
Աքորիի դպրոցում կաթվածահար վիճակ է. դասերն անհապաղ չվերսկսելու դեպքում երեխաները կմնան նույն դասարանում
Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչները շարունակում են իրենց բողոքը: Ուսումնական պարապմունքներն այստեղ դեռևս չեն վերսկսվում: Այսօրվա դրությամբ դպրոցի աշակերտների բացակայությունը կազմում է 170 ժամ, դասերը անհապաղ չվերսկսվելու դեպքում աշակերտների բացակայությունը կհատի 200 ժամի սահմանը, իսկ այս դեպքում 350 աշակերտ, ըստ օրենքի, սահմանված կարգով կմնա նույն դասարանում:
Փետրվարի 3-ին ուսուցիչները և աշակերտների ծնողները կրկին ցույցի են դուրս եկել Աքորիիում: Դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանը իր անվտանգությունն ապահովելու համար ոստիկանություն է հրավիրել դպրոց: «Ոստիկանները մեզ հետ շատ բարեկիրթ են վերաբերվել, նրանք ուղղակի հետևում էին ցույցի ընթացքին»,- ասաց դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Սիմոնյանը:
Ցույցի ժամանակ Անահիտ Մուսայելյանը «Աքորու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Սեդա Խլոպուզյանին ազատել է աշխատանքից և լուծել 31.05.2006թ.-ի թիվ 3` գործատուի հետ կնքած նրա աշխատանքային պայմանագիրը:
Անահիտ Մուսայելյանը նույն հրամանով լուծել է նաև դպրոցի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Վալերիկ Սիմոնյանի աշխատանքնային պայմանագիրը: Նա աշխատանքից ազատելու որոշում է կայացրել դպրոցի տնտեսվարի, հաշվապահի և գրադարանավարի համար, սակայն հետո փոշմանել և չեղյալ է հայտարարել իր որոշումը:
Տնօրենի աշխատանքային գործունեության առաջին հրամանները Անահիտ Մուսայելյանը ուսուցչանոցի հայտարարությունների տախտակին փակցրել է 2 ոստիկանների ուղեկցությամբ:
Ի պատասխան տնօրենի գործողություններին` դպրոցի արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողովը տարածել է հայտարարություն` ի գիտություն բոլոր պետական կառույցների և պետական այրերի, հասարակության ամենալայն շերտերի:
Հայտարարության տակ ստորագրած մանկավարժական կոլեկտիվի 32 անդամներ հայտարարել են. «Մեր պայքարն արդար է, որի համար չենք երկնչում ցանկացած պատիժ կրելուց, հայտնում ենք, որ ներքոստորոգրյալ որևէ անձի նկատմամբ ցանկացած պատիժ (նկատողություն, վարչական տույժ կամ աշխատանքից հեռացում) կիրառելու դեպքում, այդ պատիժը պետք է կիրառվի այս ցուցակի մնացած բոլոր անդամների վրա, քանի որ բոլորս գտնվում ենք իրավական նույն կարգավիճակում»:
Հայտարարության մեկ օրինակը բողոքի կազմակերպիչները փետրվարի 3-ին ուղարկել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Փետրվարի 6-ի դրությամբ դպրոցի տնօրենի և ուսուցիչների հարաբերությունները շարունակում էր մնալ լարված: Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի կողմից դպրոցում ոստիկանների հսկողություն էր սահմանված:
Այս կապակցությամբ «Հետքը» Անահիտ Մուսայելյանին մի քանի հարց ուղղեց:
-Ինչպե՞ս եք գնահատում դպրոցում ստեղծված իրավիճակը, և, Ձեր կարծիքով, ո՞րն է դրա պատճառը:
- Ուսուցիչները պահանջում են, որ ես ինքնակամ հրաժարվեմ: Իրենք մեկնաբանում են, որ արդարություն են պահանջում, անարդար ընտրություն է եղել: Ես մեկ անգամ ևս ասում եմ, եթե անարդար ընտրություն է եղել, թող դիմեն դատարան, թող դատարանը որոշի` արդար, թե անարդար է անցել ընտրությունը:
- Քանի՞ աշակերտ է այսօր դասի եկել:
-Ես հիմա հստակ չեմ կարող ասել, որովհետև աշակերտներ կային, ովքեր դպրոց եկան 2-րդ ժամից, աշակերտներ կային, ովքեր տեռորի ենթարկվեցին ծնողների կողմից: Ծնող կար, ով ահաբեկվելով` իր 2 երեխայի ձեռքից բռնած հեռացավ դպրոցից: Ես չեմ կարող ասել, թե քանի աշակերտի հետ է դաս պարապվել, որովհետև ցուցակները ինձ մոտ չեն: Մենք ունենք 351 աշակերտ, ինձ թվում է` այսօր դպրոց է հաճախել 20 աշակերտ: Ես կոնկրետ տվյալներ հիմա չունեմ, բայց կարող եմ ձեզ ներկայացնել: Դաս են պարապել 6 ուսուցիչներ: Որովհետև մեզ մոտ արտակարգ իրավիճակ է, ես նույնպես դաս եմ պարապել:
-Դուք 20 տարվա մանկավարժ եք, հունվարի 26-ից պաշտոնավարում եք էքստրեմալ վիճակում և չեք կարողանում դպրոցական կյանքը դնել բնականոն հունի մեջ, ո՞րն եք համարում ելքը:
-Ես մտածում եմ, որ ի վերջո պետք է վերջակետ դրվի: Չեմ կարող ասել ինչ ձևով, բայց ինչ-որ ձևով պետք է վերջակետ դրվի: Ես մտածում եմ, որ ես, լինելով ներողամիտ մարդ, անգամ այս ծանր պայմաններում, ուզում եմ հաշտության եզրեր գտնել կոլեկտիվի հետ: Ես ընդունում եմ իրենց բոլոր պայմանները, բացի մեկ պայմանից, որը վերաբերում է իմ «անարդար» ընտրությանը: Ես անարդար ձևով չեն ընտրվել և միանշանակ ասում եմ` ես արդար եմ ընտրվել:
-Դուք համաձայն չե՞ք լինի, որ նորից անցկացվի ընտրություն:
-Գիտեք ինչ, ես ընտրված տնօրեն եմ: Ես ինչո՞ւ պետք է ապացուցեմ, եթե համաձայնեմ նոր ընտրության, դուրս կգա, որ ես արդար չեմ ընտրվել:
Աքորիի դպրոցում արդեն իսկ անկառավարելի վիճակ է: Դպրոցի գրեթե բոլոր ուսուցիչները գտնում են, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ: «Հետքը» կրկին դիմեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Վերջինս խիստ զայրացած էր: «Հենց այս պահին փորձում ենք օրինական ճանապարհով լուծել խնդիրը: Արդեն աշակերտների բացակայությունը հասել է 170 ժամի: Ես ստիպված եմ ավտոբուսներով գյուղի աշակերտներին տեղափոխել քաղաքի դպրոցներից մեկը՝ դասերի մասնակցելու համար»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Մի՞թե Անահիտ Մուսայելյանի` դպրոցի տնօրեն աշխատելը ավելի կարևոր է, քան 351 աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների անդորրը, հարցրի մարզպետին: «Կարևոր չէ, սակայն պետք է օրենքը գործի»,- ասաց մարզպետը: Այդուհանդերձ, Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ փետրվարի 7-ին վերջնականապես կլուծի Աքորիի դպրոցի տնօրենի և աշակերտների ուսումնական պարապմունքների վերսկսման խնդիրը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել