Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու երկկողմ ձգտումը շատ լավ մթնոլորտ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահի խոսքով, երկու երկրների միջև տարեցտարի աճում է ապրանքաշրջանառությունը, մեծանում է ռուսական կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը, ավելի բազմազան է դառնում հումանիտար համագործակցությունը:
Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալը նշել է, որ 2008 թվականին Հայաստան կատարած իր նախորդ այցից հետո՝ անցած չորս տարիների ընթացքում, հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի սերտացել և ջերմ են դարձել: Դրանք, Վիկտոր Զուբկովի խոսքով, ամրապնդվել են նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստան կատարած պետական այցով:
Վիկտոր Զուբկովը հավաստիացրել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ աշխատանք են իրականացնում այդ փոխայցելությունների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների տված հանձնարարականների կատարման ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Երևանում:
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցության զարգացումը գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել