HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդեն լուսանում է… կհանդիպենք ապրիլի 18-ին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտում

Յուրաքանչյուր բարի, արդար նախաձեռնության հիմքում միշտ ՍԵՐՆ Է: Շարունակում եմ գրել «Կին-Աղջիկը  կամ երջանկությունը բանտում»  գիրքը: Ահա, թե ինչպես սկսվեց մեր ճանապարհը դեպի …

«Արդեն լուսանում է…

Ես այնտեղ եմ, որտեղ Լույսն ու խավարը նույն տեղում են: Կարծում եք՝ այդպես չի՞ լինում: Մեր արևը մարդկության պատմության ընթացքում իրականում երբեք չի խավարել` այն միշտ արձակել է իր կենարար լույսը: Պարզապես, երբ մենք մեր մոլորակի հետ արևին մեջքով ենք շրջվում, չենք տեսնում այն, կամ այլ մոլորակ է հայտնվում արանքում…

Լույսը միշտ կա, իսկ խավարը ժամանակավոր է»:

Այս տողերով եմ սկսել նոր գիրքը, ու իսկապես այստեղ հայտնվելուս առաջին իսկ օրվանից հավատացել եմ, որ Լույսը միշտ կա, իսկ խավարը ժամանակավոր է:

Ուժս, հավատս հազարապատկվում են, երբ տեսնում եմ, թե ինչպես է Զարուհին, Սիրով լցված, հավատալով Մարդկանց բարությանը ու Արդարության վերականգմանը` անկոտրում շարունակում պայքարել, որ մեր երկրում օրենքի առաջ բոլորը լինեն հավասար` առանց խտրականության` հարուստ, թե աղքատ, ազդեցիկ, թե ոչ, պրոֆեսոր, թե բանվոր:

Ստանում եմ ձեր բոլոր արձագանքները, նամակները, նայում եմ արդար դատաքննության և իմ ազատություն վերադառնալու համար կազմակերպված ստորագրահավաքների տեսագրությունները Երևանում, Գյումրիում, Վանաձորում:

Գիտեմ, որ մեր ստորագրահավաքին կամավորներ են արձագանքել տարբեր մարզերից. Գեղարքունիքում միայն 1000-ից ավելի ստորագրություն է հավաքվել: Իսկ ընդհանուր առմամբ, արդեն մոտավորապես 4000 մարդ միացել է` նշելով անձնագրային կամ անձը նույնականացնող տվյալներ: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց քաղաքներում, գյուղերում, որպես կամավորներ, ստորագրահավաքներ են կազմակերպել ու ստորագրել հանուն մարդու իրավունքների իրագործման, արդար դատի, անօրեն, անարդար դատավճռի վերանայման, գործի վերաբացման, ազատություն վերադառնալու օրենքների կիրառման:

Գիտեմ նաև, որ շատ գրքեր են վաճառվել ստորագրահավաքների ընթացքում: Ինչպես նախորդ հոկտեմբերին, այնպես էլ հիմա Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի՝ իմ ռուսերեն թարգմանության վաճառքի գումարը փոխանցում ենք վիրավոր զինվորների կենտրոն: Այս անգամ էլ նույն նպատակի համար փոխանցել ենք 47 գրքի վաճառքից գոյացած գումարը:

Արդար դատաքննությունը յուրաքանչյուր իրավագիտակից քաղաքացու պահանջն է: Որևէ մեկը, որևէ երկրում չի կարող 100 %-ով ապահովագրված լինել դատական համակարգի դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ արված սխալներից: Որևէ քաղաքացի չի կարող ապահովագրված լինել, որ ինքը կամ իր հարազատը չի ընկնի անփույթ կամ հանցագործ ոստիկանի, քննիչի, դատախազի կամ դատավորի ձեռքը: Հետևաբար, արդար դատաքննությունը հասարակության խնդիրն է:

Որոշել ենք ստորագրահավաքի ավարտ հայտարարել առաջիկա կիրակին, իսկ ապրիլի 18-ի առավոտյան ստորագրությունները կհանձնվեն կառավարություն: Լավ կլինի, եթե ստորագրողները կարողանան ներկա լինել կառավարության դիմաց: Նույն օրը՝ ապրիլի 18-ին, կարող ենք հանդիպել Շենգավիթի դատարանում, որտեղ վիճարկում ենք մեր ընտանիքի անդամների մի շարք սահմանադրական հիմնարար իրավունքների խախտման փաստով քրեական գործ չհարուցելու քննիչի որոշումը:   

Մեկնաբանություններ (2)

Անուշ Հովհաննիսյան
Հանուն ՄԱՐԴՈՒ իրավունքների արժե ու պետք է անել ամեն հնարավորը և անհնարինը։
Նարինե Պետրոսյան
Որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի՝ միմիա՚յն արդարադատություն եմ պահանջում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter