էր իր այն գործերը, որոնք Իսահակյանի «սրտով չէին»: Սակայն «Սրիկա է նա, ով հայր է լինում» միտքը խոցել էր Շիրազին:
Եվ, ահա, Շիրազը գրում է բանաստեղծություն ու նամակով այն ուղարկում Վարպետին՝ նախապես համոզվելու, որ վերջինս չի նեղանա:
Նամակի մեքենագիր տարբերակը գրականագետ Արփիկ Ավետիսյանի (տատիկիս, հեղ.) արխիվում էր: Շիրազի նամակների ժողովածուն չի հրատարակվել. նրա նամակները՝ հիմնականում՝ անտիպ, տարբեր արխիվներում են:  
Տատիկս և Շիրազը լավ բարեկամներ էին, Շիրազն անգամ տատիկիս նվիրած բանաստեղծություն ունի՝ «Թանգարանի թանկ Արփիկին» ընծայագրով: Տատիկիս արխիվում Շիրազի այլ նամակներ էլ կան, ընդ որում, բնագրերը: Թե այս մեկն ինչպես է հայտնվել արխիվում, չեմ կարող ասել, քանի որ նամակի բնօրինակը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի պահոցում չէր, որտեղ տատիկս երկար տարիներ աշխատել է: Դիմեցի Երևանում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանին: Պարզվեց, բնօրինակն իրենց պահոցում է: Տիկին Խորենյանը սիրալիր տրամադրեց ոչ միայն նամակի բնօրինակը՝ լուսանկարելու, այլև Շիրազի ու Իսահակյանի՝ քիչ հայտնի լուսանկարներ:
Ստորև ներկայացնում ենք նամակը, որն, ի դեպ, թվագրված չէ:  

Սիրելի Վարպետ
Մի խնդրանքով գրել էի, բայց դեռ պատասխան չունիմ, վայ թե նամակը չես ստացել: Գրում եմ նորից. մի բանաստեղծություն եմ գրել, ուզում եմ տպել տալ, բայց կուզենայի իմանալ, թե դու չե՞ս նեղանա, որովհետև գրեթե կիսապարոդիա է, ահա այն՝

Սրիկա է նա, ով հայր է լինում…
                                    Ավ. Իսահակյան

Ինչքան տուն գայի՝ խոցված դառնապես,
Որդիս գառի պես իմ գիրկն էր ընկնում:
Ու մտքիս ձայնն էր դուրս թռչում սրտես.
Երանի՛ նրան, ով հայր է լինում:

Վիշտս համբույրով ցրում էր որդիս,
Բացվում էր սիրտս ու թեթևանում.
Դրախտ էր դառնում աշխարհը աչքիս,
Երանի՛ նրան, ով հայր է լինում:

Գարուն էր փռում շուրջս ծաղկավառ
Խաղընկերներով որդիս զվարթուն,
Նրանք՝ առվակներ, ես՝ ափերին ծառ,
Երանի՛ նրան, ով հայր է լինում:

Երբ կյանքս իջավ խորը ծերություն,
Հողս ներխուժեց հին ոսոխն արթուն,
Բայց ելավ որդիս, դուրս վանեց նրան.
Երանի՛ նրան, ով հայր է լինում:

Ու երբ իմ գլխին մահվան բուն վայեց,
Մի բուռ հող դարձա՝ թողած երգ ու տուն.
Հանգչող օջախս որդիս վառ պահեց,
Օ՛, սրիկա է, ով հայր չի լինում:

Ահա. այս ամենավերջին տողի համար վայ թե նեղանաս, եթե ոչ՝ խնդրում եմ գրես, որ այստեղ տպել տամ: Ճիշտն ասած՝ ես այն կարծիքին եմ, որ անկարելի բան էր, որ նեղանայիր, բայց այստեղի իմ կիսածանոթներն ասին, որ կնեղանա, հենց նրա համար, որ ինքը ասել է՝ սրիկա է նա, ով հայր է լինում, իսկ դու ասում ես՝ սրիկա է նա, ով հայր չի լինում: Բացի այդ՝ նա քո մասին ասում էր, որ Շիրազը դեռ հեղհեղուկ է թե՜ որպես մարդ, բնավորություն, թե՜ որպես պոետ…
Սիրելի Վարպետ, ճիշտն ասած, ես հավատում եմ այդ կիսածանոթներին, բայց կարծում եմ, որ թույլ կտաս, որ տպեմ այս երգը. դրանով ոչ թե քեզ եմ վիրավորում, այլ նրանց, ովքեր չոր գլուխ են և ծաղկելով՝ հենց թփի վրա չորանում են, աշնան ոտքի տակ ընկնում՝ առանց որևէ պտղի…Բացի դրանից՝ դու քո Վիգենով (Իսահակյանի որդին- Լ.Ա.) քեզ «ջրել» ես, ու կարծում եմ էլի, որ չես նեղանա, քանի որ անցավոր պտուղ էլ ես տվել…
Խնդրում եմ շտապ գրես, զի ուզում եմ քանի այստեղ եմ՝ Լենինականում, տպեմ: Երևանում վայ թե չտպեն, իսկ այստեղ ավելի զգացում կա, այստեղ հրապարակախոսությունը քիչ է, հույզն ու շունչն են, որ գնահատում են այստեղի ընթերցողներս…


Ես իմացա, որ եղել ես այստեղ, քեֆեր ես արել ու գնացել: Ես էլ ուզեցի ելնել սարերը, բայց ահա, իջնելով Արխվալիից (Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի հին անվանումը- Լ.Ա.)՝ հիվանդացա ու քիչմ հիվանդ եմ, մրսած եմ, ջերմ… Միաժամանակ խնդրում եմ միջամտես, խոսես հայրորեն, ինչպես միշտ ես խոսել, և լիտֆոնդը մի քիչ օգնություն անի. այստեղ քրոջս մոտ եմ. նա ևս վշտալի դրության մեջ է: Ինձ հարկավոր է լավ, ուժեղ սնունդ, մինչդեռ…չոր հացն է միայն կերս:

Ես գրել էի Աբովին, բայց դեռ պատասխան չունեմ…Եթե հնարավոր է, թող փող ուղարկեն կամ նյութական ուրիշ օգնություն անեն: Նվարդ Թումանյանը (Հովհ. Թումանյանի դուստրը- Լ. Ա.) խոստացավ ինձ տանել Դսեղ, բայց ահա երկար սպասում եմ նրան, բայց նա ոչ լուր է տալիս, ոչ էլ երևում, որ գնանք Լոռի, ուր գուցե մի քիչ ապաքինվեմ…

Բայց ես նեղացած եմ, որ Ռուբենի (ենթադրաբար՝ Ռուբեն Զարյանի- Լ. Ա.) դեմ ելույթ չունեցար: Գիտեմ, որ հոգուդ մեջ համաձայն չես նրա «մարգարեությունների» հետ: Դեմիրճյանը խոսեց, բայց քո մի խոսքն անգամ ուրիշ կլիներ: Ինչևէ:

Համբուրում եմ հայրական լուսե ճակատդ՝ սպասելով: Գրիր այս հասցեով՝ «Բանվորին»…Կամ մեկի միջոցով ՝ էլի «Բանվորի» խմբագրություն:

                                                                                  Քո՝ Հովհաննես Շիրազ

 

Գլխավոր լուսանկարում՝ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը, 1940 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter